
Ադրբեջանը որոշել է բանակում ուժեղացնել կիբերանվտանգությունն ապահովող միջոցները

Ադրբեջանական կայքերի տեղեկացմամբ, երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ներկա է գտնվել պաշտպանական գերատեսչության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության օպերատիվ կենտրոնի բացմանը՝ հագեցած ժամանակակից ավտոմատ կառավարման միջոցներով: Կենտրոնը կիբերանվտանգություն է ապահովելու մշտական մոնիտորինգի և Ադրբեջանի բանակի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիական տարածության վերահսկողության միջոցով:
Օպերատիվ կենտրոնը, որը ստեղծելիս հաշվի է առնվել կիբերանվտանգության ոլորտում զարգացած և առաջատար երկրների փորձը, մշտական վերահսկողության տակ է պահելու տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաները և կառավարման համակարգերը՝ ժամանակին հայտնաբերելու սպառնալիքները, ստուգելու էլեկտրոնային անվտանգությունը, իրականացնելու թվային հետաքննություն և այլն:
Այսինքն, Ադրբեջանի բանակում կիբերանվտանգության ապահովման միջոցների կատարելագործման խնդիր կա:
Նշենք, որ նախկին իշխանությունների օրոք ստեղծվեց ՀՀ ԶՈՒ «1991» ստորաբաժանումը, որի խնդիրներն են՝ ՀՀ ԶՈՒ ավտոմատացված կառավարման համակարգերի, ծրագրային փաթեթների մշակում և ներդրում, ցանցային ադմինիստրացիա և կիբեռանվտանգություն, ինչպես նաև՝ ՀՀ ԶՈՒ-ում արհեստական բանականության պոտենցիալի օգտագործում:
Իսկ այն, որ ՀՀ ԶՈՒ անձնակազմը, պայմանագրային զինծառայողները խոցելի են և հեշտությամբ ընկնում են թշնամական երկրների հատուկ ծառայությունների ցանցը և գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցում՝ վտանգելով երկրի անվտանգությունը, սա այլ խնդիր է, որին 168.am-ն անդրադարձել է:
Ի դեպ, այս և կիբերանվտանգության առումով, մեզ հասած տեղեկություններով, խոցելի է նաև Ադրբեջանը, պարզապես նրանք դա հրապարակավ ցույց չեն տալիս: