Փաշինյանը պարտվել է պատերազմը, Ղարաբաղը, դիվանագիտությունը, դավաճանել Ղարաբաղի հայերին, մեղավորը Պուտի՞նն է. Տարասով
«Փաշինյանը ցանկանում է խցկվել Ղարաբաղյան հարցի լուծմանն այն դեպքում, երբ ինքը հանձնել է ամեն ինչ, նա դավաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի այն հատվածին, որը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական պատասխանատվությանը և խաղաղապահների պատասխանատվության գոտուն:
Տարասովը տարակուսում է՝ Նիկոլ Փաշինյանը պարտվեց պատերազմում, մեղավորը Պուտի՞նն է ամենուր: «Նա է պարտվել պատերազմը, նա պարտվել է Ղարաբաղը, նա պարտվել է դիվանագիտությունը, նա չպատրաստվեց պատերազմի, որից խոսում էին բոլորը, այդ մասին տասնյակ հոդվածներ էին գրվում, նա պարզապես արհամարհեց այդ նախազգուշացումները, նա հանձնեց բոլոր դիրքորոշումները, իսկ հիմա մեղավորը Պուտի՞նն է»,- ասաց Տարասովը:
Նա նկատեց, որ Մոսկվան չի կարող խաղադրույքներ անել Փաշինյանի քաղաքականության վրա, ուստի Մոսկվան ելնում է իր շահերից:
Տարասովի որակմամբ՝ Մոսկվան նաև չի կարող ՀՀ քաղաքականության պատանդը լինել՝ առավել ևս, երբ Հայաստանի քաղաքականությունը մի շարք հարցեր է առաջացնում Փաշինյանի օրոք:
«Նա պարտվեց պատերազմը, Ռուսաստանը գնաց ամենալուրջ տարբերակին, ինչո՞ւ, որովհետև Պուտինը բաց տեքստով ասաց՝ ինչո՞ւ ԼՂ-ն անկախ չճանաչեցիք: Եթե ճանաչեին պատերազմի ընթացքում, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ, բայց որոշ տվյալներով՝ ֆրանսիացիները խոստացել էին ճանաչել, չճանաչեցին, ուստի բոլորը լռում էին, սպասում էին: Իսկ հիմա նա պարտվեց ամեն ինչ, հիմա Պուտի՞նն է մեղավոր»,- ասաց Տարասովը:
Նա նաև այն կարծիքին է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայերը որևէ գործ չունեն անելու: «Հիմա նա ցանկանում է խցկվել Ղարաբաղյան հարցի լուծմանը՝ այն դեպքում, երբ ինքը հանձնել է ամեն ինչ, նա դավաճանել է Ղարաբաղի հայերին: Մնացել է Ռուսաստանի խնդիրը լուծել՝ խաղաղապահներն Ադրբեջանի տարածքում»,- ասաց Տարասովը՝ ակնարկելով, որ ՀՀ իշխանություններն ամենևին էլ պատահական չեն բարձրացնում այդ թեմաները:
Խոսելով հայ-թուրքական նորմալացման գործընթացի մասին, Տարասովն ասաց, որ հուլիսի 1-ին սպասվում է հերթական հայ-թուրքական հանդիպումը, սակայն, նրա տպավորությամբ, այս հարցում էլ ամեն ինչ կեղծ է:
«Ընկեր Փաշինյանը ստում է, ասում է, որ ՀՀ հատուկ ներկայացուցիչը պետք է բանակցի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համար, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար հարկավոր է, որպեսզի երկու ԱԳ նախարարությունները փոխանակվեն նոտաներով, իսկ ի՞նչ թեմաներ են քննարկում հայ-թուրքական չորրորդ ռաունդում, սա ես չէ, որ պետք է ասեմ, նա պետք է պարզաբանի: Նա հայ ժողովրդին խաբում է: Հայերը Փաշինյանի օրոք պատմական առումով կորցրեցին ամեն ինչ: Սա ողբերգություն է, 200 տարի ետ ընկան։ Ո՞վ է հայ ժողովրդին աջակցում հիմա՝ Արևմո՞ւտքը, դեմոկրատիա՞ն, ամերիկացինե՞րը, ֆրանսիացինե՞րը, որոնք իրենք են տապալվում»,- ասաց Տարասովը:
Հարցին, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ինչպե՞ս են ադրբեջանցիները ստացել Փառուխը, Տարասովը փորձեց ուղիղ չպատասխանել:
«Երբ ոչխարն անցնում է սահմանը, ոչ թե իրար են զանգում, այլ Պուտինին: Որտե՞ղ է Փառուխը, որտե՞ղ՝ Պուտինը: Եթե տեղում չեք կարողանում իրավիճակը քննարկել, հասկանալ՝ ինչպես է ստացվում: Իսկ որ Բրյուսելում հանդիպում են՝ այդ հարցը քննարկո՞ւմ են: Կարող են պայմանավորվել, քննարկել, չէ՞ որ շփում կա:
Ամեն առիթով՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնի: Դա քաղաքականություն չէ, գավառամտություն է։ Մարդիկ չեն հասկանում նաև, թե որտեղ են ապրում, ինչ աշխարհագրության մեջ են: Ինչ է՝ փաշինյանական Հայաստա՞նն է ներկայացնում հզոր հայ ժողովրդին, մենք մեծ ցավ ենք ապրում այս ամենի համար, ամո՛թ է, խայտառակությո՛ւն: Իսկ Ռուսաստանը Ուկրաինայում գլոբալ խնդիր է լուծում, ի՞նչ գյուղի հարց, մենք մեր հարցը կլուծենք Ուկրաինայում, և կտեսնեք, թե ինչպես կգործենք Հարավային Կովկասում հետո: Տեսնենք, թե այդ ժամանակ որևէ մեկը կկարողանա՞ որևէ մեկին ինչ-որ բան ասել»,- ասաց Տարասովը, այդպես էլ մեր հստակ հարցին հստակ պատասխան չտալով: