Լուրջ ազդեցություն ունի նաև Սևանա լճի մակարդակի անընդհատ տատանումը, ինչը չի թողնում, որ լիճն ինքնամաքրվի. Ինգա Զարաֆյան
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ` Սևանի կապտականաչ ջրիմուռները նորից «ծաղկել են»: Նկատենք, որ դրանց ինտենսիվ աճը գրանցվել էր դեռ 2018 թվականին:
Մասնագետները բազմիցս ահազանգել են՝ այս ջրիմուռներն արտազատում են միկրոցիստին թունանյութը, ինչը վտանգավոր է՝ ինչպես լողացողների, այնպես էլ՝ կենդանական աշխարհի համար, սակայն իշխանությունների ամենամյա վստահեցումները, թե իրավիճակը վերահսկվում է, և, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները խնդիրը լուծելու համար, հերթական «ծաղկումի» հետ հօդս են ցնդում:
Թե ի՞նչ գործոններ են նպաստում կապտականաչ ջրիմուռների աճին և ինչպե՞ս պետք է լուծել խնդիրը՝ 168.am–ի հետ զրույցում մանրամասնել է բնապահպան Ինգա Զարաֆյանը:
«Առաջին հիմնական պատճառը լճի շարունակական աղտոտումն է ֆոսֆորի և ազոտի տարբեր միացություններով: Այս աղտոտվածությունն անցնում է գետերի միջոցով, դրա վրա մեծ ազդեցություն ունեն սննդի օբյեկտները, որոնք վերջին 3-4 տարիների ընթացքում Սևանի տուրիզմը փոխարինեցին սննդի տուրիզմի:
Ու չնայած կա հստակ պահանջ, որ պետք է լինեն մաքրման կայաններ, այդուհանդերձ, ես դեռ չեմ տեսել, որ մոնիտորինգ արվի, թե քանի կայան է կառուցվել, քանիսն է գործում, և այլն:
Եվ, իհարկե, լուրջ ազդեցություն ունի նաև Սևանի լճի մակարդակի անընդհատ տատանումը, ինչը չի թողնում, որ լիճն անցնի ինքնամաքրման գործընթացի»,- լճի ծաղկմանն անդրադառնալով՝ նշեց բնապահպանը:
Այս իրավիճակում, ըստ նրա, պետությունը նախ պետք է արգելի հանգստի և սննդի օբյեկտների կողմից Սևանը թափոններով աղտոտելու վնասակար գործունեությունը՝ բարձրացնելով դրա համար նախատեսված տուգանքի չափը, պետք է շտապ որոշում ընդունի չորս մեծ քաղաքներում՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, մաքրման կայանների կառուցման համար, պետք է լուծի փոքր հէկ-երի հարցը, որոնք աշխատում են հակառակ Սևանա լճի մասին օրենքի, պետք է արգելի կամ տնտեսական մեխանիզմ կիրառի Սևանա լճում էնդեմիկ իշխանի ցանցավանդակային մեթոդով աճեցման համար:
Ի դեպ, վերջինի առնչությամբ Ինգա Զարաֆյանը հավելեց. «Դրանք ստանում են սնունդ, որը պարունակում է ֆոսֆոր. կան մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել և ստիպել, որ այդ աղտոտվածությունը չլինի: Սա բնապահպանական ծրագիր չէ, զուտ բիզնես ծրագիր է, որի հետևանքով Սևանա լիճը աղտոտվում է»:
Մեր զրուցակիցը նկատեց՝ գիտնականները ունեն խնդրի լուծման բազմաթիվ տարբերակներ:
«Օրինակ, գիտնականներն առաջարկում են կիրառել Հայաստանում առկա սորբենտներ, որոնց օգտագործումով այդ աղտոտվածությունը կնվազի:
Վերջապես պետք է մի անգամ լսել մեր գիտնականներին, գոնե պիլոտային ծրագիր իրականացնել»,- ասաց բնապահպանը: