Կանխատեսվող 8 տոկոսից բարձր գնաճը մի՞թե այլևս ահազանգ չէ ԿԲ-ի համար. մոռացե՞լ են, որ գնաճի թիրախը 3,5-5,5 տոկոսի միջակայքն է
Չնայած կանխատեսվում է, որ առաջիկայում գնաճը դեռ կշարունակի ակտիվանալ՝ Կենտրոնական բանկը որոշել է չբարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նպատակահարմար է համարվել այն թողնել անփոփոխ։
Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր մարտին, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ակնհայտ դարձավ, որ գնաճը կրկին մտնում է ակտիվացման փուլ։ Այդ ժամանակ ԿԲ-ն տոկոսադրույքը թարմացրեց միանգամից 1,25 տոկոսային կետով՝ հասցնելով 9,25 տոկոսի։ Դրանից հետո տոկոսադրույքը այլևս չի փոխվել, չնայած գնաճը շարունակել է ակտիվանալ։ Առաջիկայում էլ կակտիվանա, բայց ԿԲ-ն որոշել է այս փուլում թայմ-աուտ վերցնել։
Հիմնավորումները, որոնք ներկայացվում են տոկոսադրույքը չբարձրացնելու համար, տեղին չեն։
Առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի դեպի վերև բարձրանալ։ Ու չնայած ԿԲ-ն հույս ունի, որ տարեվերջին կնվազի, այնուհանդերձ նվազումն այնպիսին չի լինի, որ տոկոսադրույքը բարձրացնելու կարիք չկար։
«Մենք կանխատեսում ենք, որ առաջիկա ամիսներին այս ցուցանիշը կգնա ավելի վերև, թե որքան, ճշգրիտ չեմ կարող ասել, որովհետև այս ամիսները շատ տատանողական են` կապված սպասվող բերքի առատ կամ սակավ լինելու, թանկ կամ էժան լինելու հետ։ Բայց տարին, ըստ էության, կավարտենք 8 տոկոսից ավելի բարձր ցուցանիշով»,- ասում է ԿԲ նախագահը։
Տարեվերջին գնաճի սպասումը 8 տոկոսից ավելին է, իսկ ԿԲ-ն որոշել է տոկոսադրույքը չբարձրացնել, կարծես 8 տոկոսը տեղավորվում է այն սցենարի մեջ, որն ամրագրված է գների կայունության համար։ Գնաճի առավելագույն սահմանաչափը, որը պիտի ապահովի Կենտրոնական բանկը, 5,5 տոկոսն է։ Իսկ ԿԲ-ն խոսում է տարեվերջին 8 տոկոսից բարձր գնաճի մասին ու չի պատրաստվում քայլ անել այն մեղմելու համար։
Հույսը հիմա էլ դրել են դրամի ամրապնդման ու դոլարի թուլացման վրա։
Ազգային արժույթի ամրապնդումը, անշուշտ, կարևոր գործոն է դրա համար։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ միշտ չէ, երբ ազգային արժույթի ամրապնդումը հանգեցնում է գների նվազման։ Այն հիմնականում զսպող դեր ունի գների հետագա բարձրացման համար, իսկ նվազեցման ոչ միշտ է հանգեցնում։
Պատահական չէ, որ վերջին 2 ամսվա ընթացքում տեղի ունեցած ազգային արժույթի 15-16 տոկոս արժևորման պայմաններում գների իջեցումներ հիմնականում չնկատվեցին։ Ընդհակառակը՝ գնաճը մեր երկրում շարունակեց բարձրանալ, և վերջին տվյալներով՝ հասել է 9 տոկոսի։
Ի տարբերության ազգային արժույթի արժեզրկման ու գների բարձրացման, ազգային արժույթի ամրապնդման ու գների նվազման միջև կապը շատ թույլ է գործում, եթե նույնիսկ գործում է։ Պատճառը պետք է փնտրել մրցակցային միջավայրի մեջ։ Այստեղ, բնականաբար, անելիք ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, բայց Հանձնաժողովը կարծես տեղից չի շարժվում։ Եթե նախկինում գնաճի արդարացնող գործոններից մեկն էլ համարում էին ազգային արժույթի թուլացումը, ապա ամրապնդման պայմաններում չեն խոսում, թե ինչու դրամի արժևորումն ու դոլարի արժեզրկումը չի հանգեցնում գների նվազման։
Հայաստանը ներմուծման վրա նստած երկիր է, և տարադրամի էժանացումը չէր կարող ազդեցություն չունենալ ներմուծվող ապրանքների գների վրա։ Այլ բան, որ այդ ազդեցությունը սպառողները, ի տարբերություն ազգային արժույթի թուլացման, չեն տեսնում իրացման շուկաներում։
Դրամի ամրապնդումը գների նվազման չի հանգեցնում, իսկ թուլացման հետևանքով գնաճի ռիսկը շարունակում է բարձր մնալ։ Դրա համար էլ ԿԲ-ն հակված չէ միջամտել ու թանկացնել դոլարը։ Թեև նման փորձեր այս ընթացքում արվել են։ ԿԲ-ն շուկայից նաև որոշ քանակությամբ դոլար է գնել։
Դոլարի թուլացումը, բնականաբար, չի բխում ԿԲ շահերից։ Դրա հետևանքով՝ գնաճի ռիսկը մեծանում է։
Ստեղծված իրավիճակում տնտեսության արտահանելի հատվածի կորուստները Կենտրոնական բանկն առաջարկում է փոխհատուցել այլ օժանդակությունների միջոցով։ Պարտադիր չէ, որ դա լինի դրամի թուլացումը։
«Այդ օժանդակությունը կարող է լինել հավելյալ սուբսիդիաների կամ որոշակի հարկերի նվազման միջոցով»,- ասում է ԿԲ նախագահը՝ գնդակը տեղափոխելով կառավարության դաշտ։
Հիշեցնենք, որ օրերս էկոնոմիկայի նախարարը Կենտրոնական բանկին մեղադրում էր դրամի այդպիսի ամրապնդում թույլ տալու համար, ինչը հարվածում է տնտեսությանը։ Վահան Քերոբյանը կարծում է, որ ԿԲ-ն կարող է այնպես անել, որ հավասարակշռի դոլարի փոխարժեքի անկումը։
Էկոնոմիկայի նախարարը համարում է, որ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն պետք է սկսի նոր գործիքակազմ կիրառել։
Ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը, նախարարը չի մանրամասնում։ Սակայն պարզ է, որ դոլարը արժևորելու համար հարկավոր է ինտերվենցիաներ անել. այս պարագայում տարադրամ ներքաշել և մեծացնել դրամի զանգվածը։
Բայց այդպիսի մոտեցմանը դեմ է Կենտրոնական բանկը։ Եթե էկոնոմիկայի նախարարն իր շահերն է փորձում առաջ տանել, Կենտրոնական բանկն էլ՝ իր շահերը, առավել ևս՝ պարտավորություններն ունի, որոնցից ամենագլխավոր գների կայունության ապահովումն է։ Անցած տարի ԿԲ-ին չհաջողվեց գնաճը տեղավորել նախատեսված թիրախում։ Այս տարի այն ավելի ակտիվ է։ Ու եթե իրականանան հնչող կանխատեսումները, տարեվերջին այն ավելի բարձր կլինի, քան անցած տարի էր։
Թե ինչ է նշանակում նման բարձր գնաճը մեր հասարակության համար, որտեղ բնակչության կեսի եկամուտները գտնվում են աղքատության վերին գծից ցածր, դժվար չէ պատկերացնել։ Այդ պայմաններում թեկուզ 8 տոկոսը չափազանց բարձր գնաճ է մեր հասարակության բազմաթիվ շերտերի համար։ Հատկապես որ, առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում գնաճը շատ ավելի զգալի է և հասնում է գրեթե 15 տոկոսի։
Այսպիսի պայմաններում Կենտրոնական բանկը պարտավոր է առավելագույնն անել գների կայունությունն ապահովելու և գնաճը նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ վերադարձնելու համար։
Այստեղ պակաս կարևոր խնդիրներ չունի լուծելու նաև կառավարությունը, սակայն կառավարությունը վաղուց ձեռքերը լվացել է։ Հաճախ ինչ-որ ցուցանիշներ են հրապարակում աշխատավարձերի ու գնաճի վերաբերյալ՝ փորձելով հիմնավորել, թե գնաճն ավելի ցածր է, քան աշխատավարձերի աճը, բայց մոռանում են, որ մեր երկրում կան հարյուր-հազարավոր քաղաքացիներ, որոնք ո՛չ աշխատավարձ, և ո՛չ էլ, առավել ևս, պարգևավճար են ստանում։
Պատահական չէ, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզով» 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 500 հազար մարդ սոված է մնում։ Միայն վերջին 3 ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով։
Պատճառը, բնականաբար, բարձր գնաճն է ու հասարակության ցածր եկամուտները։ Դա պետք է լուրջ ահազանգ լիներ իշխանությունների համար մտածելու՝ մի կողմից՝ գնաճը մեղմելու, մյուս կողմից՝ մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին։ Բայց ինչպես տեսնում ենք, թե՛ մեկը չկա, և թե՛ մյուսը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ