Բաժիններ՝

Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցը կվերակառուցվի

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերնորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսվող լայնածավալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միությունը:

Հաղորդվում է, որ ճամբարի տարածքում կառուցվելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղավորելու հնարավորությամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր սրահներ և լսարան:

Նախօրեին միության նախագահ Զավեն Հանջըյանի ու վերջինիս տիկկնոջ հետ «Քամփ Արմենի» տարածք են այցելել, Գեդիկփաշայի բողոքական եկեղեցու հիմնադրամի ներքո գործող Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտները:

Հանջըյանը նշել է, որ «Քամթ Արմենի» համար միավորվել են հայ կաթոլիկ, բողոքական ու ուղղափառ համայնքները ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ այստեղ «Քամփ Արմեն» անվանը համապատասխան տեղ լինի»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար:

Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

1980թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը հնարավոր եղավ դադարեցնել:

175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:

2017-ին Ստամբուլի քաղաքային խորհուրդը հավանություն էր տվել ճամբարի վերակառուցմանը: 2021-ի հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրն էլ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս