Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանն արձագանքել է Ալիևին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական կեղծ հայտարարություններին Արցախի վերաբերյալ: «Տելեգրամ»-ի իր էջում Բեգլարյանը, մասնավորապես, գրել է.
«Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն, և դա միջազգային իրավունքի սուբյեկտ է, թեև պաշտոնապես միջազգայնորեն ճանաչված չէ:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը հաշվի չի առել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման անկոտրում իրավունքը»,- գրել է Բեգլարյանը:
Արցախի պետնախարարի խոսքով՝ ավելի լավ կլիներ, որ Ալիևն ավելի շատ մտածեր Ադրբեջանի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների բարեխիղճ կատարման մասին ՝ երաշխավորելով սեփական քաղաքացիների (այդ թվում ՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթարների և այլ փոքրամասնությունների) իրավունքների ապահովումը ՝ հայերի իրավունքների մասին «մտահոգվելու» փոխարեն։
«Միգուցե, Ալիևը հանկարծ հիշի, թե ինչ է տեղի ունեցել Խորհրդային Ադրբեջանում ավելի քան 500 000 հայերի հետ, թե Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա՞ թեկուզ մեկ հայ»,- գրել է Բեգլարյանը: