Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չի վերահսկում իրավիճակը երկրում. մասնագետներն ահազանգում են
Քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում խոստացող արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց Ապարանում տեղի ունեցած հրաձգությունը, ըստ փորձագիտական շրջանակների, գուժում է երկրից չհեռացող և առավել խորացող ճգնաժամի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ է տեղափոխվել 7 քաղաքացի։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կրակողները ՔՊ-ականների հարազատներն են. նրանք կրակել են երիտասարդների վրա, քանի որ հայհոյել են Նիկոլ Փաշինյանին. ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով միջադեպին՝ նկատեց, որ երկրում առկա խիստ բևեռացումն ուշ թե շուտ բերելու էր նաև նմանատիպ միջադեպերի:
«Այն ֆիզիկական բախումները, որոնք կային ընդդիմադիր հատվածի և ոստիկանության միջև, լեզվակռիվը, որ գոյություն ունի հասարակության մեջ՝ սկսած ԱԺ ամբիոնից՝ վերջացրած սոցցանցերով, նաև ուղղակիորեն հանգեցնելու էր միջադեպերի, երբ զենք է կիրառվելու իրար դեմ:
Սա երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի հետևանք է, որի հեղինակները 2018 թ․ «սև ու սպիտակի» բաժանողներն են եղել: Ես բազմիցս եմ ասել՝ լինելու է հակառակ ռեակցիա, որը բերելու է որոշակի հակամարտության. այսինքն՝ այնպես չէ՝ ինչ ուզելու են, ասելու են՝ «ասֆալտին են փռելու», «պատին են ծեփելու» և հանրության մյուս հատվածը, որը դեմ է իշխանությանը, հանգիստ լսելու է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Ի պատասխան հարցին, թե այս միջադեպը քաղաքական ի՞նչ հետևանքներ կունենա՝ Վիգեն Հակոբյանը նախ արձանագրեց. «Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չի վերահսկում իրավիճակը երկրում. երկրում իրոք կա քաղաքական ճգնաժամ, որը նաև աշխարհում են տեսնում բոլորը: Հայտարարություններով են հանդես գալիս՝ և՛ ԱՄՆ Պետդեպը, և՛ ՌԴ ԱԳՆ-ն, վերջերս՝ նաև Վլադիմիր Պուտինը Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ուղղակիորեն ակնարկեց դրա մասին՝ հայտարելով, թե մենք գիտենք՝ ինչ է կատարվում Հայաստանում»:
Քաղտեխնոլոգը հավելեց, որ Դիմադրության շարժումն իր երկամսյա գործունեությամբ փաստեց առկա ճգնաժամի մասին՝ արձանագրելով, որ ինչ–որ փուլում ներքաղաքական պայքարը վերածվեց նյարդերի պայքարի:
«Մենք հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեսանք առաջին ծիծեռնակները, որոնք փաստում էին՝ իշխանությունը չի դիմանում. երբ փաստացի արյուն թափվեց: Ժամանակի հարց էր, ընդհանուր առմամբ՝ երբ է աշխատելու զենքը նման պայմաններում, նման տիպի ճգնաժամում:
Սա կարող է բավականին արագացնել ինչ-որ պրոցեսներ. թե այդ պրոցեսներն ինչի՞ կարող են բերել, ընդդիմությունը որքանո՞վ է կարող դրանից նոր օրակարգեր ձևավորել, կախված է ընդդիմությունից»,- նշեց նա:
Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով ևս ողբերգությունը հասարակության պառակտման տրամաբանական հետևանքն է:
«Հիմա որակապես նոր իրավիճակ է. իշխանությունների և իրենց հետ փոխկապակցված անձանց մոտ արդեն վիրավոր գազանի սինդրոմ ենք նկատում, որովհետև Դիմադրության շարժմամբ պայմանավորված՝ հայ մարդու արժանապատվությունը կրկին արթնացել է, և ինքնախաբեությամբ այլևս չեն ուզում զբաղվել: Մարդիկ հասկանում են, որ շատ մեծ ավերում է տեղի ունենում, և այն անձամբ ամեն քաղաքացու է առնչվում,- առկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ ասաց հոգեբանը, ապա այս համատեքստում անդրադառնալով միջադեպին՝ հավելեց,- Ես, ինչքան հասկացա լրատվությունից, վեճը կարծեք թե իրադրական իմաստով ծագել է հայhոյանքից, ինչը ևս համարում եմ օրինաչափ. Փաշինյանի իշխանության ամենաակնառու «ձեռքբերումներից» մեկը խոսքի մշակույթի անկումն էր՝ ինչ ասես չխոսելը. նույն Փաշինյանի բերանից ինչ ասես լսեցինք ու լսում ենք: Իրենց «նվաճումն» է, որ մարդիկ հայհոյանքներով են խոսում, որ մարդիկ բևեռացված են, որ շատ մարդիկ որևէ արժանիք չունենալով՝ գրավել են իշխանությունը և ոչ մի կերպ չեն ուզում թողնել: Ազգը արթնացել է և չի ուզում ներսից գրավված լինել, իր զավակի ներկան ու ապագան մեծ հարցականի տակ լինի»:
Հոգեբանը հիշեցրեց իշխող թիմի՝ «երջանիկ անհատ» նախընտրական խոստման մասին՝ արձանագրելով, որ գործող իշխանությունների 4 տարիներում հակառակի ականատեսը եղավ հանրությունը:
«Շատ երջանի՞կ են հիմա անհատները. ինչքան սուգ ու ողբերգություն մտավ մարդկանց տները: Մենք չենք կարող մեզ երջանիկ զգալ՝ տեսնելով այս ողբերգություները:
Ես շատ վախենում եմ, որ այս առճակատումը, եթե շարունակվի, ավելի խորանա, քաղաքացիական պատերազմի է բերելու, ինչը ձեռնտու է այն ուժերին, որոնց նպատակն այս պետությունը խորտակելն է»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը: