«Եթե որևէ դեպք պատահի ինձ ու իմ ընտանիքի անդամների հետ, կլինի վթար, վրաերթ, կամ աղյուս կընկնի իմ գլխին, կգտնեք մեղավորներին». Ռուբեն Վարդազարյանը սկանդալային ձայնագրություն է հրապարակում
Այսօր 2022 թ. հունիսի 16-ին տեղի ունեցած՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)` լիազորությունները կասեցված նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստի ժամանակ արձանագրված խնդիրների, վարույթին առնչվող տեղեկությունների վերաբերյալ ասուլիսով հանդես եկան Ռուբեն Վարդազարյանն ու վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ նիստին ներկա չէին ոչ Ռուբեն Վարդազարյանը, և ոչ էլ Արամ Օրբելյանը: Ավելին, Արամ Օրբելյանը երկու միջնորդություն էր ներկայացրել՝ վարույթը կարճելու և այսօրվա նիստը հետաձգելու մասին: Երկու միջնորդություններն էլ Խորհուրդը մերժել էր:
Արամ Օրբելյանն ասուլիսի սկզբում նկատեց՝ իրենք մի շարք ֆունդամենտալ խնդիրներ են արձանագրում այդ գործընթացի հետ կապված:
«Առաջինը Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումն է: ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն այս խախտումը վերացնել, եթե կգտնի, որ վերսկսելու և դատաքննությունը նորից իրականացնելու անհրաժեշտություն կա: ՀՀ որևէ դատական ատյանում ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկը բացակա լինի նմանատիպ գործով, խնդրի հետաձգել, և գոնե առաջին անգամ չհետաձգվի»,- ասաց Արամ Օրբելյանը:
Նրան խոսքով՝ նիստի օրը Ռուբեն Վարդազարյանը եղել է վատառողջ, և վերջինն ուներ միայն մեկ ներկայացուցիչ՝ ինքը՝ Օրբելյանը: Ըստ Ռուբեն Վարդազարյանի՝ ինքը Կապանում 3 դատական նիստեր ուներ, չէր կարողանալու ներկայանալ վարույթին և ԲԴԽ-ին խնդրել էր այդ հիմքով հետաձգել վարույթի քննությունը:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանը փորձում է պարզել չներկայանալու պատճառը, և որպես կանոն՝ մինչև դա պարզելը դատական գործընթացը չի շարունակվում: Այս դեպքում նման հարցադրում չի եղել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ սա արհեստական դատական գործ չէր, ձգձգելու ցանկություն չկար, իրականում ներկայացվել էր միջնորդություն նիստը մի քանի օրով հետաձգելու համար:
Երրորդ խնդիրը, որի վրա Արամ Օրբելյանն ուշադրություն հրավիրեց, վարույթը կարճելու մասին իր միջնորդությունն էր: Ինքը պնդում է՝ վարույթը ոչ իրավասու մարմնի կողմից է հարուցվել, սակայն ԲԴԽ-ն նաև այս միջնորդությունն է մերժել:
«Օրենքն ասում է՝ մինչև համապատասխան դատական նիստը 10 օր առաջ պետք է նյութերը տրամադրեն ԲԴԽ անդամներին: Դատական նիստը նշանակվել է մինչև 10-օրյա ժամկետի լրանալը: Ակնհայտ շտապողականություն եմ տեսնում: Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են, այսինքն՝ որևէ որոշում ընդունելու խնդիր չկա: Ես ունեմ ենթադրություն՝ ինչու են շտապում: Վաղը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստի օրակարգում ներառված է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Դատական օրենսգրքի» մի շարք հոդվածների սահմանադրականության հարցի որոշման հարցը: Դա այն որոշումն է, որով կարգապահական պատասխանատվության ենթարկելու շեմը 7 և 6 ձայնից իջեցվեց 5-ի: Եթե նույնիսկ այս տեսանկյունից դիտարկենք, ԲԴԽ միակ տրամաբանական գործողությունը կլիներ՝ սպասել ամսի 21-ին»,- ասաց Արամ Օրբելյանը:
Նա նաև նկատեց՝ իրենք միջնորդել են նիստը հետաձգել, և նիստին Ռուբեն Վարդազարյանի ներկայությունն ունի զրո նշանակություն, որովհետև անձնական մասնակցությունն այստեղ պարտադիր չէ:
«Եթե քրեական գործ չէ, որտեղ ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է, կողմը ներկա չի գտնվում, որպես կանոն: Բայց սա մի կողմ: Նիստին մասնակցող 3 դատավոր խնդիր են տեսել Վարդազարյանին հարցեր տալու: Սակայն նույնիսկ այս պարագայում ժամանակ չեն տալիս, չեն հրավիրում: Այսինքն՝ ստացվում է, որ ԲԴԽ-ն հնարավորություն չի տալիս իր անդամների մի մասին առնվազն ուղղակի որոշում ընդունելու համար պարզել էական հանգամանքները»,- ասաց Արամ Օրբելյանը:
Ռուբեն Վարդազարյանն իր խոսքի սկզբում կարևորեց ՍԴ-ում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դիմումի քննությունը, որով քննվում է այն օրենքի այն դրույթի սահմանադրականության հարցը, որը ցանկացած ելքի դեպքում կիրառվելու է:
«ՄԻՊ-ը գտել է, որ նվազագույն շեմը 7-ից մինչև 5 ձայնի իջեցնելը սահմանադրականության խախտում է: Եթե ես լինեի ԲԴԽ նախագահ կամ լիիրավ անդամ, կառաջարկեի իմ գործընկերներին, որ կամ կասեցվի գործի վարույթը, կամ առնվազն ողջամիտ ժամկետով հետաձգվի, մինչև ՍԴ որոշումը ստանալը»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով՝ դրանից է կախված իր ու մյուս դատավորների վերաբերյալ քննվող նիստերի ճակատագիրը:
Մինչ Ռուբեն Վարդազարյանը կներկայացներ իր դիրքորոշումը, թե ինչով է պայմանավորված ԲԴԽ-ի շտապողականությունը, ինչու է պետք պարտադիր մեկ նիստով ավարտել, ինչու և ում է ինքը խանգարում ԲԴԽ-ում, և ինչու իր ներկայությունն այս փուլում ցանկալի չէ, Արամ Օրբելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները:
«Երկու դիմում եմ ներկայացնելու Դատական դեպարտամենտին՝ պարզելու համար՝ երբ են գործի նյութերը տրվել Դատարանի անդամներին, և խնդրել եմ ներկայացնել այն որոշումը, որտեղ անդրադարձել են հավելյալ ժամանակ տրամադրելուն»,- ասաց Արամ Օրբելյանը:
Հաջորդիվ Ռուբեն Վարդազարյանն ասաց՝ ինքն ապացույց ներկայացնելու իրավունք ունի, որից զրկվել է:
«Մենք պլանավորել էինք, ԲԴԽ նիստի ընթացքում, երբ ես ու Արամ Օրբելյանը ներկա կգտնվեինք, միջնորդել դռնփակ դատական նիստ անցկացնել: Ես պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն: Իմ այդ իրավունքից ես զրկվել եմ: Այդ իսկ պատճառով հիմա ես կհրապարակեմ այդ ձայնագրությունը, և դուք կհամոզվեք՝ որոնք էին այն դրդապատճառները, թե ինչու եմ ես դարձել թիրախ, ինչու է քաղաքական որոշում կայացրել, որ Ռուբեն Վարդազարյանը չաշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ մինչ ձայնագրությունը միացնելը նշելով, որ սա իր կյանքի ամենաբարդ որոշումներից մեկն է եղել:
Նա նկատեց՝ 1.5 տարի ինքն այս ձայնագրությունը չի հրապարակել այն պարզ պատճառով, որ սպասել է՝ ԲԴԽ-ն այնքան ողջամիտ կլինի, որ ծայրահեղ քայլի չի դիմի:
«Չեմ ուզել այս ձայնագրությունը հանրայնացնել, սակայն այն ցինիզմը, որ տեղի ունեցավ ԲԴԽ նիստի ընթացքում, ինձ թույլ է տալիս այսօր հրապարակել այն: Ավելին, նախաքննական մարմնին եմ զգուշացնում, որ ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով: Ես շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման, և ուզել եմ ձայնագրվի մեր զրույցը: Խոսքը 2021թ. փետրվարի 20-ի մասին է: Ձայնագրության բնօրինակը և ձայնագրող սարքը ՀՀ-ում չեն, մեր տանը չեն, իմ ամառանոցում չեն: Այնպես որ, քրեական գործի հարուցումը և դրանց բնօրինակը փնտրելը որևէ արդյունք չեն տալու, և եթե որևէ դեպք պատահի ինձ ու իմ ընտանիքի անդամների հետ, կլինի վթար, վրաերթ, կամ աղյուս կընկնի իմ գլխին, կգտնեք մեղավորներին»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ ներողություն խնդրելով ձայնագրության մեջ հնչող ոչ եթերային բառապաշարի համար:
Ըստ նրա՝ ձայնագրությունը 2 ժամ 40 րոպե տևողություն ունի, սակայն ներկայացվելու է միայն 14 րոպե հատված, որը վերաբերելի է հենց այս իրավիճակին: Ձայնագրության մեջ զրուցում են Ռուբեն Վարդազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:
Ձայնագրության մեջ Ռուբեն Վարդազարյանին Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ անձի անունից առաջարկում է ինքնակամ հեռանալ:
«Լսի, ես ոչ գլխավոր դատախազ եմ, ոչ էլ: Ես Ջհանգիրյանն եմ ու քեզ՝ որպես Վարդազարյան Ռուբիկ, ասում եմ՝ տենց բան չկա: Մի քրեական գործ ա: Իմ համար հազարն էլ ա մեկ, մեկն էլ: Չեմ թողել՝ երկրորդը, երրորդը հարուցվի»,- ասում է Ջհանգիրյանը:
Վարդազարյանի դիտարկմանը, թե եթե չկան այդ գործերը, ուրեմն Ջհանգիրյանն այնքան հզոր է, որ կարողանում է գլխավոր դատախազին կառավարել, վերջինս պատասխանում է՝ Ջհանգիրյանը նախագահ էլ է կառավարել:
«Հիմա ի՞նչ են ուզում, որ ես իմ ընկերներին դավաճանե՞մ, չեն անի: Ես ի՞նչ եմ ասել, ասել եմ՝ սա իմ ընկերն է, նա իմ ընկերն»,- ասում է Վարդազարյանը, ինչին Ջհանգիրյանը հակադարձում է՝ «ինչի քեզ դրա համար ե՞ն բան ասել, տո լավ է»:
Ապա Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ որոշումն արդեն կայացած է:
«Էս մարդկանց որոշումը կայացված է: Ես քեզ էդ եմ ասում: Մի թարսվի: Ընկերական: Հաշվի՝ դու ինձ տղա ես: Պրոբլեմ պետք չի սարքել հիմա: Պատճառ չկա, եկել ա քո դասախոսը, ուրիշ պատճառ դու մի ման արի»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը՝ պնդելով՝ Վարդազարյանի դեմ գործընթացը կկանգնեցվի, հարուցված այլ գործեր չեն լինի, ինքը դա երաշխավորում է:
Ջհանգիրյանը խորհուրդ տվեց նաև մտածել ապագայի մասին:
«Դու երեխեք ունես: Քանի սաղ ենք, ես ու Ստեփանը գարանտ ենք: Ժամանակն արդեն տվել ենք, անցնելուց հետո ես էլ բան չեմ կարա անեմ: Ես ինչ կարացել, արել եմ, որ դու քո դեմքը պահես… Քո ասած ժամկետից հետո իմ համար անհնար կլինի: Էլ ինձ չեն լսելու: Էդ ժամկետը որ դու ասել ես, էդ մարդը կտրուկ դեմ է եղել, ես եմ խնդրել, համաձայնեցրել: Որոշումը քոնն ա: Բայց ես չեմ ուզում մեզ մոտ սարքել ՍԴ-ի սիտուացիան: Ես չեմ վախացնում»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը:
Ռուբեն Վարդազարյանն արձագանքում է՝ բայց նման է սպառնալիքի:
«Է՜ դե լավ էլի..»,- պատասխանում է Ջհանգիրյանը՝ շեշտելով՝ ամեն ինչ Վարդազարյանից է սկսվել՝ հայտարարություններ անելով, ասուլիսներ տալով:
Ռուբեն Վարդազարյանի հարցին՝ Ջհանգիրյանի ինչին է պետք այս ամենը, վերջինս պատասխանում է՝ ինքը չի ուզում Ռոբերտ Քոչարյանը հետ գա:
«Եթե ես իմանամ՝ Վանեցյանն ա գալու, Ղազինյանն ա գալու, գնամ կանգնեմ կողքները: Սերժն էլ չի գալու, դաշնակներն ու ինքն են գալու»,- եզրափակում է Գագիկ Ջհանգիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում