Բաժիններ՝

Սև մահը Եվրոպա է եկել Կենտրոնական Ասիայից. գիտնականներ

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ղազախստանի եւ Ռուսաստանի մի խումբ գիտնականներ հաջորդակարգել են միջնադարյան այն գերեզմանատներից մարդկանց աճյունների ԴՆԹ-ն, որոնք գտնվում են ժամանակակից Ղրղզստանի տարածքում, եւ եկել այն եզրակացության, որ այստեղից է 14-րդ դարում Եվրոպա եկել ժանտախտի համաճարակը, որն ստացել է Սեւ մահ անվանումը:

Այդ մասին վկայում է Nature հանդեսում հրապարակված հոդվածը: Գիտնականներին հետաքրքրել է Ղրղզստանի Չույի մարզում շիրիմների այն մեծ քանակությունը, որոնք թվագրված են 1338-1339 թվականներին, ընդ որում՝ առանձին տապանագրերում հիշատակվել է ժանտամահը:

Առաջին գերեզմանատներն այդ շրջանում հայտնաբերվել են դեռ 1880-ական թվականներին: 30 մարդու աճյուններ այնտեղից տեղափոխվել են Կունստկամերա (ՌԴ գիտությունների ակադեմիայի Մեծ Պյոտրի անվան մարդաբանության եւ ազգագրական թանգարան), որտեղից էլ գիտնականներն ստացել են ուսումնասիրության նմուշները: Նրանց հաջողվել է հաջորդակարգել յոթ մարդու ԴՆԹ-ներ, որոնք էքսգումացիայի են ենթարկվել Ղարա Ջագաչ եւ Բուրանա գյուղերի մերձակայքի գերեզմանատներից:

Նմուշների որակը թույլ է տվել կազմել չորս գենոմ: Դրանցից երեքում հայտնաբերվել է ժանտախտի հարուցիչ՝ ժանտախտի ցուպիկ (լատ. Yersinia pestis), ընդ որում՝ պարզվել է, որ այն շտամների ուղղակի նախատիպն է, որը Եվրոպայում ժանտախտի համաճարակ է առաջացրել 1346-1353 թվականներին: Գիտնականների կարծիքով՝ ժանտախտը տարածվել է առեւտրական ճանապարհներով, որոնք անցել են ժամանակակից Ղրղզստանի Չույի մարզի տարածքով:

Հոդվածում նրանք նշում են, որ Տյան Շանի շրջանում գտնվում են ժանտախտի ցուպիկների բազմաթիվ բնական ռեզերվուարներ, ինչը եւս մեկ փաստարկ է հօգուտ իրենց հետազոտությունների: Սեւ մահը երկրորդն է դարձել ժանտախտի համավարակի պատմության մեջ, որի բարձրակետը 1346-1353 թվականներն էին:

Կարծիք կա, որ Սեւ մահը խլել է այն ժամանակվա Եվրոպայի բնակիչների կեսի կյանքը: Այնուհետեւ 14-րդ դարում եղել են եւս մի քանի բռնկումներ, իսկ այդ ժանտախտի շտամները շարունակել են աշխարում շրջանառվել մինչեւ 19-րդ դարը: Սեւ մահի աղբյուրը երկար ժամանակ մնացել է բանավեճերի առարկա: Շտամի առաջացման հնարավոր վայրերի թվում ավելի վաղ նշել են Չինաստանը եւ Հնդկաստանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս