«Արմենի մահից հետո ինձ սթափեցրեց հերթական լկտիությունը, որ արվում է Արմենի դեմ». Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննե Գալստյանը, որը լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մտերիմ ընկերներից էր, չի հասկանում՝ ի՞նչ կարիք կար նախնական կալանքի բիրտ մեթոդը կիրառել Արմեն Գրիգորյանի նկատմամբ:

«Արմեն Գրիգորյանը վերջին 4 տարին անընդհատ զանգ էր հնչեցնում, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք, ամեն ինչ ավելի ու ավելի վատ է դառնում, պետական ինստիտուտները չեն աշխատում, հասարակությունը ռեգրես է ապրում, և մենք ունենք խորը ճգնաժամ: Գոնե ես միամիտ կլինեմ, եթե չհասկանամ պարզ քաղաքացու և ստեղծագործողի տարբերությունը. Ստեղծագործող մարդիկ գերմարդիկ են, և իրենց առաքելությունն իրականացնելու համար անում են բաներ, որ բնորոշ չէ մի մարդու: Այդ իմաստով, այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ իմ աչքի առաջ, ոնց որ Արմենի կյանքի վերջին 4 տարիների ամենախոշոր ակտը լիներ: Դա ակտ էր՝ հերթական անգամ հնչեցնելու զանգ, որ մենք խորը ռեգրեսի մեջ ենք, պետք է արթնանանք:

Ես չգիտեմ՝ ով է ավելի մեղավոր՝ կոչնակ խփո՞ղը, որ իր զանգն այնքան ուժեղ չէ, որ արթնացնի հասարակությանը, թե՞ հասարակությունը, որը բթացած է և չի լսում այդ զանգը: Արմենը որոշեց այդ կերպ. Դա պետք է մեզ ցնցի և հանի այս վիճակից: Կատարվում է այն, ինչ արեցին պատերազմի զոհերի հարազատների հետ՝ կիսեցին, բաժանեցին, և հիմա էլ սոցցանցերում բաներ են անում, որ տպավորություն ստեղծեն, որ սա հերթական մահն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հովհաննես Գալստյանը:

Նա նկատեց՝ նախնական կալանքը նրա համար է, որ մարդը չխոչընդոտի դատերին, չբացակայի, ենթարկվի արդարադատության. «Պետությունը ասում է՝ որպեսզի նա չխոչընդոտի կամ չփախչի, ես վերցնում եմ հսկողության տակ, որպեսզի ապահովեմ ներկայությունը. Դե ապահովե՛ք Արմենի ներկայությունը: Աբսուրդ է:

Եթե սա չնպաստի նրան, որ սա միայն Արմենի մտերիմների, ընկերների, հարազատների, կոլեգաների ողբերգությունը չէ, այլ ամբողջ հասարակությանը ուղղված մեծ ողբերգություն, որից պետք է հասարակությունը եզրահանգումներ անի, մասնավորապես՝ պետք է վերացնել այդ նախնական կալանքը…»:

Հովհաննես Գալստյանն ընդգծեց. «Արմենի մահից հետո ինձ շոկից հետ է բերում հերթական լկտիությունը, որ արվում է Արմենի դեմ. Դա էլի հետ է բերում սթափության, որովհետև հասկանում ես՝ ինչ դաժան ուժի դեմ ես պայքարում: Ասում են՝ Արմենը չի բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին: Արմենը դատարանի դահլիճում ուշաթափվեց, հետո մահացավ, արդեն սոցցանցերում աղբ էր, հռհռոցներ էին, բա պատկերացնո՞ւմ եք՝ Արմենը բարձրաձայներ իր առողջական խնդիրների մասին, ասեր՝ ես առողջական խնդիրներ ունեմ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են:

Արմենի պաշտպանն ասաց, որ Արմենն իրենց արգելել է բարձրաձայնել այդ մասին: Եթե Արմենն ասեր այն, ինչ գիտեր իր առողջական վիճակի մասին, դա դառնալու էր լկտի, ստոր, նենգ շահարկման առարկա, լցնելու էին սոցցանցերը, որ՝ տեսեք՝ բա ո՞նց էր, որ ինտերվյուների ժամանակ առողջական խնդիրները համատեղելի էին, իսկ կալանքի ժամանակ՝ անհամատեղելի: Դրա համար ինքը, լինելով չափազանց արժանապատիվ մարդ, դա չէր ասում: Բայց դրա համար կան դատաբժիշկներ, կա մարդու իրավունքների պաշտպան: Արմենի արտաքին տեսքին նայելիս՝ երևում էին նրա այն առողջական խնդիրները, որ անհամատեղելի էին կալանքի հետ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս