Բաժիններ՝

Ո՞րն է սիրո գինը

Մենք՝ մարդիկս, սովոր ենք ամենաաստվածային, բարձր ու վեհ արժեքներին էլ տալ մարդկային, կենցաղային հատկանիշներ՝ դրանք ավելի լավ ճանաչելու համար։ Հենց այս իմանալով է, որ երբեմն ինքներս մեզ հարցնում ենք՝ ո՞րն է սիրո գինը։

Ինչո՞ւ ենք այսպես ձևակերպում այս հարցը, երբ գիտենք, որ սերը՝ որպես աստվածային մի բարձր արժեք, չի կարող գնվել, գին ունենալ։ Սա բնավ այն պատճառով չէ, որ ցանկանում ենք մի ինչ-որ նյութով գնել սերը՝ վերերկրային մի արժեք՝ ոչնչով չգնվող, չվաճառվող, այլ այն է, որ ավելի պարզ, մեզ հասու ձևերով ենք ցանկանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող ենք արժևորել սերը և ապրել սիրով։

Եկեղեցու հայրերից մեկն ասել է. «Սերը կյանք է, ուրախություն, իսկ սիրո գինը զոհաբերությունն է»: Հենց այսպիսին է սերը քրիստոնյայի աչքերով, քանի որ Քրիստոս հայտնվում է մեր մեջ և փրկում է մեր հոգիները միայն մի կերպով՝ զոհաբերությամբ։ Ուստի՝ աստվածային սիրո գինը զոհաբերությունն է։ Իսկ զոհաբերությունն էլ առանց սիրո չի լինում։

«Սերդ սիրով խոնարհեցար ի փրկություն…» ,- այսպես է Շնորհալին նկարագրում Փրկչի սխրանքը։ Զոհաբերությունը սիրո՛վ, հատկապես սիրո՛վ կատարելն է, որ արժանացնում է մեզ իրական, կատարյալ սիրուն։ Անձակենտրոնությամբ ու եսասիրությամբ չէ, որ հնարավոր է զգալ իրական, անանձնական սիրո բերկրանքը։

Ուստի՝ ամեն անգամ, երբ ամենաբարդ հարցը՝ ինչպե՞ս արժանանամ սիրո լույսին, կպարզեցնենք և կահրցնենք՝ Տե՛ր, ո՞րն է սիրո գինը, պատրաստ լինենք զոհաբերության, քանի որ հենց դա է գինը կյանքի, գինը սիրո։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս