
Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

Գերմանիան մեծացնում է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն:
«Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն:
Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից:
Խոսքը վերաբերում է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: