Ինչո՞ւ է Արևմուտքը «բացում» ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Երևանում հայտարարել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետը նաև հստակեցրել է, որ պատրաստ են այդ ձևաչափում նաև համագործակցել Ռուսաստանի հետ:

Ըստ նրա, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, ուստի Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։ Ինչ վերաբերում է Ալիևի «շնորհակալություն, հաջողություն» ԵԱՀԿ Մինսկի խմբին դիրքորոշմանը, ապա Դոնֆրիդն ասել է նաև, որ Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, սակայն Միացյալ Նահանգներն աջակցում է, և մասնակցում է այդ գործընթացին, և կշարունակի մասնակցել։

Այս հարցով, ըստ նրա, քննարկումներ եղել են նաև իր՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ, բնականաբար, ամերիկացի պաշտոնյան չի կարող այդ մակարդակի անհիմն հայտարարություններ անել: Ըստ նրա, գործընթացը, որն այսօր ակտիվ փուլում չէ, շարունակում է վայելել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետաքրքրությունը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին անդրադառնում են թե՛ ռուս, թե՛ ամերիկացի դիվանագետները:

«Հակամարտությամբ զբաղվող բոլոր լուրջ գործիչները, մասնագետները նշում են, որ ԵՄ-ն կամ ԵԽ-ն չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը, այդ գործով այսպես թե այնպես, պետք է զբաղվի մանդատ ունեցող այդ կառույցը: Կարծում եմ, ԵԽ-ն իր միջնորդությունն ինչ-որ փուլում թողնելու է: Ե՞րբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կզբաղվի, կամ ի՞նչ ձևաչափով կքննարկվի կարգավորումը, ենթադրաբար պարզ կլինի ուկրաինական պատերազմում հաղթող-պարտվող դիլեմայի հստակեցումից հետո: Բայց ԵԱՀԿ ՄԽ վերականգնման մասին խոսակցությունը նույնիսկ այսօր, երբ կողմերից մեկն արդեն հրաժեշտ է տվել այդ մանդատ ունեցող միավորին, նշանակում է, որ այդ ռեգիոնում խնդիրների կարգավորման նախկին մոդելները կարող են տեղ ունենալ: Սա կարևոր հայտարարություն էր: Կարևոր է նաև նշել, որ Ռուսաստանը պատերազմը սկսելուց հետո հայտարարեց, թե ԵԱՀԿ ՄԽ արևմտյան կողմերը հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, հետո ՀՀ-ն դիմեց Մինսկի խմբին, այդ շրջանում Արևմուտքը լուռ էր, իսկ հիմա ակտիվորեն խոսվում է ԵԱՀԿ ՄԽ-ի մասին․ սա ևս կարող է աշխարհաքաղաքական շատ ավելի խորը զարգացումների նշան լինել: Այնուամենայնիվ, Մինսկի խմբի մասին խոսակցությունը հակամարտության գոտու համար դրական է, քան դրա մերժումը Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս