Ի՞նչ փոխեցին արտահերթ ընտրությունները Հայաստանում. Անվտանգության տեսանկյունից շատ ավելի վատ վիճակում է, քան մինչ այդ. քաղաքագետ

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մասնակցեցին 21 կուսակցություն և երեք դաշինք։ Արդյունքում՝ խորհրդարանում հայտնվեց և մեծամասնություն կազմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Մեկ տարվա ընթացքում ՀՀ գործող իշխանությունն իր նախընտրական ծրագրից որևէ խոստում կատարե՞լ է և արդյո՞ք պատերազմից հետո կարողացավ երկրի անվտանգությանը վերաբերող ինչ-ինչ խնդիրներ լուծել։

168.am-ի հետ զրույցում Կովկաս ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, վերը նշված հարցերին ի պատասխան, ասաց, որ նախընտրական ծրագիրն իրագործելու վեաբերյալ որևէ խոսք չկա, այդ ամենն ընդամենը ատելության հռետորաբանություն էր, բայց շատ անհաջող։ Իշխանության քարոզչական արշավը հիմնականում այդպիսին էր։

«Իշխանության նախընտրական ծրագրի դրույթներից հիշեցնեմ 2020 թվականի նոյեմբերին  Փաշինյանի հրապարակած 15 կետերը, որոնցից որևէ մեկն առ այսօր չի իրականացվել, սակայն խոստանում էր, որ կես տարվա ընթացքում այդ ամենը կիրականացնի։

Ինչ վերաբերում է  ընտրությունների լեգիտիմությանը, ապա, խոշոր հաշվով, այդ ընտրությունն ուներ լեգիտիմություն, քանի որ ընտրությունների արդյունքները լրջորեն որևէ մեկը չվիճարկեց։ Ցույց չեն տվել փաստեր, որոնք կարող էին ցույց տալ, որ լուրջ շեղումներ են եղել։ Իհարկե, իշխանության կողմից վարչական ռեսուրս է կիրառվել, ընտրությանը մասնակցած անձանց մեծամասնությունը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։

Այստեղ հարցն այլ է՝ ինչո՞ւ է այդպես եղել։ Նախ, ընտրություններից առաջ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում, էապես աճեց  Փաշինյանի վարկանիշը, որովհետև մի քանի պոպուլիստական քայլեր արեց, այդ թվում՝ 15 հայ գերիների վերադարձը Հայաստան, որոնց դիմաց նա Ադրբեջանին տվել էր ականապատ տարածքների քարտեզները։ Նմանատիպ քայլերը Փաշինյանի կողմից նախընտրական փուլում շատ են եղել, որի շնորհիվ իշխանությունը կարողացել է լրացուցիչ 10 տոկոս ձայն կուտակել»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այսօր հասարակությունը քաղաքականապես մոբիլիզացված չէ, և բնակչության մոտավորապես կեսը որևէ ընտրության կարիք չի զգում և չունի նախընտրած որևէ կուսակցություն, որին կարող է աջակցել։

«Մեկ տարվա համեմատ՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է, որովհետև տարբեր հարցումներով՝ կառավարության, նրա նկատմամբ վստահության վարկանիշն է շատ ցածր։ Իսկ հասարակության 22 տոկոսը բարձր է գնահատել իշխանության ընտրական վարկանիշը: Ընտրողի տեսանկյունից սրան դեռ այլընտրանք չկա»,- հավելեց Հրանտ Միքայելյանը։

Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա քաղաքագետի գնահատմամբ.

«Իշխանությունը ոչ միայն չի կարողացել այդ հարցերը լուծել, այլ նույնիսկ վիճակն ավելի վատ է, քան մինչև ընտրությունները։ Հիմնական պատճառն այն է, որ եթե որևէ բան չարվի, և բացասական միտումները շարունակվեն, ապա ընդհանուր հետևանքը բացասական է լինելու։ Եվ այո, այսօրվա դրությամբ Հայաստանն անվտանգության տեսանկյունից շատ ավելի վատ վիճակում է, քան այն ժամանակ է եղել»։

Տեսանյութեր

Լրահոս