«Արդյոք մենք այդքան ֆինանս այս պահին ունե՞նք, որ մոտակա տարիներին ակադեմիական քաղաք ստեղծենք». Ռադիկ Մարտիրոսյան
«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք:
Այսօր Կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնում՝ ժամանակակից, վիրտուալ, սոցիալական ու ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությամբ:
«Ակնկալվում է, որ համալիր միջոցառումների արդյունքում Հայաստանում օտարերկրյա ուսանողների ներկայիս թիվը (շուրջ 7600) կկրկնապատկվի»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
168.am-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը խոսելով ակադեմիական քաղաք ստեղծելու ԿԳՄՍ նախարարության նախագծից՝ նշեց, որ գաղափարը լավն է, եթե կարողանան կյանքի կոչել։
«Եթե ակադեմիական քաղաքը լավը լինի իր ինֆրակառուցվածքով, սարքավորումներով, ֆինանսավորումով, իհարկե կնպաստի գիտության զարգացմանը։
Ամբողջ հարցն այն է, թե արդյոք մենք այդքան ֆինանս այս պահին ունե՞նք, որ մոտակա տարիներին ակադեմիական քաղաք ստեղծենք, կամ էլ մոտակա տարիներին կունենա՞նք»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը։
Հարցին՝ բացի ֆինանսական կարողություններից, նաև երիտասարդ գիտնականների արտահոսքը երկրից խնդիր չի՞ ստեղծի այդ քաղաքը ստեղծելու համար, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց.
«Ամեն ինչ այնպես պետք է անեն, որպեսզի ամեն ինչ համապատասխանի ավանդույթներին և հեռանկարներին։
Ակադեմիական քաղաք ստեղծելու վերաբերյալ, տեղյակ չեմ, ԳԱԱ-ի հետ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ։ Անձամբ ինձ հետ որևէ քննարկում, խորհրդակցություն չեն ունեցել, ինձ նման խորհրդակցության չեն հրավիրել։ Ես դժվարանում եմ ասել, թե այդ ծրագիրը երբ կյանքի կկոչեն, տեղյակ չեմ՝ ինչ մասշտաբի ծրագիր են կազմել»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյան։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա մարտից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԿԳՄՍ նախարարություն, խոսել էր նաև ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի մասին։
«Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է, բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով՝ ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, այս հայտարարություններից հետո տարբեր բուհեր մտավախություն հայտնեցին, որ հնարավոր է՝ նախագծով փակվեն, և այդ փոփոխության անվան տակ բուհերի շենքերն օտարվեն: իսկ բուհերի հատկապես դասախոսական կազմի մտավախություններն անհիմն չէին, 2021 թվականի մարտի 28-ին քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հանրապետության բուհերում կան բազմաթիվ խնդիրներ, ուստի դրանք լուծելու համար իրենք ունեն այսպիսի գաղափար՝ «Երևան քաղաքից բոլոր կամ եթե ոչ բոլոր, առնվազն բուհերի մեծամասնության շենքերը, քանի որ գտնվում են կենտրոնում, հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք»։ Հետագայում, իհարկե, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցազրույցներից մեկում փորձել էր շտկել Փաշինյանի հնչեցրած միտքը, թե՝ «Վարչապետի ասածը շատ պարզ, անկեղծ միտք է եղել, գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում. նման հարց բացարձակապես չի քննարկվել, չի քննարկվում ու կարծում եմ՝ չի քննարկվի»:
Այսօր հայտնի դարձավ, որ գաղափարը կյանքի կոչելու գործադիրի մտադրությունը չի փոխվել, մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը Կառավարության հերթական նիստում հաստատվեց: