Հերթական 6 միլիարդը՝ Էկոնոմիկայի նախարարությանը
Թեև Հայաստանի գյուղատնտեսությունը, ըստ վիճակագրական տվյալների, վերջին մի քանի տարիներին մշտապես արձանագրում է անկում, սակայն, պարզվում է՝ հակառակ անկում ապրող ցուցանիշների, կառավարությունը հարկատուների հաշվին պետական բյուջեից միլիարդավոր դրամներով սուբսիդավորում է գյուղատնտեսությանն առնչվող այս կամ այն ծրագրերը։
Հարց է առաջանում՝ ի՞նչ արդյունք է ապահովում այդ միլիարդների ծախսը, եթե, խոշոր հաշվով, գյուղատնտեսությունը Հայաստանում շարունակական անկման մեջ է։
Ասվածի լավագույն օրինակը հերթական անգամ Կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 6 միլիարդ դրամի հատկացումն է Էկոնոմիկայի նախարարությանը՝ մի շարք ծրագրերի գծով գյուղացիական տնտեսություններին տրված վարկերի տոկոսադրույքները փակելու նպատակով։
Պահուստային ֆոնդից հատկացված այդ գումարով կվճարվեն ինտենսիվ այգիների և հատապտղանոցների, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման, տավարաբուծության զարգացման նպատակով գյուղացիական տնտեսություններին տրված վարկերի տոկոսադրույքները։