«ԿԲ նախագահի աշխատավարձը մենք ենք տալիս. Երկխոսություն ենք ակնկալում». Վահրամ Միրաքյան

Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, իսկ էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը մեղադրանքի սլաքները միմյանց կողմ են ուղղում, արդյունքում՝ տուժում են գործարարները: «Մանթաշյանց» գործարարների միությունը, ևս մի քանի կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշեց, որ դրամի արժևորումից տուժում են հատկապես արտահանողները:

«Եթե արտահանողները վնասներ կրեն, ընկերությունները փակվեն, արդյունքում՝ պետությունը կգնա դեֆոլտի, այսինքն՝ արտահանողները մի քանի անգամ ավելի կարևոր են, քան ներկրողները, իրենք են արժեք արտահանում երկրից: Հիմա արտահանողները բողոքում են, և արտահանմանը չպետք է այնպես նայել, ինչպես մեր Կենտրոնական բանկի ընկերները, որ՝ պահածո ենք արտահանում դեպի Ռուսաստան, արտահանումը վերաբերում է, օրինակ՝ տուրիզմին: Մարդիկ տուրիստական փաթեթները կազմել են դոլարով կամ եվրոյով, որովհետև տուրիստները գալիս են նաև Եվրոպայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, իրենք տարվա սկզբին արդեն պայմանագրեր ունեն ամբողջ տարվա համար, որ խմբեր պետք է բերեն, բայց հիմա, երբ իրենք այդ խմբերին բերում են՝ վնասով են աշխատում: Տուժել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որովհետև իրենք հիմնականում ժամավճարով են աշխատում, դրսից դոլար են ստանում, իրենց ծրագրավորման կարողություններն են արտահանում: Հիմա այդ ընկերություններն աշխատում են առանց շահույթի կամ փոքր շահույթով, այսինքն՝ ծրագրավորման ոլորտն է տուժում: Տուժում են նաև լոգիստիկ ընկերությունները, այսինքն՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերությունները դոլարով են հաշվարկում, և հիմա բոլորը ստիպված են գները բարձրացնել, ինչի արդյունքում պարտվում են ռուսական ընկերություններին: Բեռներ փոխադրող ընկերությունը դիմում է ռուսական ընկերությանը, ոչ թե հայկական»,- ընդգծեց նա:

Վահրամ Միրաքյանը նկատեց՝ դրամի արժևորումից տուժում են տարբեր ուղղություններ, և խոսքը միայն բառիս բուն իմաստով արտահանման մասին չէ. «Եթե նայում ենք զուտ արտահանմանը, ապա այո, տուժող ընկերությունները քիչ են, քանի որ արտահանման հիմնական տոկոսը կազմում է Ռուսաստանը, և այս պահին ռուբլու հետ կարծես թե ամեն ինչ նորմալ է: Ես անձամբ մի քանի արտահանողի ճանաչում եմ, ովքեր Ռուսաստան են արտահանում, բայց պայմանագրերը դոլարով են, որովհետև ռուբլին շատ ավելի անվստահելի է, քան դոլարը: Եթե դոլարը 10 տարին մեկ է նման ցնցումների ենթարկվում, ռուբլին՝ տարին երկու անգամ»:

Նա նշեց, որ ԿԲ-ն մի փոքր ազնիվ չէ, որովհետև երբ պետք է՝ լավ էլ միջամտում են. «Մի քանի տարբերակ կա լուծման՝ միջամտել և արագ միջամտել, դա կլինի շուկա հավելյալ դրամ ներմուծելով կամ այլ տարբերակով, չգիտեմ, երկրորդ՝ փոխհատուցել արտահանողներին: Քայլերը շատ կտրուկ պետք է արվեն, օրինակ՝ եթե տատանումն այս պահի դրությամբ 20 տոկոս է, 20 տոկոս քեշբեք տան գործարարներին: Սա արդեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարցն է, որ գումարները պետք է բաշխվեն արտահանողների միջև: Ուղղակի այստեղ հարցն այն է, որ միայն պահածո կամ գինի արտահանողին չբաշխեն 20 տոկոս քեշբեքը և մոռանան ծրագրավորողներին կամ տուրիզմով զբաղվողներին, լոգիստիկ ընկերություններին: Իրենք էլ են արտահանող: Պետք է բոլորին հաշվի առնել»:

Վահրամ Միրաքյանը նկատեց՝ երբ ԿԲ նախագահն ասում է՝ թող գործարարներն ավելի կրեատիվ և օրիգինալ լինեն, դա նշանակում է՝ պետությունն ասում է՝ մեզ վրա հույս չդնեք. «Երբ գործարարին ասում են՝ մեզ վրա հույս չդնեք, ու ամսվա վերջ գալիս են՝ հարկերը վերցնելու, ի՞նչ է անում բիզնեսմենը: Դու պետությանը հարկ ես տալիս, որ ինչ-որ բան ստանաս դրա դիմաց, բայց եթե միայն հարկ վերցնելու պահին են քեզ հիշում, բիզնեսը գնում է ուրիշ տեղ: Այսինքն՝ այստեղ միայն բիզնեսի էմոցիոնալ կապվածությունն է երկրի հետ, ինչ-որ մասով կմնա այստեղ, ինչ-որ մասով կգնա: Այստեղ մնում են այն մարդիկ, ովքեր էմոցիոնալ հաշվարկ են անում, ոչ թե մաթեմատիկական, բայց արդյունքում տնտեսությունը տուժելու է: Ես ունեմ օրինակներ, երբ բիզնեսմենները մտածում են՝ այլ ճանապարհ գտնեն, դուրս գան: Ցավոք, շատ բիզնեսներ կկորցնեն իրենց շուկաները:

Ինչո՞ւ են ամերիկյան ընկերությունները Հայաստանին պատվեր տալիս, որովհետև Հայաստանում ավելի մատչելի է, քան Եվրոպայում, բայց այս պահին հասել ենք համարյա Եվրոպայի գներին, ու այս դեպքում մարդիկ իրենց պատվերները կուղարկեն Ֆրանսիա, Իսպանիա, Թուրքիա, էլ Հայաստան չեն բերի: Սրա երկարաժամկետ վտանգը շատ ավելի լուրջ է, քան՝ կարճաժամկետ: Շատ ընկերություններ սառեցնում են իրենց ամբիոցիոզ պրոյեկտները, ասում են՝ սպասենք, տեսնենք՝ գլխներիս ինչ է գալիս: Կաբինետում նստած չինովնիկը սա չի հասկանում, նայում է թվերին, այս պահին հարկերն ավելացան՝ ասում է՝ ինչ լավ է, բայց երկարաժամկետ հատվածում ինչ հետևանքների կբերեն այս փոփոխությունները, պետք է մի քիչ ավելի վերևից նայելու կարողություն ունենալ»:

Գործարարը նկատեց՝ պատերազմի հետևանքով ռուսական բիզնեսի վերատեղակայումից օգտվում է հիմնականում Թուրքիան, իսկ Հայաստանն օգտվում է փշրանքներից. «Պետական որևէ ծրագիր չկա, աշխատում են միայն հայերի հետ կապերը: Իսրայելը հենց պատերազմի առաջին օրերին 2000 թե 4000 հյուրանոցի համար վերցրեց և Ուկրաինայից սկսեց մարդկանց տեղափոխել. Ով ուզում էր տեղափոխվել՝ պայմանագիր էին կնքում, ասում էին՝ արի, անվճար երկու ամիս մնա, այդ ընթացքում ծանոթանում էին իսրայելական ընկերությունների հետ, մարդն աշխատավարձ էր ստանում ու հյուրանոցից գնում էր: Մեզ մոտ ոչ մի նման բան չարվեց: Եթե անհատները կարողանում էին կապվել էկոնոմիկայի նախարարության հետ, աջակցություն ստանում էին, բայց պետական որևէ լուրջ պրոյեկտ չարվեց: Պետական լուրջ պրոյեկտներ արեցին Իսրայելն ու Թուրքիան, ու մենք օգտվում ենք ՌԴ տնտեսության վերատեղակայման փշրանքներից»:

Վահրամ Միրաքյանն ընդգծեց՝ գործարարներն ակնկալում են երկխոսություն պետական կառույցների ներկայացուցիչների հետ. «Մեր բաց նամակը հենց այդ կոչն է պարունակում: Այդ մարդկանց աշխատավարձը մենք ենք տալիս, ԿԲ նախագահի աշխատավարձը մենք ենք տալիս, իր պադավատի համար բենզին մենք ենք լցնում, և այստեղ շատ կարևոր է հետսովետական կարգավիճակից դուրս գալ, որ՝ մենք ենք որոշողն ու ասողը, ոչ, իրենք մեր պատվերները պետք է կատարեն, որովհետև տնտեսությունը, բյուջեն, ամեն ինչն ապահովում է բիզնեսը: Կապիտալիստական երկրներում ամեն ինչ բիզնեսի ուսերին է, և պետությունը պետք է ուղղակի հարմար պայմաններ ստեղծի, որ բիզնեսը կարողանա զարգանալ, վճարի իր հարկերն ու պահի պետությանը, այլ ոչ թե՝ հակառակը՝ անհարմարություն ստեղծի:

Ես կողմ եմ քննարկումներին, որ ոչ թե՝ իրար դիտարկենք որպես դասակարգային թշնամիներ, այլ՝ որպես գործընկերներ, այդ կոնտեքստում բանակցել և լուծում գտնել: Եթե եղավ այլ ճանապարհ, դա բոլորիս համար տհաճ ճանապարհ է, բայց պետք է գնանք այդ ճանապարհով. Պետք է փորձենք այնպես անել, որ ավելի լավ լինի: Հիմա չեմ ուզում ինչ-որ հայտարարություններ անել, բայց պետք է հասնենք նրան, որ արտահանողները չկործանվեն ու չսնանկանան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս