«Հետևում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ սկանդալային ձայնագրության  մասին

Հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի 2021թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից:

Հաշվի առնելով հրապարակված ձայնագրության բացառիկ, սկանդալային բովանդակությունը՝ 168am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ դեսպան Լին Թրեյսիին ուղղված, հետևյալ հարցերն ուղարկեց ձայնագրության հրապարակումից հետո․

«1. ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն ներկայացրեց իր, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ։ Ձայնագրությունից մասնավորապես պարզ է դառնում, որ  ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ մեկի անունից՝ ենթադրաբար քաղաքական իշխանության ներկայացուցչի, Ռուբեն Վարդազարյանին հորդորում է հրաժեշտ տալ ԲԴԽ նախագահի պաշտոնին:

Ի դեպ, այդ ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Ձայնագրության մեջ նաև, որը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, խոսվում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից, գործին մասնակից անձանց անուններ են տրվում, մինչդեռ այդ քրեական գործը հարուցվում է այդ ձայնագրությունից շուրջ 2 ամիս անց: Ձայնագրության մեջ նաև Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ է տալիս մտածել իր ու իր ընտանիքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս ձայնագրության բովանդակությունը:

2. Համարո՞ւմ եք արդյոք, որ քաղաքականապես չեզոք լինելու պարտավորություն ունեցող ԲԴԽ անդամն ի սկզբանե քաղաքական շարժառիթներ է ունեցել այս իրավիճակում: Նկատենք, որ ձայնագրության մեջ Գ. Ջհանգիրյանը խոսում է այն մասին, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության: Նկատի ունենալով ձայնագրության բովանդակությունը և ՀՀ իրավապահ և արդարադատության համակարգերի նկատմամբ ԱՄՆ ուշադրությունը և Հայաստանի իշխանությունների կողմից «ժողովրդավարության բաստիոն» գնահատականը՝ արդյո՞ք իրավիճակը համահունչ է դրան:

3. Վերջերս Ձեր մի շարք հանրային ելույթներում արձանագրել եք Հայաստանում ժողովրդավարական առաջընթաց: Այս երևույթը որևէ ձևով տեղավորվո՞ւմ է ժողովրդավարական առաջընթացի Ձեր ընկալումներում և գնահատականներում»:

Մեր ուղարկած հստակ հարցերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից մեկ ընդհանրական պատասխան է ստացվել․

«Մենք ուշադրությամբ հետևում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը և հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։

Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռևս շատ կա»։

Տեսանյութեր

Լրահոս