Բաժիններ՝

«Ասում ենք՝ աննախադեպ-աննախադեպ թվեր ունենք, բայց այս պահի դրությամբ՝ հետնապահների դիրքում ենք գործազրկության մակարդակով». տնտեսագետ

Կառավարության հերթական նիստը կրկին առանց ռեկորդների հրապարակման չի անցել. այս անգամ վարչապետն ավետել է մայիս ամսին Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդի և աշխատավարձերի ֆոնդի ռեկորդային ցուցանիշի մասին:

«Մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 673.224 վճարովի աշխատատեղ։ Սա այն թիվն է, որ ոչ թե միայն աշխատատեղ է գրանցված, քանի որ Հայաստանում և, ենթադրում եմ՝ բոլոր երկրներում, զրոյական աշխատավարձով աշխատատեղեր կան, մենք հաշվառում ենք միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մյուս ռեկորդին անդրադառնալով էլ՝ տեղեկացրել, որ աշխատավարձերի ֆոնդը մայիսին կազմել է 160.056.000.000 (հարյուր վաթսուն միլիարդ հիսունվեց միլիոն) դրամ, ինչը, Փաշինյանի խոսքով, «մայիսների համեմատ՝ հաստատ ռեկորդային է»: Ի դեպ, գործադիրի ղեկավարը վստահեցրել է, որ մայիսին աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկոսով աճել է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշներին, 168.am-ի հետ զրույցում նկատեց. «Մայիս ամսվա իր հայտարարած թվերը չկան այս պահին, պաշտոնապես չեն հայտարարվել: Սա ուղղակի կարգադրություն, հրահանգ է դառնում Վիճակագրական ծառայության համար. ճիշտ չէ, երբ պաշտոնական թիվը դեռ չկա, վարչապետը հայտարարում է այդ մասին»:

Տնտեսագետը նշեց՝ մինչ ԱՎԾ-ն հրապարակում է տվյալները, դրանք ճշգրտվում են, ամփոփվում, հետևաբար՝ ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն պետք է իր թվերը հարմարեցնի վարչապետի հայտարարած թվերին:

Անգամ այդ թվերի պարագայում Սուրեն Պարսյանը կարևորեց հանգամանքը՝ այդ աշխատատեղերից ո՞րն է նոր բացված, ո՞րն է ստվերից դուրս եկած, և ո՞րն է, օրինակ, դրույքի բաժանման արդյունքում, ի՞նչ դեր ունեն ՌԴ-ից Հայաստան եկած գործարարների գրանցած կազմակերպությունների աշխատատեղերն այս ցուցանիշներում:

«Սրանք առանձին ուսումնասիրություններ են, որոնք ցայսօր ներկայացված չեն: Բայց եթե նայում ենք ցուցանիշների առումով՝ մենք ունենք դեռևս գործազրկության բարձր մակարդակ. պաշտոնական թվերով՝ հունվար-ապրիլին ունենք 11.7 տոկոս մակարդակ, որն ամենաբարձրն է տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում:

Հիմա մենք խոսում ենք՝ աննախադեպ-աննախադեպ թվեր ունենք, բայց այս պահի դրությամբ ԵԱՏՄ-ում էլ ենք հետնապահների դիրքում գործազրկության մակարդակով, տարածաշրջանում էլ. սրա մասին պետք է խոսենք:

Արձագանքելով միջին աշխատավարձի աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ տնտեսագետը վստահեցրեց՝ այդ աճը պետական համակարգում շատ ցածր է:

«Մենք ունենք, օրինակ, հունվար-ապրիլ ամիսներին 7.7 տոկոս գնաճ՝ այն դեպքում, երբ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձը աճել էր ընդամենը 4.2 տոկոսով: Այսինքն՝ պետական համակարգի աշխատողների կենսամակարդակը նվազել է. իրենք իրենց անցյալ տարվա աշխատավարձերով ավելի լավ էին ապրում, քան այս տարվա «բարձրացված» աշխատավարձով: Իսկ պետական հատվածում աշխատում է 250 հազար մարդ. ստացվում է՝ 250 հազար մարդու կենսամակարդակ նվազել է:

Մասնավոր հատվածի աշխատավարձերի բարձրացման ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ՏՏ ոլորտի և բանկային համակարգի, էլեկտրականություն, գազ մատակարարող ընկերությունների, անշարժ գույքի գործունեության ոլորտում աշխատավարձերի աճով»,- մանրամասնեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս