ԵՄ-ն հետևում է ԲԴԽ գործունեությանը և պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին՝ դիմակայել բարեփոխումներից բխող մարտահրավերներին. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության սկանդալային բովանդակությունը կարծես բացարձակապես չի մտահոգում ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպաններին, որոնք Հայաստանում ավանդաբար զբաղվում են անկախ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարություններով: Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո 168.am-ը հարցեր էր ուղարկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որոնց առաջարկում ենք ծանոթանալ ստորև.
«1. Այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն ներկայացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ։ Ձայնագրությունից մասնավորապես պարզ է դառնում, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ մեկի անունից՝ ենթադրաբար քաղաքական իշխանության ներկայացուցչի, Ռուբեն Վարդազարյանին հորդորում է հրաժեշտ տալ ԲԴԽ նախագահի պաշտոնին: Ի դեպ, այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Ձայնագրության մեջ նաև, որը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, խոսվում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, գործին մասնակից անձանց անուններ են տրվում, մինչդեռ այդ քրեական գործը հարուցվում է այդ ձայնագրությունից շուրջ 2 ամիս անց: Ձայնագրության մեջ նաև Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ է տալիս մտածել իր ու իր ընտանիքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս ձայնագրության բովանդակությունը:
2. Համարո՞ւմ եք արդյոք, որ քաղաքականապես չեզոք լինելու պարտավորություն ունեցող ԲԴԽ անդամը ի սկզբանե քաղաքական շարժառիթներ է ունեցել այս իրավիճակում: Նկատենք, որ ձայնագրության մեջ Գ. Ջհանգիրյանը խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության: Նկատի ունենալով ձայնագրության բովանդակությունը և ՀՀ իրավապահ և արդարադատության համակարգերի նկատմամբ Ձեր զգայուն ուշադրությունն ու վերաբերմունքը և Հայաստանի իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» գնահատականը՝ արդյո՞ք իրավիճակը համահունչ է դրան:
3. Վերջերս Ձեր մի շարք հանրային ելույթներում արձանագրել եք Հայաստանում ժողովրդավարական առաջընթաց: Այս երևույթը տեղավորվո՞ւմ է ժողովրդավարական առաջընթացի Ձեր ընկալումներում և գնահատականներում»:
ԵՄ պատվիրակությունը նպատակահարմար չի համարել պատասխանել մեր հասցեական, հստակ հարցերին, որոնք, ի դեպ, վերաբերում են ՀՀ-ում ԵՄ գործունեության հիմնական ոլորտներից մեկում արձանագրված սկանդալին, այլ տարածել է հայտարարություն և այն ուղարկել 168.am-ին՝, որպես թեմայի վերաբերյալ մեր հարցերին ուղարկված «պատասխան»:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդրադարձում ասվում է, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքն ընդգրկում է անկախ դատաիրավական համակարգը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ը շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, որի նկատմամբ, ըստ ԵՄ պատվիրակության գնահատականի, ՀՀ իշխանությունները դրսևորում են շարունակական հանձնառություն։
«ԵՄ առանցքային արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքն ընդգրկում է անկախ, հաշվետու և արդյունավետ դատաիրավական համակարգը։ ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է դատական իշխանության հիմնական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը և, իր միջազգային գործընկերների հետ պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ դիմակայել բարեփոխումներից բխող մարտահրավերներին»,- ասված է անդրադարձում: