Կարեն Անդրեասյանը հրավիրված չի՞ եղել, թե՞ անտեսել է հրավերը. մի «գեներալական ուսադիրների թրջման» պատմություն
Հուլիսի 4-ին Նիկոլ Փաշինյանն իրեն մատուցած անգնահատելի ծառայությունների համար Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին, վերջինիս ծննդյան 36-րդ տարեդարձի նախօրեին, շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում: Կապիտանից գեներալ անհավանական թռիչքի պատճառներին 168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր:
Բնական է, որ այդ երկու նշանակալից առիթները չնշվել չէին կարող։
Սերգեյ Ատոմյանն իր ծննդյան օրը նշելու և գեներալական ուսադիրների «թրջման» ծեսը կատարելու համար մեծ տոնական խնջույք էր կազմակերպել, որն անց էր կացվել դեպի Աշտարակ տանող ճանապարհի սկզբնամասում գտնվող «Ուռենի» ռեստորանում։
Քրեակատարողական ծառայության և «Ուռենի» ռեստորանային համալիրի՝ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ամբողջապես տղամարդկային հավաքույթ է եղել, կանայք ներկա չեն գտնվել։
Սերգեյ Ատոմյանի կրկնակի ուրախությունը նրա հետ միասին կիսել են քրեակատարողական հիմնարկների պետերը, ՔԿԾ բաժնի պետերը, Ատոմյանի արտաշատցի «զեմլյակները», Ազգային ժողովի պատգամավորներ և Քրեակատարողական ծառայության պետի սրտի նախարարը։
Խնջույքի ընթացքին և այլ մանրամասներին անդրադառնալու կարիք չկա. շատ ուրախ է անցել, մարդիկ կերել, խմել, հավեսով քեֆ են արել։
Բայց ուշագրավն այն է, որ ներկա չի եղել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
168.am-ը բազմիցս է անդրադարձել այն հանգամանքին, որ նրանց ջրերը մի առվով չեն գնում, նախարարը որևէ լծակ չունի և ոչ մի բան չի կարող անել ՔԿԾ-ում։ Արդարադատության նախարարի ու ՔԿԾ պետի հանդիպումը կամ գործնական շփումը կայանում է բացառապես ծայրահեղ դեպքերում, խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հետաքրքիրն այն է, որ երբ Կարեն Անդրեասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում, շատ նեղ շրջապատում ասել է, որ Ատոմյանի պաշտոնավարումը երկար չի տևի, մեկ կամ երկու ամսվա հարց է նրանից ազատվելը, բայց Սերգեյ Ատոմյանն ու նրա հովանավորները, փաստորեն, ավելի զորեղ դուրս եկան:
Ավելին, ըստ կարգի, նախարարն է ներկայացնում վարչապետին զինվորական կոչման համար, ու սա նշանակում է, որ Կարեն Անդրեասյանը «ստիպված է եղել» միջնորդել, կամ միջնորդավորված միջնորդություն է եղել: Սա, իհարկե, կիմանան իրենք երկուսով՝ նախարար Կարեն Անդրեասյանը և Սերգեյ Ատոմյանը: