«Շարլ Միշելի ասածը, լավ իմացեք, մեզ համար օրենք չէ». Դավիթ Բաբայան

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում այսօր տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության շնորհանդեսը:

Արցախի արտգործնախարարության հեղինակած այս աշխատությունը ներկայացրեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ նկատելով, որ այն մինիհանրագիտարան է, որում արտացոլված են Արցախին առնչվող ինչպես պատմական, այնպես էլ՝ այսօրեական դրվագներ, հակամարտությանն ու բանակցային գործընթացին առնչվող նրբություններ, Ադրբեջանի կողմից շահարկվող թեմաների պատասխաններ և նույնիսկ տերմինաբանություն:

«Այստեղ նաև մենք ունենք հատուկ գլուխ, որը վերաբերում է Արցախի աշխարհաքաղաքական ներուժին, որովհետև Արցախի կորուստը, իսկ Ադրբեջանի կազմում չի լինելու Արցախ, բերելու է անկանխատեսելի հիմնարար աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունների, որից հետո լրիվ այլ գլոբալ հավասարակշռվածություն է ստեղծվելու: (Ես չեմ չափազանցում) Կան նույնիսկ փոքր կետեր, որոնցից կարող է կախված լինել տարածաշրջանի ապագան:

Հիմա պատկերացրեք՝ չկա Արցախը. օրինակ, հոսանքներից մեկը, որը 100%-ով Անդրկովկասում կունենա գերակշռող դոմինանտ դիրք, պանթյուրքիզմն է, իսկ դրանից կարելի է ակնկալել նաև այլ զարգացումներ՝ ներթափանցում Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, մինչև Չինաստան և այլն»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարը նաև շեշտեց՝  աշխարհաքաղաքականությունն ունի կանոններ, սակայն այժմ նոր դարաշրջան է, որտեղ գաղափարները, նորմերը դարձել են երկրորդական, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք  չպետք է իմանանք մեր անցյալն ու ներկան:

«Շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ է Արցախը, ինչ է Ղարաբաղը: Ո՞վ է մեղավոր՝ թո՞ւրքն է մեղավոր, թե՞ ադրբեջանցին, որ մենք չգիտենք այդ ամենը: Հետևաբար, պետք է առաջին հերթին՝ ինքներս հավաքվենք, հասկանանք՝ ինչ ունենք, ի մի բերենք այդ ամենը: Եթե դուք չգիտեք՝  ինչ ունեք, ինչ առավելություններ և խոցելի տեղեր ունեք՝ սխալներ եք թույլ տալու,- հավելեց Դավիթ Բաբայանը՝ նկատելով, որ աշխատությունը փոքր հնարավորություն ինչ-ինչ շտկումներ անելու համար,- Պետք է, օրինակ, իմանալ նույն ՄԱԿ-ի բանաձևերի մասին. ինչ է այնտեղ գրված: Հիմա շատերը շահարկում են, բայց այդ բոլոր բանաձևերը, փաստորեն, ճանաչում են Արցախի սուբյեկտայնությունը: Բայց դրա մասին պետք է խոսել: Եթե Ադրբեջանն խոսում է՝ այնտեղ ինչ-որ բան է գրված տարածքային ամբողջականության մասին, բայց այնտեղ գրված է նաև՝ փաստորեն, ճանաչվում է Արցախի սուբյեկտայնությունը, որովհետև նշվում է՝ «տեղական հայկական ուժեր», որոնք ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, և ո՛չ էլ այլ պետության պատկանող չեն: Սա սուբյեկտայնություն է. պե՞տք է խոսել՝ անպայման»:

Արցախի ԱԳ նախարարը կարևորեց սկզբունքայնությունը՝ արձանագրելով, որ այն նույնիսկ առկա ծանր իրավիճակում ազդեցություն ունենում են: Այս համատեքստում նա հիշեցրեց Շառլ Միշելի աղմկահարույց հայտարարությունը:

«Շառլ Միշելի այդ սարսափելի հայտարարությունները՝ Ղարաբաղի հայեր և այլն:  Արցախից այդ շատ կոշտ արձագանքը, հավաքական՝ բոլոր տեղերից, բերել է նրան, որ հետագայում Տոյվո Կլաարը, մյուսները սկսել են արդարանալ՝ մենք դա նկատի չունեինք և այլն»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ մեզնից շատ բան է կախված:

Դավիթ Բաբայանը հայտնեց՝  հրատարակված աշխատությունը պետք է թարգմանվի, բայց մինչ թարգմանվելը՝ Շառլ Միշելն ու մյուսներն այդ մեսիջները պետք է լսեն միշտ:

«Եվ Շառլ Միշելի ասածը, լավ իմացեք,  մեզ համար օրենք չէ, որովհետև սա գոյապայքար է: Մենք չենք անպատվում Շառլ Միշելին, ոչ.  քաղաքակիրթ ձևով ասում ենք՝ դա քո մոտեցումն է, մենք էլ այսպես ենք մտածում: Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ չկա այլընտրանք՝ չափազանց սխալվում է. այլընտրանքը միշտ էլ կա, որովհետև աշխարհաքաղաքականությունը տալիս է տարբեր այլընտրանքներ, և կարևորագույն տարածաշրջաններում երբեք վակուում չի առաջանում»,- եզրափակեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս