«ԱԱԾ-ն նորմալ չի աշխատում. պրոֆիլակտիկ աշխատանքը, այդ թվում՝ հակահետախուզությունը, տապալվել է». Կարեն Վրթանեսյանը՝ պետական դավաճանության դեպքերի մասին
ԱԱԾ-ն պարբերաբար հայտնում է պետական դավաճանության նոր դեպքեր բացահայտելու մասին․ ինչի՞ մասին է սա վկայում՝ նման արարքի ընդունակ կամ պոտենցիալ պետական դավաճաննե՞րն են շատացել, թե՞ ուժային այս կառույցի ՕԳԳ-ն է բարձրացել, ինչպես պնդում են իշխանամերձ շրջանակներից:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը համաձայն չէ, որ ԱԱԾ-ի գործունեության արդյունավետությունից են, այսպես ասած, աճել են լրտեսության գործերը:
«Սա ավելի շատ խոսում է այն մասին, որ նախ պրոֆիլակտիկ աշխատանքն է լրիվ տապալվել, այդ թվում՝ հակահետախուզության: Երկրորդ՝ թշնամին հիմա շատ ավելի ակտիվ է աշխատում զինված ուժերի անձնակազմի հետ, այսինքն` նրանց գործը հեշտացել է: Եթե գործերը հիմա շատ են հարուցվում, դա չի նշանակում, որ նախկինում դավաճանություններն այս ծավալի էին, բայց գործեր չէին հարուցվում: Ո՛չ, դեպքերն աճել են, թշնամու հետ համագործակցողների թիվն ավելացել է, ըստ էության, ինչը խոսում է այն մասին, որ զինված ուժերում խայտառակ բարոյահոգեբանական վիճակ է: Սա էլ իր հերթին՝ վկայում է, որ հակահետախուզությունը չի կարողանում կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել, ինչը հետևանք է այն բանի, որ ԱԱԾ-ն նորմալ չի աշխատում: Քանի որ հակահետախուզությունը դա ԱԱԾ-ի պատասխանատվությունն է, նշանակում է՝ հենց ԱԱԾ-ն իր գործը նորմալ չի անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը:
Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բանակում թույլատրվեց բջջային հեռախոսների օգտագործումը, հեշտացավ սմարթֆոն ունենալը: Սա հնարավորություն տվեց զինվորներին, զինվորականներին սոցցանցերում ավելի ազատ լինել, շփվել:
«Հեռախոսները թողեցին, չարվեց որևէ համակարգված պրոֆիլակտիկ աշխատանք, օրինակ, նույն տեղեկատվական անվտանգության հետ կապված: Եվ զինվորականները կարողացան ազատ շփվել սոցցանցերում, իսկ սոցցանցեր մտնողների թիվը վերջին տարիներին ավելացել է, այս ամենը միասին հանգեցրեցին նրան, որ թշնամու հավաքագրողները հնարավորություն ստացան ավելի հեշտ աշխատելու զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ես վստահ եմ, որ իրենք աշխատում են ոչ միայն զինված ուժերի զինծառայողների կամ ուժային այլ կառույցների հետ, այլ կարևոր տեղերում ապրող քաղաքացիների հետ: Եվ այդ քաղաքացիները կարող է նույնիսկ չհասկանալ, որ թշնամու համար ինֆորմացիա են փոխանցում: Կարող է ինչ-որ մեկն ինչ-որ բան հարցնի, և նրանք առանց հասկանալու պատասխանեն՝ չհասկանալով՝ ինչի է հանգեցնելու այդ պատասխանը»,- ասաց ռազմական փորձագետը՝ նշելով, որ խնդիրը միայն բանակում բջջային հեռախոսների, սմարթֆոնների օգտագործումը չէ, սա համալիր խնդիր է:
«Սա շատ բարդ կոմպլեքս խնդիր է, այսինքն՝ նախ պիտի լինեն անվտանգությունն ամրապնդող համալիր գործողություններ: Առաջին՝ լուրջ աշխատանք ԶՈՒ անձնակազմի հետ, և ոչ միայն սոցցանցերին վերաբերող: Երկրորդ՝ ոչ միայն բացատրական աշխատանք պիտի տարվի, այլ կրթական՝ կապված տեղեկատվական անվտանգության հետ և այլ հարցերի: Այստեղ միայն հեռախոսների խնդիրը չէ, մարդիկ, օրինակ, մեկնում են դուրս հանգստանալու, օրինակ, Վրաստան: Զինվորականներին պիտի բացատրվի՝ ցանկալի է դուրս չգալ, իսկ եթե դուրս են գալիս, ի՞նչ անեն, երբ ադրբեջանցու կամ անծանոթի են հանդիպում: Երրորդ՝ պետք է հակահետախուզության աշխատանքի ծավալներն աճեն՝ կապված օբյեկտիվ իրականության հետ: Աշխարհի շատ երկրներում զինվորականներին արգելված է գրանցվել սոցցանցերում, գրել»,- հավելեց Կարեն Վրթանեսյանը:
Արդյո՞ք ԱԱԾ-ի բոլոր բացահայտումներն են իրականությանը համապատասխանող, չկա՞ շոուի տարր, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ խոսակցություններ կան, որ այդ մեղադրվող մարդկանց մի մասը շարունակում է ծառայել բանակում:
«Ուրեմն այն, ինչ իրենց վերագրվում է, գուցե այն չի, ինչ կարող է թվալ ԱԱԾ-ի հաղորդագրությունից: Դա էլ է մեծ հարց՝ ինչ կա իրականում և ինչ է ներկայացվում: Բայց ցանկացած դեպքում ինձ բացարձակ չի զարմացնում նման դեպքերի աճը, քանի որ կապիտուլյացիայից հետո բանակի նկատմամբ վարվող քաղաքականության արդյունքում, բնական է՝ նման բարոյալքված վիճակ պիտի լինի: Անընդհատ սպաներին քրեական գործերով դիվադադար են անում, մարդիկ փոխանակ զբաղվեն զինված ուժերով, զորքով, իրենց պարտականությունն իրականացնելով, ամեն օր ինչ-որ հարցաքննությունների են, թղթեր են լրացնում և այլն: Սրան գումարած՝ պատերազմում պարտությունը, Ադրբեջանի քարոզչությունը, ամեն տեղից նահանջները, սա չի կարող բարոյալքելու առումով ազդել անձնակազմի վրա, ինչը ոմանց մոտ կարող է թշնամու հետ աշխատելու ցանկություն առաջացնել: Թեպետ վստահ եմ, որ սկզբում շատերը չեն հասկանում՝ ինչ է կատարվում, նորից գալիս ենք համալիր աշխատանքին»,- շեշտեց ռազմական փորձագետը:
Վերադառնալով սկզբնական մտքին՝ նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
«Փետրվարի 7-ին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով, ինձ այդ գործի շրջանակներում կասկածյալ էին ներգրավել, ու ԱԱԾ-ն նույն օրը խուզարկություն էր իրականացրել իմ վարձակալած տանը,- MediaHub.am-ին պատմել էր Էլոյանը՝ շարունակելով,- 2021 թվականի դեկտեմբերի վերջ, հունվարի սկիզբ ինձ մի կին էր զանգել՝ Զարուհի Մանուկյան անուն-ազգանունով, ու զինծառայողի անուն-ազգանուն էր տալիս, ասում, որ իր տղան է, ու 4 օր է` լուր չունի տղայից, ասաց՝ խնդրում եմ, փոխանցեք, որ ինձ հետ կապ հաստատի։ Ճշտեցի, որ այդ անուն-ազգանունով զինվոր չունենք, հետ զանգեցի ու նույնը փոխանցեցի։ Այսքանն էր, մեր խոսակցությունը 2։28 րոպե է տևել, ուրիշ ոչինչ։ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ Զարուհի Մանուկյանը թշնամու հատուկ ծառայություններից է և ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել, կինն ինձ հետ հայերեն էր խոսում։ 5 ամիս ձգձգվող դատական գործընթացի ժամանակ որևէ ապացույց չկար, որ ես լրտեսությամբ եմ զբաղվել։ Խոսակցությունը վերծանվել էր, բայց դատարանը երկարաձգում էր կալանքս։ Վերջում՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը քրգործը կարճեց, ազատ արձակվեցի»:
Ինչ վերաբերում է հարցին, որ ուժային կառույցների ղեկավարները ևս պետք է զգուշավորություն դրսևորեն, սմարթֆոններով իրենց ենթակաների հետ չխոսեն, հրամաններ չտան, Կարեն Վրթանեսյանն ասաց, որ, այո՛, այսօրվա լրտեսական կոմերցիոն միջոցները հնարավորություն են տալիս գաղտնալսել, վիրուսային ծրագրեր մտցնել հեռախոսի մեջ:
«Ռիսկերը շատացել են, արդյո՞ք մեր կառույցները, որոնք պիտի այդ սպառնալիքները չեզոքացնեին, այս առումով արդիականացում եղել է, արդյո՞ք նրանց առաջնահերթությունների մեջ է պետական տեղեկատվական անվտանգությունը, թե՞ առաջնահերթն ընդդիմադիրներին լրտեսելն է»,- հավելեց Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, բնականաբար, չի գաղտնազերծվում, թե ինչ խնդիրներից ելնելով են հանկարծ հիշել, որ գոյություն ունեն սմարթֆոնների կիրառումն արգելող հրամաններ, և դրանց կատարմանը պիտի խստորեն հետևել:
Այսինքն, ՊՆ աշխատակիցները կամ զինծառայողներն աշխատանքի ժամին սմարթֆոնով շարի՞կ են գլորում, թե՞ անվտանգային հարցեր են առաջացել:
Գուցե Սուրեն Պապիկյանը հաշվի է առել փաստը, որ պատերազմից հետո էլ ԱԱԾ-ն տեղեկություններ է տարածում թշնամուն վարձատրության կամ դրա խոստման դիմաց պայմանագրայինների կողմից զորամասի շենքերի, շինությունների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի, տեսակների և այլ տեղեկությունների տրամադրման մասին, և որոշել է խիստ հանձնարարականներ տալ:
168.am-ն անդրադարձել էր այս ուշացած հրահանգներին և հիշեցրել, որ, ինչպես արդեն ասվեց, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս պետք է պահպանի անվտանգության կանոնները և սմարթֆոնով կարևոր հեռախոսազրույցներ չունենա:
Մենք հիշեցրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այս հարցում ամենազգուշավորն էր, թեպետ նախկին նախարարներից Դավիթ Տոնոյանը կառավարության նիստերին սովորական հեռախոսով էր ներկայանում: