«Ոմանց թվում է՝ դաշնակցությունը նշանակում է, որ ՌԴ-ն ՀՀ-ն շալակել է և նրա բոլոր հարցերը լուծելով՝ առաջ է տանելու». Արմինե Ադիբեկյան

Հունիսի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Ադրբեջանում արված մի շարք հայտարարություններ հայաստանյան հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում դժգոհությունների առիթ են դարձել:

Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը մասնավորապես խոսել էր Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցությունը զարգացնելու ակնկալիքների, «ծաղկող» Բաքվի, Մինսկի խմբի՝ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների նախաձեռնությամբ դադարեցված գործունեության մասին:

Ադրբեջանագետ Արմինե Ադրբեկյանի գնահատմամբ՝ Հայաստանում թյուր պատկերացում կա հայ-ռուսական դաշնակցության վերաբերյալ:

«Ոմանց թվում է՝ դաշնակցությունը նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին շալակել է և նրա բոլոր հարցերը լուծելով՝ առաջ է տանելու. այդպես չէ: Հայաստանի հետ դաշնակցությունը բխում է ՌԴ շահերից, և որ վայրկյանին այդ դաշնակցությունը խոչընդոտի Ռուսաստանին՝ իր շահերն իրացնելիս, նա այդ դաշնակցությունը շատ հանգիստ կխզի և կսառեցնի Հայաստանի հետ բոլոր հարաբերությունները»,- պարզաբանեց ադրբեջանագետը:

Նա նաև հավելեց՝ Հայաստանի հետ ստրատեգիական դաշնակցությունը տարածաշրջանում ՌԴ շահերի բաղադրիչներից մեկն է միայն:

«Հաշվի առնելով այն, որ Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ և մնացյալ բոլոր երկրները, որոնք մասնակցում են ՌԴ-ի դեմ տնտեսական, մշակութային պատերազմին և սատարում Ուկրաինային, նրանց համար Ադրբեջանը, բնական է, որ կարևոր դեր է խաղում, որովհետև այն նավթամթերքը, որ նրանք չեն ստանալու ՌԴ-ից, պետք է ստանան  Ադրբեջանի միջոցով: Իհարկե, Ադրբեջանի պաշարները չեն բավարարի Եվրոպայի ամբողջ պահանջների ծավալը բավարարելուն, բայց նրանք հույս ունեն, որ միջինասիական էներգառեսուրսներն ադրբեջանական ուղիներով կհասցնեն Եվրոպա:

ՌԴ-ն դա շատ լավ հասկանում է, և ՌԴ շահերին հակասում է այն, որ Ադրբեջանը կսկսի Եվրոպային նավթ և գազ մատակարարել, հետևաբար՝ պետք է Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրացնի նոր մակարդակի: Ե՛վ Հայաստանի հետ դաշնակից լինելը, և՛ Ադրբեջանի հետ դաշնակից լինելը բխում են ՌԴ շահերից:

Մենք այստեղ շահ չունենք՝ հատկապես հաշվի առնելով, թե ովքեր են մեր երկրի ղեկավարները. անգամ իրենք չեն հասկանում՝ ՀՀ շահը որն է, որ կարողանան ադեկվատ, հասկանալի ձևակերպեն աշխարհի համար  և կարողանան պաշտպանել այդ շահերը»,- պարզաբանեց Արմինե Ադիբեկյանը:

ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններին անդրադառնալով՝ ադրբեջանագետը նկատեց, որ ՌԴ-ն մտավախություն ունի, որ այդ ֆորմատը կարող է օգտագործվել այլ նպատակներով՝ առաջ քաշելով հակառուսական միտումներ:

Տեսանյութեր

Լրահոս