Բազմաթիվ խնդիրներ պետք է լուծվեն՝ ապահովելու համար թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր․ ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ՀՀ «2022 թ. ներդրումային միջավայրը» զեկույցը

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը միջազգային հեղինակավոր վարկանիշներում հետևողական առաջընթաց է գրանցել, որոնք ցույց են տալիս երկրի գործարար և ներդրումային միջավայրը»,-այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած «2022 թ. ներդրումային միջավայրը» վերտառությամբ զեկույցում։

Նշվում է, որ Հայաստանում առկա են ԱՄՆ-ի զգալի ներդրումային նախագծեր, որոնցից առավել ուշագրավ են ContourGlobal ընկերության Որոտանի հիդրոէլեկտրական կասկադը և Lydian International-ի ի ջանքերը՝ ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ուղղությամբ: «ԱՄՆ ներդրողները բանկային, էներգետիկ, դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում, ի թիվս այլոց, մուտք են գործել կամ ակտիվներ են ձեռք բերել Հայաստանում»,-ասված է Պետքարտուղարության տարածած տեքստում։Ըստ զեկույցի՝ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին, երկրի օրենսդիր դաշտը և պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը, սակայն ներդրումային միջավայրը զուրկ չէ մարտահրավերներից։

«Խոչընդոտների շարքին են դասվում Հայաստանի շուկայի փոքր չափը, հարաբերական աշխարհագրական մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, օրենքի գերակայության և դատական համակարգի թուլությունները և կոռուպցիայի ժառանգությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը ցածր է։

Հայաստանը սկսել էր ուժեղ վերականգնում 2020 թվականի խորը ռեցեսիայից մինչև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ներդրումը։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականին հասել էր 5% հինգ տոկոսի և ակնկալվում էր, որ 2022 թվականին կշարունակի աճել առնվազն 5%-ով: Պատերազմի և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումն այժմ 1%-ից մի փոքր ավելի է։ 2015թ. մայիսին Հայաստանը Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Այս համաձայնագիրը ստեղծում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների խորհուրդ՝ երկկողմ առևտրի և ներդրումների և դրանց հետ կապված հարցերի քննարկման համար: 2015 թվականից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մաքսային միություն, որը Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը միավորում է միասնական ինտեգրված շուկայի մեջ։

2017 թվականի նոյեմբերին Հայաստանը ստորագրել է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մասամբ ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը», – ասված է զեկույցում։

Ըստ դրա, Հայաստանը քիչ սահմանափակումներ է դնում օտարերկրյա վերահսկողության և մասնավոր սեփականության և հաստատության նկատմամբ իրավունքների նկատմամբ:

«Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում բիզնես շահեր ունենալու, հիմնելու կամ տնօրինելու իրավունքի սահմանափակումներ չկան։ Բիզնեսի գրանցման ընթացակարգերը հիմնականում պարզ են։ Ըստ օտարերկրյա ընկերությունների, առողջ կանոնակարգերը, քաղաքականությունը և օրենքները երբեմն խաթարվում են այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են անկախության, կարողությունների կամ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը առանցքային հաստատություններում, հատկապես՝ դատական համակարգում»,-ասված է զեկույցում։

Պետդեպի համաձայն, Հայաստանը իշխանության դրամատիկ փոփոխություն ապրեց 2018 թվականին, երբ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդը իշխանության եկավ հակակոռուպցիոն «հարթակից»: ԱՄՆ Պետքարտուղարությունը հիշեցրել է նաև պատերազմից հետո տեղի ունեցած ընտրությունները և իշխանության վերընտրությունը՝ ակնհայտ քաղաքական աջակցություն հայտնելով ՀՀ իշխանություններին։

«Կառավարությունը շարունակում է առաջ մղել տնտեսական և հակակոռուպցիոն բարեփոխումները, որոնք բարելավել են բիզնես միջավայրը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, սակայն մի քանի ձեռնարկություններ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի լայն բարեփոխումներ են անհրաժեշտ՝ այս ձեռքբերումներն ապահովելու համար:

Չնայած որոշ ոլորտների բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը որպես ներդրումային ուղղություն, ներդրողները պնդում են, որ բազմաթիվ խնդիրներ դեռևս մնում են և պետք է լուծվեն՝ ապահովելու համար թափանցիկ, արդար և կանխատեսելի բիզնես միջավայր: Մի շարք ներդրողներ մտահոգություն են հայտնել մասնավոր հատվածի և կառավարության միջև երկխոսության որակի վերաբերյալ: Ներդրողները նաև նշել են այն խնդիրները, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաների՝ իրենց առջև ծառացած խնդիրները արագ լուծելու կարողությանը:

Երկրի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային վեճը զգալի միջազգային ուշադրություն է գրավել և մի քանի տարի անց շարունակում է մնալ էական»,-ասված է զեկույցում։

Պետդեպի այս ուսումնասիրությունը բաղկացած է 14 մասից։

Հրապարակման պատրաստեց 168․am-ը

Տեսանյութեր

Լրահոս