«Այս պահին Բերձորում ապրողներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն, որպեսզի իրենց անտեսված չզգան». Բերձորի քաղաքապետ
Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում այսօր բնակվողների համար, հատկապես այս շրջանում, շատ կարևոր է ուշադրությունը, որպեսզի իմանան՝ իրենք միայնակ չեն։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ դրսից խոսելը միշտ էլ հեշտ է, բայց Բերձորում ապրում են ընտանիքներ, և ինչպես մյուս վայրերում, այնպես էլ այնտեղ բնակվողներն ունեն տարբեր սոցիալական խնդիրներ։ Օրինակ, կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ամենօրյա սովորական սննդի խնդիրներ ունեն։
«Այնպես չէ, որ ամեն ինչ հեշտ է կամ շատ աջակցություն ու օժանդակություն են ստանում։ Թեպետ բերձորցիներն օգտվում են այն բոլոր պետական ծրագրերից, որոնք սահմանված են Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից՝ անկախ այն հանգամանքից, բնակվում են Բերձորում, Հայաստանում, թե Արցախի այլ բնակավայրում։ Աջակցություն մի քանի ամիս ստացել են նաև Կարմիր խաչից, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ աջակցությունն Արցախի մնացած բնակավայրերում մինչ օրս շարունակվում է՝ բացառությամբ Բերձորի ու Աղավնոյի, որտեղի բնակիչներն այս պահին չեն դիտարկվում որպես տեղահանվածներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Ալեքսանյանը։
Ըստ Բերձորի քաղաքապետի, ժամանակ առ ժամանակ, երբ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ գնացող մարդիկ Բերձորի ճանապարհին մի պահ կանգնեն, ուղղակի թակեն պատահական բնակչի դուռ, նրանց հետ նստեն, զրուցեն, լսեն այդ ընտանիքի պատմությունը, հասկանան, թե այս ամբողջ ընթացքում ինչպես են ապրել՝ դրանով արդեն մեծ բան կարող են անել բերձորցիների համար։
«Հավատացեք, այդ ուշադրությունը, հոգատարությունը պետք է բերձորցիներին, այս պահին այնտեղ ապրողներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն, որպեսզի իրենց անտեսված չզգան։ Եթե նույնիսկ բերձորցին այդ օրը հաց էլ չունենա ուտելու, հավատացեք, այդ ուշադրության ֆոնին՝ նա կմոռանա իր խնդիրները, կմոռանա, որ այդ օրը հացի խնդիր է ունեցել։ Իսկ ընդհանուր առմամբ, ամենասովորական բանն էլ այստեղի ընտանիքների համար կարող է մեծ ուրախություն լինել։ Չեմ ասում, թող մարդիկ զենքը վերցնեն, գան կանգնեն բերձորցիների կողքին, առանց այդ զենքով մարդու՝ բերձորցին Բերձորում ապրում է»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը։
Այն պահից, երբ Բերձորի հարցը բարձրացվեց և խնդրի մասին համեմատաբար շատ խոսվեց, քաղաքապետի խոսքով՝ շատերն են զանգահարել, այցելել Բերձոր, լսել են խնդիրները, փորձել դրանց մի մասը լուծել, եղել են նաև մարդիկ, որոնք զանգահարել են մեկ անգամ, ու վերջ։
Նա նաև պատմեց, որ Բերձորն ու Աղավնոն ունեն մեկ դպրոց՝ Աղավնոյի դպրոցն է։ Բերձորից երեխաներն ամբողջ 2021 և 2022 թվականների ուսումնական տարվա ընթացքում ավտոբուսով գնացել են դասերի, իսկ դասերն ավարտվելուց հետո նույն ավտոբուսով վերադարձել են տուն։