Փաշինյանի՝ Կատար այցից հետո Թուրքիան ներդրումներ կանի Հայաստանում. Կատարը Թուրքիայի դաշնակիցն է. Սերգեյ Մելքոնյան

Թուրքիայի ռազմավարական դաշնակից Կատարում 24 հոգանոց պատվիրակությամբ երկու օր անցկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան և «Բյուջե 2021-ի» կատարողականի քննարկման ժամանակն օգտագործեց՝  ոչ թե Հայաստանի բյուջեի կատարողականը ներկայացնելու, այլ, իր բնորոշմամբ, Արցախն Ադրբեջանին հանձնողների մասին խոսելու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանն անդրադարձավ Փաշինյանի ԱԺ-ի երեկվա ելույթին ու երկօրյա պաշտոնական այցով Կատար այցին՝ շեշտելով.

«Փաշինյանն այց է կատարել մի երկիր՝ Կատար, որտեղ մի քանի ամիս առաջ այցելել էին թուրք պաշտոնյաները, իսկ Կատարի Էմիրն էլ այցելել էր Ստամբուլ և փակ հանդիպում ունեցել Էրդողանի հետ։

Կատարն ու Թուրքիան ունեն ոչ միայն ռազմավարական, այլ նաև այլ տիպի շահեր, հետևաբար, անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարության դե ֆակտո ղեկավարը արաբական աշխարհ այցելելիս այցելում ոչ թե Էմիրություններ, որը հակաթուրքական քաղաքականություն է վարում, այլ հենց Կատար, որը Թուրքիայի դաշնակիցն է։ Ուզում եմ հիշեցնել, որ Էմիրությունները միակ արաբական երկիրն է, որը համաձայնեց պատերազմում պարտված երկրում՝ Հայաստանում, հսկայական միլիոններով ներդրում անել. դրա համար էր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի այցը։ Էմիրությունների համար Հայաստանը կարող է դիտարկվել որպես հակաթուրքական տարածք, իսկ Փաշինյանը, այցելելով Կատար, դա էլ փլուզեց»,- ասաց Մելքոնյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Կատար այցի ընթացքում Փաշինյանը խոսել է ՀՀ-ում կատարական ներդրումների մասին, ինչն իրականում նշանակում է հետևյալը.

«Թուրքերը Կատարում ունեն ներդրումային ֆոնդ. կես տարի առաջ են կնքել պայմանագրերը, ուստի հիմա թուրքերն անուղղակի կարող են ներդումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, իսկ դա այս իշխանությունը կծախի հասարակության վրա՝ ներկայացնելով, որ Թուրքիան գալիս է ոչ թե զենքով, այլ ծաղիկներով։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանը ոչ թե ցանկանում է դառնալ հակաթուրքական ալյանսի մաս, այլ հակառակը՝ պատրաստ է դառնալ թուրքական պրոյեկտի մի մասը»։

Ըստ պատմական գիտությունների թեկնածուի՝ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն Ադրբեջանին է հանձնվել Արցախի 75 տոկոսը, այլ հիմա խոսվում է, որ նաև Հայաստանն է արդեն կանգնել գոյաբանական խնդրի առաջ. ի դեպ՝ Հայաստանին սպառնացող գոյաբանական խնդրի մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2018 թվականին ասում էր՝ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, իսկ հիմա՝ 2022 թվականին, Ազգային ժողովում հայտարարում է՝ Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ է կանգնել։

Ըստ Մելքոնյանի՝ Հայաստանին սպառնացող գոյաբանական խնդիրն էլ ավելի կմեծանա, երբ Փաշինյանի տված համաձայնությամբ շուտով Հայաստանն Արցախին կապող հիմնական ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, հանձնվի Ադրբեջանին՝ մեզ համար ոչ նպաստավոր այլընտրանքային ճանապարհի դիմաց։

«Կանգնած ենք Արցախի հայաթափման առաջ. ինչպես ենք պահելու Աղավնոն կամ Բերձորը, երբ այնտեղ կանգնած լինեն միայն ադրբեջանցիները. դա բերելու է ուղղակի հայաթափման»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով՝ Արցախը հայաթափելուց ու ադրբեջանցիներով բնակեցնելուց հետո նոր Ադրբեջանի նախագահը կհամաձայնի խոսել հանրաքվեի մասին և, բնականաբար, կունենա իրենց համար շահեկան արդյունք։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս