Բաժիններ՝

40 աստիճանի պայմաններում փողոցներում ձուկ են վաճառում. սա շատ ռիսկային է. Ռուբեն Հայթյան

Որքան էլ Քաղաքապետարանը տուգանում է բացօթյա առևտրով զբաղվողներին, այն օգուտ չի տալիս, քանի որ ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս:

Երևանի քաղաքապետարանը նոր օրինագիծ է առաջարկում փողոցային առևտրի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ «Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ: Այժմ շրջանառության մեջ է դրված նոր օրինագիծ՝ վաճառվող ապրանքը բռնագրավելու մասին»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ պարզաբանում է՝ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծում է՝ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:

2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80.000.000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել է կեսից էլ քիչը:

Ապօրինի առևտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքն աճում է մինչև 200 հազար դրամ:

«Ոչ մի արդյունք չկա: 40 աստիճանի պայմաններում Մալաթիայում, Խորենացի փողոցում, Մաշտոցի պողոտայում մի քանի օր առաջ տեսա՝ ձուկ էին վաճառում՝ թե՛ թարմ, թե՛ ապխտած: Սա շատ ռիսկային է: Ձկան վրա էլ ճանճեր՝ իբր քշում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

Ինչ վերաբերում է մրգի և բանջարեղենի բացօթյա վաճառքին, ապա, Ռուբեն Հայթյանի կարծիքով, քանի որ կա խնդիր՝ շուկաների քիչ քանակով պայմանավորված, կարող են ամառվա 3 ամիսը թույլատրել նաև նման վաճառքը:

«Ասենք, սեփական այգուց երկու դույլ բալ է բերել՝ վաճառելու, սա ինչ-որ տեղ ներելի է: Սակայն ձուկը, հացը պետք է արգելել: Դրսից գնած ձուկ օգտագործելու դեպքում հնարավոր է թունավորում: Նույնը՝ մսամթերքի և կաթնամթերքի դեպքում»:

«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետը կարևորեց Քաղաքապետարանի կողմից անվճար շուկա ստեղծելու հանգամանքը, որպեսզի բացօթյա առևտրով զբաավողները տեղափոխվեն այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս