«Արմեն Գրիգորյանի գործով դատավորի ամբարտավան հայտարարությունը նշանակում է՝ կներեք, կա՛մ նա անգրագետ է, կա՛մ սիրով կատարել է քաղաքական հրաման»․ Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ 2018 թվականից Հայաստանում ականատես ենք ոչ միայն քաղաքական հետապնդումների, այլ նաև այն անձանց նկատմամբ «ուշադրության», որոնք ունեն ինտելեկտ և բարոյականություն, ինչն անհամատեղելի է Հայաստանի ներկայիս իշխանության հետ։
«Այս առումով, քաղաքական հետապնդումներից այն կողմ, հնարավոր չէ բնութագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում։
Եթե վերցնենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, չկա այնպիսի հոդված, որը չի ոտնահարվել այս չորս տարիների ընթացքում։ Մարդիկ կան, որ դեռ մտածում են, թե այս իշխանությունը եկել է հանուն այն գաղափարների, որոնց մասին հայտարարել են՝ ժողովրդավարություն, արդարություն, կոռուպցիայի դեմ պայքար, բայց բացարձակ այսպես չէ։
Այս իշխանությանը բերել են և այս իշխանությունը եկել է շատ հստակ ծրագիր ունենալով՝ Ադրբեջանին հանձնել Արցախը և Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ, որևէ այլ նպատակ այս խումբը չունի։ Հետևաբար, զուր է փնտրել, թե ինչու են իրենք այս կամ այն կերպ վարվում։ Այս իշխանությանը քարտ-բլանշ է տվել Եվրոպան։
Այս ամենի համատեքստում՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին քաղաքական հետապնդումներով հասցնել մահվան, սպանել, ոչ միայն զարմանալի չէ, այլև ցավալի է, որն իշխանության համար օրինաչափ է։ Նույն գեներալ Մանվել Գրիգորյանին նույնպես հասցրեցին մահվան, նույն կերպ հետապնդում էին նաև Արմեն Չարչյանին, որին հաջողվեց հայտնվել ազատության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվան դեպքին։
Նա իր ցավակցությունները հայտնեց Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին՝ փաստելով, որ նրա մահով ամբողջ ազգը կորուստ ունեցավ։
Ըստ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի, Արմեն Գրիգորյանին կալանքի տակ պահելը դեմ էր ժողովրդավարության բոլոր կանոններին, հետևաբար՝ այս իշխանության նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ այն ոտնահարելը։
Նա նաև ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, երբ բոլոր իրավունքները ծայից ծայր ոտնահարվում են, զարմանալի չէ։
«Արմեն Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելն ուներ մեկ նպատակ՝ քաղաքական հետապնդումներով հասցնել նրան ծանր վիճակի կամ հասցնել ողբերագական մահվան։ Նույնն էլ մյուս քաղբանտարկյալների դեպքում է։ Նույն այս իշխանությունն էր, որ Արցախի ամբողջ ազատագրական շարժումը համարում էր իմաստազուրկ, հետապնդում են նրանց, որոնք պայքարել են Արցախի համար։ Եվ ցանկացած մարդ, որը դեմ է այս ազգային աղետի շարունակությանը՝ ուղղակի հետապնդվելու է ամենատարբեր ձևերով։
Արմեն Գրիգորյանի մահվան քաղաքական պատասխանատուն այս իշխանությունն է և ամբողջ դատական համակարգը, որն այդ իշխանության ձեռքին դարձել է խաղալիք։ Արմեն Գրիգորյանի գործով դատավորի ամբարտավան հայտարարությունը, թե նա ամբողջն արել է օրենքով՝ կներեք, կա՛մ նա անգրագետ է, կա՛մ սիրով կատարել է քաղաքական հրաման։
Ցավում եմ՝ Արմենի ողբերգական մահվան համար»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է երեկ՝ դատական նիստի ժամանակ։ Նա կալանքի տակ էր գտնվում մայիսի 17-ից։