«Աստված չանի՝ դրսից փողի այս հոսքը կանգնի, ունենալու ենք դժվարություններ.․․». Վարդան Արամյան
Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը վստահեցնում է՝ թեև Կենտրոնական բանկը նախապատվությունը տալիս է գնաճին և դա այդպես էլ պետք է լիներ, սակայն ակնհայտ է, որ դրամի արժևորումն արտահանող հատվածի համար խնդիրներ է ստեղծում, ուստի հենց այստեղ է, որ գործի պետք է անցնի նաև Կառավարությունը՝ ինչ որ կերպ օժանդակելով տնտեսության արտահանելի հատվածին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանում առկա գնաճի (վերջին ամիսվա՝ Հունիսի կտրվածքով 10.3 տոկոս) մասին, նման տեսակետ հայտնեց Արամյանը՝ նշելով՝ Կենտրոնական բանկերը շարժվում են «ինձ վաղը տանելու են կառափնարան, եթե գնաճը ցածր չեղավ» տրամաբանությամբ, ուստի չունեն պարտավորություն, թե սեփական արժույթի արժևորումը կամ բարձր տոկոսադրույքնեն ի՞նչ խնդիրներ են առաջացնում տնտեսության՝ հատկապես արտահանելի հատվածի համար։
«Այստեղ շատ կարևոր է, թե ինչպե՞ս են Կառավարությունն ու Կենտրոնական բանկն աշխատում ձեռք ձեռքի բռնած։ Այդ աշխատանքում ես որոշակի խոռոչներ եմ տեսնում։ Օրինակ՝ տեսնում եմ, որ Կառավարությունն ընդունել է բյուջե, որի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների զգալի մասը ներքին աղբյուրներն են (պարտատոմսերի թողարկումը), տեսնում եմ, որ ծախսային գերակայությունները ոչ այդքան են նպաստում տնտեսության և ներդրողի համար հույժ կարևոր ամենաառջնային խնդրի՝ պաշտպանության և անվտանգության ռիսկերի չեզոքացմանը»,- ասաց Վարդան Արամյանը։
Շարունակելով դրամի արժևորման պատճառների մասին խոսքը՝ Վարդան Արամյանն ընդգծեց՝ դրա պատճառն այն է, որ մեծ ծավալով արտարժույթ է մտնում Հայաստան, սակայն, մասնավորապես, պետք է հիշել, որ այդ հոսքի մի զգալի մասը՝ զբոսաշրջիկների միջոցով եկող արտարժույթի տեսքով է, ժամանակավոր է, և գալու է մի պահ, որ դա կանգնելու է։
«Հենց այստեղ է, որ ես դրոշակ կբարձրացնեի՝ հիշեցնելով 2002-2008 թվականները, երբ ունեինք բարձր տնտեսական աճ, երբ Համաշխարհային բանկը վերլուծական էր հրապարակել, թե «կովկասյան վագրերը մռնչում են», բայց ես այդ ժամանակ էլ ասում էի, որ դա լավ չէ,- ասաց Արամյանը՝ ինչո՞վ լավ չէ հարցին ի պատասխան՝ պարզաբանելով,- Ես ասում էի՝ բարձրացնում եք 100 կգ ծանրոց, որը մեր սեփական ներուժով չենք կարող պահել օդում, որովհետև մեր ուժը հերիքում է 20 կգ-ի, իսկ այդ ներուժը մեր տնտեսության արտադրողականությունն է։ Ասում էի՝ այդ 100-ից 80 կգ-ն բարձրացնելուն մեզ օգնել են մեր հարևանները՝ այդ ժամանակ տրանսֆերտների ձևով եկող ֆինանսական զգալի ներհոսքը, որոնք եթե չլինեն, այդ 100 լիկոգրամանոց ծանրոցն ընկնելու էր բարձրացնողների պարանոցին. գիտեք՝ այդպես էլ եղավ 2009 թվականին»։
Ըստ Արամյանի՝ այսօր ևս մեր տնտեսությունը ծանրաձող է բարձրացնում իր ունեցած իրական կարողություններից շատ ավելի քաշով։
«Հիմա այդ ծանրաձողն այսօրվա արձանագրած տնտեսական աճն է՝ 10,2 տոկոս 5 ամիսների համար, որին նպաստում են ռուսները, դրսից մեր երկիրը եկող տրանսֆերտները և ռուս-ուկրանիական պատերազմի արդյունքում եկող այլ հոսքերը։ Արդյունքում՝ Հայաստան ֆինանսական մեծ ներհոսք է տեղի ունենում, որը, սակայն, հանգրվանում է ոչ թե տնտեսության արտահանելի հատվածում՝ նպաստելով տնտեսության զարգացմանը, այլ սպասարկման ոլորտում և շինարարությունում, ուստի, Աստված չանի՝ այս ֆինանսական հոսքերը ավարտվեն, ունենալու ենք 2009 թվականի նույն դժվարությունները. նշեմ, որ աշխարհի 200 երկրների ցանկում 2009թ-ին տնտեսական անկման ցուցանիշով 5-րդ-ն էինք»,- ասաց Վարդան Արամյանը՝ նկատելով՝ Կառավարությունը դա թույլ չտալու համար ֆինանսական հոսքերը իր գործիքակազմերով պետք է ուղղի տնտեսության պոտենցիալի ողնաշար հանդիսացող արտահանելի հատված՝ զուգահեռաբար ներդրումներ իրականացնելով ըստ առաջնահերթությունների՝ առաջին տեղում պահելով սահմանային անվտանգությունն ու սահմանների կահավորումը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում