
ԿԺԴՀ-ն հայտարարել Է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ միջպետական հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին

ԿԺԴՀ-ի իշխանությունները մտադիր են զարգացնել միջպետական հարաբերությունները Դոնեցկի Ժղովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) հետ՝ անկախության, հաշտության եւ բարեկամության սկզբունքների հիման վրա: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրակական գործակալությունը (ԿԿՀԳ):
Ինչպես նշում է ԿԿՀԳ-ն, հուլիսի 13-ին ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի՝ իր պաշտոնակիցներին է հղել նամակ ճանաչման մասին:
«Նամակներում նա պաշտոնակիցներին տեղեկացրել է, որ ԿԺԴՀ-ի կառավարությունը որոշում է ընդունել ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը եւ մտադրություն է հայտնել զարգացնել միջպետական հարաբերություններն այդ երկրների հետ՝ անկախության, հաշտության եւ բարեկամության գաղափարներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԺԴՀ-ն դարձել է հինգերորդ երկիրը, որը ճանաչել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժղովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ռուսաստանից, Սիրիայից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից հետո:
Ի պատասխան Կիեւը հայտարարել է Փենյանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: