Ինչպես և ովքեր կազմակերպեցին դատական իշխանության զավթման օպերացիան
Գործող իշխանությունների կողմից դատական իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասին բազմիցս ենք բարձրաձայնել, սակայն այն տեղեկատվությունը, որը բացահայտվել է բոլորովին վերջերս, անկասկած, փոխում է մեր պատկերացումներն իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների սցենարիստների և կատարողների վերաբերյալ:
Պարզվում է, որ Վճռաբեկ դատարանը զավթելու սցենարը գործող իշխանությունները մշակել և կյանքի են կոչել դատական համակարգում հայտնի դատավորների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ: Այդ դատավորները հայտնի են բոլոր ժամանակների իշխանությունների հետ մտերմիկ հարաբերություններ ձևավորելու մեծ փորձով և կարողացել են բոլոր իշխանությունների օրոք բարձր պաշտոններ ապահովել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց մտերիմների համար:
Եվ այսպես, իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը զավթելուն ուղղված «Բաժանիր, որ տիրես» օպերացիան մշակվել է դեռևս 2020 թվականի վերջերին Արսեն Մկրտչյան-Ռուստամ Բադասյան զույգի և Հովսեփ Բեդևյան-Վլադիմիր Վարդանյան զույգի կողմից, իսկ օպերացիան կյանքի կոչելու համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը սկսվել է դեռևս 2021 թվականից: Մասնավորապես անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի նախադրյալներ, որ 2018 թվականի մայիսի 17-ի և 2018 թվականի հուլիսի 4-ի ՀՀ նախագահի հրամանագրերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանների նախագահներ նշանակված Արսեն Մկրտչյանի և Հովսեփ Բեդևյանի պաշտոնավարման երեք տարին լրանալու պահին հնարավոր լիներ նրանց հասցնել Վճռաբեկ դատարան, բաժանել այդ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը՝ ստեղծելով երկու առանձին պալատներ, և հիշյալ անձանց նշանակել այդ պալատների նախագահներ:
Եվ ահա, նշված նպատակի իրագործման համար անհրաժեշտ էր վերացնել օրենսդրական այնպիսի խոչընդոտ, ինչպիսին էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը գործող խմբագրությամբ 134-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող էր դառնալ միայն տվյալ դատարանում, այսինքն՝ Վճռաբեկ դատարանում ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն ունեցող դատավորը: Եվ այսպես, ըստ մշակված սցենարի՝ նշված հոդվածից պետք է հանվեին «տվյալ դատարանում» բառերը, ինչն Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի և Արսեն Մկրտչյանի գործուն ջանքերի շնորհիվ շատ արագ կատարվեց 2021 թվականի հունվարի 19-ին ընդունված ՀՕ-22-Ն օրենքով: Այնուհետև ըստ սցենարի՝ անհրաժեշտ էր բաժանել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը:
Նշված խնդրի լուծման մասով ջանքեր գործադրելու հերթը Վլադիմիր Վարդանյան-Հովսեփ Բեդևյան զույգինն էր: Բառացիորեն կայծակնային արագությամբ, առանց հանրային քննարկումների 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց և նույն ամսվա 25-ին ուժի մեջ մտավ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-24-Ն օրենքը, ինչի հետևանքով վերացվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, դադարեցվեցին այդ պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի լիազորությունները և ստեղծվեցին երկու առանձին՝ Քաղաքացիական և Վարչական պալատներ:
Գործող իշխանության՝ «Բաժանիր, որ տիրես» օպերացիայի անկյունաքարային արարը պետք է լիներ Արսեն Մկրտրչյանին և Հովսեփ Բեդևյանին այդ երկու պալատների նախագահներ կարգելը: Սակայն վերջիններիս կողմից առաջ է քաշվել պալատների կազմն իրենց ընտրությամբ ձևավորելու պայման՝ պատճառաբանելով, որ այդ պայմանի կատարման պարագայում միայն իրենք կարող են երաշխավորել իշխանությունների պահանջների անվերապահ և անտրտունջ կատարում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պայմանի կատարումը հաջողվել է միայն Հովսեփ Բեդևյանի մասով, և Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար Բարձրագույն դատական խորհուրդը նրա ցուցումով է կազմել թեկնածուների եռյակները, որոնցից Ազգային ժողովի մեծամասնությունը, հավանաբար նույնիսկ չիմանալով Վլադիմիր Վարդանյան-Հովսեփ Բեդևյան զույգի մշակած սցենարի մասին, ընտրել է Հովսեփ Բեդևյանի թեկնածուներ Արծրուն Միրզոյանին, Քրիստինե Մկոյանին և Լիաննա Հակոբյանին:
Նշված անձինք անվերապահորեն ենթարկվելու են Հովսեփ Բեդևյանին, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր մասով պարտական է նրան:
Արծրուն Միրզոյանը Հովսեփ Բեդևյանի համակուրսեցին և մտերիմ ընկերն է, իսկ Քրիստինե Մկոյանի և Հովսեփ Բեդևյանի մտերմությունը սկսվել է հեռավոր 2003 թվականից, երբ միասին աշխատել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, այնուհետև 2008 թվականին երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ, որից հետո Հովսեփ Բեդևյանը տեղափոխվել է Վերաքննիչ վարչական դատարան, այնուհետև, նրա ջանքերի շնորհիվ, Քրիստինե Մկոյանը նույնպես տեղափոխվել է նույն դատարան: Հովսեփ Բեդևյանի «դաբրոյով» է նշանակվել նաև Լիաննա Հակոբյանը, ով Վլադիմիր Վարդանյանի հետ նախկինում աշխատել է Սահմանադրական դատարանում: Բացի այդ, Հովսեփ Բեդևյանը պարտավորվածություն ուներ Լիաննա Հակոբյանի հանդեպ, քանի որ հենց նա է հանդիսացել Հովսեփ Բեդևյանի համար, ինչպես ասում են՝ բեք վոկալիստ, երբ վերջինս Ազգային ժողովում պետք է ընտրվեր Վճռաբեկ դատարանի դատավոր:
Արդյունքում՝ Հովսեփ Բեդևյանին հաջողվել է ձևավորել մի պալատ, որի 5 անդամներից 3-ը պարտական են իրեն Վճռաբեկ դատարան հասնելու համար և անտրտունջ կատարելու են նրա բոլոր պահանջները:
Ըստ դատական համակարգում շրջանառվող լուրերի՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում Արծրուն Միրզոյանի փոխարեն պետք է նշանակվեր Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Արա Բաբայանը, սակայն Վլադիմիր Վարդանյան-Հովսեփ Բեդևյան զույգին հաջողվել է տապալել նրա ընտրությունն Ազգային ժողովում:
Քաղաքացիական պալատի կազմն իր ընտրությամբ ձևավորելու Արսեն Մկրտչյանի պայմանն ապահովելու առումով իշխանությունները կանգնել են դժվարությունների առջև: Ի տարբերություն վարչական պալատի, որը համալրվել է նոր դատավորներով, Քաղաքացիական պալատում գործող դատավորներից ազատվելու որևէ մեխանիզմ չկա, ինչի հետևանքով հնարավոր չէ ապահովել հավատարիմ և հնազանդ դատավորներով Քաղաքացիական պալատ ունենալու իշխանությունների ցանկությունը: Սակայն դատական իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արսեն Մկրտչյանը չի ցանկանում հետ մնալ Հովսեփ Բեդևյանից և իշխանությունների հետ միասին ուղիներ է փնտրում Քաղաքացիական պալատի կազմը «թարմացնելու» համար:
«Բաժանիր, որ տիրես» օպերացիայի վերջին արարի մասին մեր ընթերցողներին կտեղեկացնենք առաջիկայում: