Ադրբեջանը ռազմական ուժ է ավելացնում, որպեսզի գործողություններ սկսի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ. Բենիամին Պողոսյան

«Խաղաղության ցանկացած պայմանագիր անխուսափելիորեն բերելու է Արցախի եթե ոչ՝ ամբողջական, ապա՝ էական հայաթափման»,- այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցին, ներկայիս փուլում ԱՄՆ հետաքրքրությանը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Արցախյան հիմնահարցին, Խաղաղության համաձայնագրին ու Արցախի կարգավիճակի հարցին:

Բենիամին Պողոսյանը փորձեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պասիվությունը համեմատել ներկայումս ցուցաբերվող հետաքրքրվածության ու ուշադրության հետ:

Նա նշեց, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահի հետ, և համեմատելով պաշտոնական հաղորդագրությունները՝ կտեսնենք, որ նրանք գրեթե նույն հարցերն են քննարկել՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Խաղաղության հնարավոր պայմանագիր և աջակցություն, այսպես կոչված, խաղաղության գործընթացին:

«2020 թվականին վիճակը լրիվ այլ էր՝ ԱՄՆ-ը զբաղված էր նախագահական ընտրություններով, և այն ժամանակ գործող նախագահի համար թիվ մեկ խնդիրն իր վերընտրվելն էր, և արտաքին քաղաքականությունն իրեն քիչ էր հետաքրքրում, առավել ևս՝ Կովկասն ու Հայաստանը, որի տեղը քարտեզի վրա Թրամփը նույնիսկ չգիտեր էլ: Իսկ ընդհանուր Արևմուտքը պայքարում էր կորոնավիրուսի ու համավարակի դեմ, դեռ պատվաստանյութեր ևս չկային:

Կարդացեք նաև

Երկրորդ՝ 2020 թվականի պատերազմը ռեգիոնալ ինչ-որ գործընթաց էր մաքսիմում, իսկ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ մենք ունենք Արևմուտք-Ռուսաստան, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-Ռուսաստան պատերազմ, որը տարբեր ուղղություններով է ընթանում՝ Ուկրաինայում տաք պատերազմ է, շատ այլ տեղերում՝ հիբրիդային, հասկանալի է, որ ամերիկացիների հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ մի փոքր տարածաշրջանայինից վերածվել է աշխարհաքաղաքական գործոնի:

Ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական նպատակը հետխորհրդային բոլոր տարածքներում ՌԴ ազդեցության թուլացումն է, դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին: Որքանով ես եմ պատկերացնում, նրանք փորձում են հասկանալ, թե հարավկովկասյան երկրներից որն ինչով կարող է իրենց օգնել Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար: Չնայած ինձ թվում է՝ իրենք էլ են հասկանում, որ այս ուղղությամբ Հայաստանից առանձնապես շատ բան չի կարելի սպասել, պարզապես Հայաստանին ընտրության առջև կանգնեցնելն անիմաստ է: Եթե ուղղակի Հայաստանին հարց տան, թե ԱՄՆ-ի հե՞տ է՝ ընդդեմ Ռուսաստանի, թե՞ Ռուսաստանի, պատասխանն ակնհայտ է, որովհետև եթե Հայաստանը պատասխանի, որ ԱՄՆ-ի հետ է՝ ընդդեմ ՌԴ-ի, ապա շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կարող է շատ արագ նաև չլինել: Հետևաբար՝ նաև նման ուղղակի հարցադրում դժվար թե արվի, բայց անուղղակի ակնարկներ կան, թե ինչքանով եք Դուք պատրաստ աջակցել տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացմանը»,- պարզաբանեց Բենիամին Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Խաղաղության օրակարգին կամ ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին, ապա, ըստ վերլուծաբանի, ԱՄՆ-ը ենթադրում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն Արցախի կարգավիճակի շուրջ, ապա դա էականորեն մեծացնում է 2025 թվականի նոյեմբերից հետո Արցախում ռուս խաղաղապահների չլինելու հավանականությունը: Իսկ  այդ պայմանավորվածությունը, ըստ նրա, կարող է լինել բացառապես լավագույն դեպքում մեզ համար Արցախին ֆորմալ մշակութային ինքնավարության տրամադրմամբ, չնայած դա ևս կասկածելի է, որն էլ իր հերթին՝ շատ արագ բերելու է Արցախի հայաթափման, բայց սա հարցի մյուս կողմն է:

«Իսկ ամերիկացիները չեն թաքցնում, որ իրենք ռուսներին խաղաղապահներ չեն համարում, որովհետև իրենք ասում են, որ չունեն միջազգային մանդատ, և միայն 3 պետությունների ղեկավարների ստորագրված հայտարարությամբ ուժերը չեն դառնում խաղաղապահ: Եթե խաղաղապահ չեն, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ են: Ամերիկացիներից մենք «օկուպացիոն ուժեր» բառակապակցությունը չենք լսել, բայց ադրբեջանցիներն ինտենսիվ դրա մասին խոսում են: Հետևաբար՝ ԱՄՆ տրամաբանությամբ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը միտված կարևոր քայլերից մեկն ամեն ինչ անելն է, որպեսզի 2025 թվականի նոյեմբերին ռուս խաղաղապահներն Արցախից հեռանան: Դրան հասնելու առավել արդյունավետ միջոցը, ըստ ամերիկացիների` Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումն է Արցախի կարգավիճակի շուրջ ինչ-որ փոխպայմանավորվածությամբ»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ ամերիկացիներն ասում են, թե ռուսները պետք է Ադրբեջանից դուրս գան 2025 թվականի նոյեմբերից հետո, հասկանալի է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի այլ միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայման, դա պարզապես բացառված է։ Եթե 2025 թվականից դուրս են գալիս խաղաղապահները, իսկ նոր խաղաղապահներ չեն տեղակայվում, առավելագույնը, որ ամերիկացիները մեզ կարող են առաջարկել, այն է, որ իրենք ԵՄ-ի հետ միասին կփորձեն ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այնտեղ ապրող հայ բնակչությանը չսպանեն, չկոտորեն ու վիրտուալ իրավունքներ տան:

Նրա խոսքով՝ սա առավելագույնն է, որ մենք կարող ենք ակնկալել:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության դիրքորոշումներին, ապա, վերլուծաբանի պատկերացմամբ, ՀՀ կառավարությունը փորձում է ակնարկել, որ, այո՛, տեսականորեն իրենք կհամաձայնեն տեսնել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, բայց ակնարկն այսպիսին է, որ դա պետք է լինի դե յուրե Ադրբեջանի կազմում, իսկ դե ֆակտո փաստացի անկախ պետություն, որովհետև Կառավարությունն էլ է ասում, որ այնտեղ պետք է մշտապես տեղակայված լինի խաղաղապահ առաքելություն, անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն միջազգային, և այլն:

«Այսինքն՝ այն, ինչին Ադրբեջանն է պատրաստ իր ակնարկներում՝ լավագույն դեպքում ձևական մշակութային ինքնավարություն և այն, ինչ մեր Կառավարությունն է ակնարկում, այն է, որ  կարող է ընդունել ինքնավարություն միջազգային երաշխիքներով, որն ինչ-որ տեղ կարող է լինել դե յուրե Ադրբեջան, դե ֆակտո անկախ ԼՂ․ բավականաչափ տարբեր բաներ են, և այստեղ մի փոքր բարդ է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր այս երկու մոտեցումներն այնքան իրար մոտեցնել, որպեսզի կարողանանք ստորագրել Խաղաղության պայմանագիր: Իսկ որքան ես եմ հասկանում, դժվար թե ստորագրվի Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիր, որտեղ չպետք է ֆիքսվի ԼՂ կարգավիճակ»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ Ադրբեջանը պատրաստ է առաջարկել նաև երկրորդ տարբերակ՝ Ադրբեջանում ակնարկում են, որ կարող են տեղական ինքնակառավարման բարեփոխումներ անել և ընդհանրապես հավելյալ իրավունքներ տալ տարբեր շրջաններին, մարզերին և դրանով ոչ թե մշակութային ինքնավարություն լինի, այլ բոլոր մարզերը կստանան հավելյալ իրավասություններ՝ ինքնավարության որոշակի աստիճան, դրանով էլ նաև ԼՂ շրջանը կունենա ինչ-ինչ արտոնություններ:

«Ադրբեջանի մեկ առաջարկը ձևական մշակութային ինքնավարությունն է կոնկրետ ԼՂ-ի համար, առավելագույնը կամ ընդհանրապես ՏԻՄ բարեփոխումներ՝ որոշակի լիազորությունների փոխանցում մարզպետներին, և այդ համատեքստում բոլոր շրջանները կունենան արտոնություններ, այդ թվում՝ ԼՂ շրջանը»,- ասաց նա՝ շարունակելով, որ շրջանների ղեկավարները պետք է նշանակվեն Ադրբեջանի նախագահի կողմից, գուցե ԼՂ-ի դեպքում բանավոր պայմանավորվածությամբ շրջանի ղեկավարը լինի հայ:

Հարցին, թե այս տարբերակների դեպքում անվտանգային ի՞նչ երաշխիք կարող է գործել արցախահայության համար, Պողոսյանը պատասխանեց, որ երկու տարբերակում էլ միջազգային երաշխիքներ չեն լինի:

«Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեն՝ Արցախից կհեռանան, եթե կան մարդիկ, որ գնալու տեղ չունեն, ոչ էլ միջոց ունեն, այդ մարդիկ ինչպե՞ս կարող են գնալ, երկու պարագայում էլ դա շատ արագ կհանգեցնի Արցախի եթե ոչ՝ ամբողջական հայաթափման, ապա՝ բնակչության բազմակի նվազմանը, այսինքն՝ Արցախում կմնան միայն այն հայերը, որոնք պարզապես ֆինանսապես ու ֆիզիկապես չեն կարող հեռանալ Արցախից»,- ասաց Պողոսյանը: Նա նաև գտնում է, որ ձևական ինքնավարության տարբերակը, որը հանգեցնելու է Արցախի շատ արագ հայաթափման, վատ է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար, որովհետև ռուսներն էլ գիտեն, որ հենց հիմա Ադրբեջանն Արևմուտքի հետ իր բանակցություններում հայտարարում է, որ ռուսներն օկուպանտներ են և հորդորում են Արևմուտքին ազատել իրենց ռուս օկուպանտներից:

Ռուսները, ըստ Պողոսյանի, բնականաբար, սա շատ լավ գիտեն, ու նրանք Արցախից հեռանալու ցանկություն չունեն:

«Դա նշանակում է, որ ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրն ավելի է մեծացնում Արցախից իրենց հեռանալու հավանականությունը: Պարզ է, որ Ադրբեջանը, առաջին հերթին՝ Արմուտքը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն դա օգտագործելու են, որպեսզի ՌԴ-ին դուրս հրավիրեն Արցախից, հակառակ պարագայում կհամարեն օկուպանտ: Եթե կա խաղաղության համաձայնագիր, ապա ի՞նչ են անում ռուսները, եթե չեն օկուպացնում»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ գրեթե վստահ է, որ ներկայումս Ադրբեջանը նաև Ռուսաստանի հետ է բանակցում խաղաղապահների տեղակայման պայմանների շուրջ:

Քաղաքագետն ասաց, որ եթե Հայաստանի շահը նրանում է, որպեսզի Արցախը չհայաթափվի, իսկ Խաղաղության ցանկացած պայմանագիր անխուսափելիորեն բերելու է Արցախի հայաթափման, և եթե ընդունենք, որ Հայաստանի շահն Արցախի չհայաթափումն է, ապա թերևս առնվազն ներկայիս փուլում Խաղաղության համաձայնագրի չստորագրումը բխում է մեր շահերից և համընկնում է Ռուսաստանի շահերի հետ:

Նրա գնահատմամբ, խաղաղության դարաշրջանի մեկնարկը քիչ հավանական է: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ առիթ է փնտրում Հայաստանի վրա հարձակվելու համար:

«Ադրբեջանն ինտենսիվորեն ավելացնում է իր ռազմական ուժը պատերազմի ժամանակ գրավված տարածքներում՝ հատկապես Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում, որպեսզի հնարավորության դեպքում լայնածավալ ռազմական գործողություններ սկսի դեպի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր: Ադրբեջանը դրան պատրաստվում է, բայց հնարավորությունը կլինի՞, թե՞ ոչ, շատ բարդ է ասել: Առնվազն երեք մարզեր գրավելու ակնկալիքով դա չեն թաքցնում»,- ասաց Պողոսյանը:

Սրան զուգահեռ՝ ըստ նրա, ոչ Ադրբեջանը, և ոչ էլ ՀՀ միջազգային գործընկերները երաշխիք չեն տալիս, որ եթե Արցախը հանձնենք, հայաթափենք, Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում խնդիրներ չենք ունենա:

Հետևաբար, նա ընդգծեց, որ պետք չէ առաջ շարժվել հայտնի կկվի մասին առակով:

Ըստ նրա՝ «Արցախը տամ, գոնե Սյունիքն ու Վայոց ձորը պահեմ» տրամաբանության դեպքում ադրբեջանցիները կհասնեն Երևան, ընդ որում՝ դա էլ չեն թաքցնում:

«Հետևաբար՝ եթե մենք հրաժարվենք Արցախից, որպեսզի պահենք Սյունիքը, ապա պետք է հրաժարվենք Սյունիքից, որ պահենք Վայոց ձորը, հետո կհրաժարվենք Վայոց ձորից, որ պահենք Երևանը, հետո կհրաժարվենք Երևանից, որ գոնե Գյումրին մնա, որտեղ ռուսական բազա կա, ադրբեջանցիներին թույլ չեն տա: Տրամաբանությունը, որ «Արցախը տանք՝ փորձենք ապրել», ոչ մի երաշխիք չունի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս