Հետաքրքիր զարգացումներ՝ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի որդու քաղաքացիական գործով
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Ստեփան Միքայելյանի անունը վերջին ժամանակահատվածում բավականին հաճախ է հայտնվում լրատվամիջոցների էջերում: Տևական ժամանակ նրա անունը շրջանառվում էր՝ կապված ԲԴԽ նախկին նախագահներ Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի սկանդալային զրույցի ձայնագրության հետ՝ որպես նշված հանդիպման կազմակերպիչ:
Պարզվում է, սակայն, Ստեփան Միքայելյանի որդու՝ Կարո Միքայելյանի հետ կապված բավականին ուշագրավ քաղաքացիական գործ կա՝ ոչ պակաս հետաքրքիր զարգացումներով:
168.am-ի տեղեկություններով՝ մինչև 2019 թ. հուլիս ամիսը Կարո Ստեփանի Միքայելյանը զբաղեցրել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Նրա հաստիքը կրճատվել է 10.07.2019թ.:
Կարո Միքայելյանին առաջարկվել է այլ աշխատանք՝ 300 000 ՀՀ դրամ աշխատավարձով, ինչից նա հրաժարվել է, ապա իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է:
2019թ. սեպտեմբերից Կարո Միքայելյանի և ընկերության միջև սկսվել է քաղաքացիաիրավական վեճ (գործ թիվ ԵԴ/30480/02/19): Ընկերության դեմ Կարո Միքայելյանի կողմից ներկայացված հայցի գործով քննությունը դատարաններում այնքան է ձգձգվել, որ արդյունքում 1.600.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող հայցվորի հայցված հարկադիր պարապուրդի գումարը հասցվել է մոտավորապես 60 միլիոն ՀՀ դրամի և շարունակում է աճել:
Իսկ նման մարտավարությունը կարող է արդարացված լինել միայն այն պարագայում, երբ կա թե գործի քննության ձգձգումն ապահովելու երաշխիք, թե գործի դրական ելքն ապահովելու երաշխիք:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ 13.09.2019թ. Կարո Միքայելյանը Ընդհանուր իրավասության դատարան առաջին հայցադիմումն ուղարկել է փոստով, որը դատարան է ստացվել 08.09.2019թ.:
25.09.2019թ. դատարանի կողմից կազմվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, որն ուղարկվել է 06.10.2019թ.: Այդ որոշումն ուղարկվել է փոստով, և հայցվորը այն չի ստացել մի քանի անգամ, ծրարի վրա առկա է նշում «չպահանջված»։ 31.10.2019թ. հայցը վերադարձնելու մասին որոշումը Կարո Միքայելյանը դատարանից ստացել է առձեռն։
04.11.2019թ. նա ուղարկել է երկրորդ հայցադիմումը, որը 06.11.2019թ. մուտք է եղել դատարան։
12.11.2019թ. հայցադիմումը կրկին վերադարձվել է դատարանի կողմից փոստով։ 21.11.2019թ. Կարո Միքայելյանը փոստով ստացել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, ապա 25.11.2019թ. ներկայացվել է երրորդ հայցադիմումը։
Առավել հետաքրքրական իրավիճակ է, սակայն, այս առումով տեղի ունեցել արդեն վճռաբեկ ատյանում:
01.09.2021թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2021թ. որոշման դեմ Կարո Միքայելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը, քանի որ բողոքին կցված չեն եղել բողոքի պատճենը` գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ հանձնելու մասին ապացույցները, և վճռաբեկ բողոքի օրինակը պարունակող էլեկտրոնային կրիչը:
Եթե հաշվի առնենք, որ բողոք բերող անձը եղել է ընկերության իրավաբանական բաժնի պետը, փաստաբան է, ապա պարզ է դառնում, որ այս ամենը պատահական լինել չի կարող:
Կարո Միքայելյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը, կրկին հետաքրքիր զուգադիպությամբ, վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի կողմից, ինչը հազվադեպ երևույթ է:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում, օրինակ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում Կարո Միքայելյանի կողմից իբրև օրինակ մատնանշվել է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումը, կատարվել են մեջբերումներ այդ որոշումից այն ժամանակ, երբ այդ որոշումը դեռ հրապարակված չի եղել ու կողմերին առաքված չի եղել Վճռաբեկ դատարանի գրասենյակից: Նման զուգադիպություն, թերևս, հնարավոր էր միայն այն դեպքում, որ Ստեփան Միքայելյանի որդին տիրապետեր Վճռաբեկ դատարանի ներքին տեղեկատվությանը:
Այս գործն այնքան է աչք ծակել համակարգում, որ տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել դատավորների շրջանում, գործին անգամ անուն է տրվել՝ «Ստյոպի գործ»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործը ժամանակին հայտնվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ ուշադրության կենտրոնում, սակայն պարզ չէ՝ ինչ ընթացք է ունեցել այդ հետաքրքրությունը: