«Լա՛վ եմ անում, ավելի վատ բան եմ անելու․․․»․ 184 ավագ դպրոցի ուսուցիչների ահազանգը՝ տնօրենը սպառնում է աշխատանքից հեռացնել իրենց
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթից հետո իրավիճակը լարվել է։ Դպրոցի ուսուցիչները 168.am-ի հետ զրույցում ահազանգեցին, որ գործող տնօրեն Մարիամ Կիրակոսյանը, որի պաշտոնավարման ժամկետն այս ամիս լրանում է, ահաբեկում է իրենց, սպառնում՝ ազատել աշխատանքից, իսկ պատճառը տնօրենի նոր ընտրությունն է՝ ցանկանում է ինքը կրկին դառնալ տնօրեն, և միտումնավոր ձգձգում է այդ գործընթացը, իսկ ուսուցիչներից մի քանիսը համարձակվել է այլ թեկնածուի օգտին քվեարկել։
Ուսուցիչների փոխանցմամբ՝ Մարիամ Կիրակոսյանը թիվ 184 դպրոցում տնօրեն է աշխատում 2017 թվականից, այսինքն՝ լրանում է նրա պաշտոնավարման 5 տարին: Գործող կարգի համաձայն՝ տնօրենի լիազորությունները դադարելուց 66 օր առաջ պետք է այդ պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարվի։ Սակայն մրցույթը հայտարարվել է խախտումով՝ 66 օր առաջ հայտարարելու փոխարեն՝ 3 օր ուշացումով։ Բայց այս հանգամանքը չի խանգարել, որպեսզի ընտրությունը կայանա։
Դպրոցի ուսուցչական կոլեկտիվը ուշագրավ մանրամասներ է հայտնում մրցույթի անցկացման, դրան նախորդած, ապա՝ հաջորդած հանգամանքների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել 2 ուսուցիչ՝ Նարինե Վարդերեսյան և Մարինե Աբրահամյան, վերջինը, ուսուցիչների պնդմամբ՝ գործող տնօրենի նշանակած մարդն է։
«Նրան էլ բերել է, որ ոչ թե տնօրեն դառնա, այլ, եթե վտանգ տեսնի, որ երկրորդ թեկնածուն շանսեր ունի հաղթելու՝ ինքնաբացարկ հայտնի, այդպես էլ եղավ։ Դպրոցի ծնողական խորհուրդը որևէ թեկնածուի ձայն չէր տվել, իսկ դրանից հետո՝ ապրիլի 25-ին, տեղի է ունեցել դպրոցի մանկավարժական կազմի փակ քվեարկությունը, և 48 ուսուցիչներից 5-ը քվեարկել են Նարինե Վարդերեսյանի օգտին, տնօրենի նշանակած թեկնածուն չէր ներկայացել՝ ինքնաբացարկ էր հայտնել։ Իհարկե, 5 ձայնից 2-ն անվավեր է ճանաչվել։ Նշենք, որ տնօրենը, նախքան ծնողական խորհրդի քվեարկությունը, մի քանի օր առաջ ժողով է արել, ծնողներին ասել՝ դեմ կքվեարկեք երկու թեկնածուներին էլ։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ, տնօրենը թեկնածուներից մեկին ասել է՝ ինքնաբացարկ ներկայացրու, որպեսզի կարողանա իր հավաստագրի հարցը լուծել և մյուս ընտրությանը առաջադրվել։ Մեր տեղեկություններով՝ Մարիամ Կիրակոսյանը դիմել է հավաստագիր ստանալու համար, սակայն կտրվել է, բայց դպրոցում չի ասում, որ կտրվել է, ասում է՝ ուղղակի չեմ մասնակցել․․․»,- պատմեցին 184 դպրոցի ուսուցիչներից մի քանիսը։
Նրանց խոսքով՝ մրցույթն ընթացակարգի խախտումով հայտարարելն էլ է միտումնավոր եղել, և երբ ծնողական և մանկավարժական խորհուրդների քվեարկություններին հաջորդել է դպրոցի Կառավարման խորհրդի բաց քվեարկությունը, հանձնաժողովը եկել, տեսել է, որ խախտումով է եղել․․․ Հունիսի 28-ին գործող տնօրենի նոր պաշտոնավարման ժամկետը լրանում է, պետք է ժամանակավոր պաշտոնակատար բերեն։
Ուսուցիչները նաև հայտնեցին, որ իրավիճակը հատկապես լարվել է, երբ գործող տնօրենը ծանոթացել է ուսուցչական խորհրդի քվեարկության արդյունքներին, տեսել, որ իր խոսքից անցնողներ են եղել, ու 5 հոգի քվեարկել է իր համար ոչ ցանկալի թեկնածուի օգտին․
«Ինքը կոլեկտիվին պարտադրել էր, որպեսզի չքվեարկեին թեկնածուներից որևէ մեկի օգտին, ստիպել է, որպեսզի ուսուցիչները քվեախցիկում նկարեն քվեաթերթիկները և ցույց տան իրեն։ Փաստացի վերահսկել է գաղտնի քվեարկությունը։ Բայց ուսուցիչները լսելով թեկնածուների ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրերը՝ 5 հոգին մյուս թեկնածուի օգտին էին քվեարկել։ Տնօրենը մյուս թեկնածուի՝ Նարինե Վարդերեսյանի օգտին քվեարկած թեկնածուներին դավաճաններ է անվանել։
Իսկ դպրոցի կազմակերպչական փոխտնօրեն Աննա Թադևոսյանը քվեարկությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և Վարդերեսյանի օգտին քվեարկած ուսուցիչներին անվանել է առնետներ»։
Իսկ հիմա ամենաուշագրավը։ Դպրոցի ուսուցիչներից մի քանիսը 168.am-ին ձայնագրություն են փոխանցել, որտեղ դպրոցի տնօրեն Մարիամ Կիրակոսյանը ուսուցիչների քվեարկությունից 2 օր հետո՝ ապրիլի 27-ին, նրանց հետ հանդիպման ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել․
«Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց՝ 47 մինուս 5-ին, ովքեր ինձ վստահեցին։ Ես գիտեմ, որ հնարավոր չի, որ 42 մարդ սիրի ինչ-որ տնօրենի, հնարավոր ա, բայց կա կոնսոլիդացիա, կոլեկտիվ հասկացություն, որ մարդիկ իրար են հարգում, իրար են սիրում։ Չի՛ եղել կարծիքների սահմանափակում, ովքեր չէին ուզենալու՝ ազատ կարող էին ասել, բայց, եթե այդ համարձակությունը չեն ունեցել, ավելին՝ կեղծավորություն են արել։ Ասեմ ի հայտարարություն բոլորիդ, ո՛ւր ուզում եք գնացեք բողոքեք, ո՛ւմ վրա ուզում եք գրեք, արդեն թքած ունեմ ձեր գրածի վրա, թքա՛ծ ունեմ ձեր բամբասանքի վրա և բոլոր էն սրիչների, ովքեր էս կոլեկտիվում․․․ Ես ձեզ ասեմ, էդ դեմն իմ դեմ չի, էդ այս կոլեկտիվի դեմ ա։ Ես այլևս ոչինչ չունե՛մ կորցնելու, ոչինչ չունեմ կորցնելու։ Ես մենակ մի խոսք եմ ուզում փոխանցեմ, էդ մարդը, որ դրել էր, չգիտեմ, անունը չեմ ուզում տամ, որովհետև ափսոս ա, որ ինքն անուն ունենա, էդ տականքը, որ նստում, ծնողկոմիտեին զանգում ա ու իմ մասին բամբասանքներ է տարածում, որ ես կաշառակեր եմ, որ դուք ինձանից բողոքում եք, էդ ո՞վ ա էդ լուրերը տալի, որ ես իրանց հեռախոսները ստուգում եմ, տենամ՝ ով ինչ ա անում։ Լա՛վ եմ անում, լա՛վ եմ անում, ավելի վատ բան եմ անելու։ Ճիշտ է, չեմ հասնի իրան ես, եթե մի արժանապատիվ թեկնածու լիներ, ու դուք հոգու խորքում մտածեիք, որ հա էլի, հենց էլ ուզում եմ իրա հետ աշխատեմ, ես կհարգեի ձեզ, ո՞ւմ եք ընտրել։ Ես լուրջ եմ ասում, լուրջ եմ ասում։ Մի պահ շատ եմ ուզում սենց ամեն ինչից ձեռներս լվանամ, ինքը գա ձեզ տնօրեն լինի, շատ եմ ուզում։ Ես չգիտեմ՝ ինչ ա խոստացել, վստա՛հ եմ՝ փող, վստահ եմ՝ փող, փողի համար կարան մենակ խիղճը ծախեն էդ մարդիկ, ես ուրիշ բան չե՛մ ուզում ասեմ։
Հիմա ինչքան ուզում եք պատիվ պահանջեք, ես էլ պատիվ ունեմ, ես ավելի շատ պատիվ ունեմ։ Ես, գիտեք, ինչքան բան կարամ ապացուցեմ ձեզ, ինչքան տվյալ կարամ մտցնեմ ձեր աչքը, հերիք է թաքուն խաղեր խաղաք իմ հետ ու խնդաք իմ երեսին։ Մտնեք իմ կաբինետ, հետո խնդա՞ք իմ վրա, ես այդ մեկը թույլ չե՛մ տա ձեզ, իմ կաբինետ մտնող ու շողոքորթող մարդը, որ համարձակվել է ըտենց քայլ անի, ինքը, եթե ես էլ ներեմ, Աստված չի ներելու։ Աստծուց մենակ, մենակ մի բան եմ խնդրելու, Աստված իրա դեմը բերելու ա, ու շատ շուտով դուք դրա ձենը լսելու եք։ Իրանք չպիտի աշխատեն այս կոլեկտիվում։ Ես չեմ ստիպելու՝ իրանք դուրս գան, ես ինքս կարող ա ստեղ չաշխատեմ, դրանում չի հարցը․․․
Մեր գյոզալ կոլեկտիվով պետք ա շնորհակալ լինենք էն մարդուն, որ հրաժարական տվեց, ու ասեմ ձեզ, հրաժարական ա տվել, որ զրկի՛ դրան էդ շանսից, որովհետև ստեղ մարդը նստում ուսուցչանոցում կոֆե ա խմում, վազում ա տուն, զանգում ա սրան-նրան, պատմում ա՝ ինչ ա ստեղ եղել։ Ոչնչացրեք էդ մարդուն, ոչնչացրե՛ք։ Ես էլ չեմ վախենում, թող էթան բողոքեն, թող ինձ հանեն որպես տնօրեն, ես հո որպես մարդ չե՞մ դադարելու գոյություն ունենալ ու ավելի ձեռքերս կազատեմ։ Ինձ որ օրը հանեցին տնօրենի պաշտոնից, իմ ձեռներն ավելի ազատ ա լինելու, ու ես իրանց հախից գալո՛ւ եմ, հախից գալու եմ, ոնց որ իրանք այս օրը ինձ այ սենց․․․
Աշակերտությանը մի թեթև հրահրեցի՝ կգզե՛ն, կգզե՛ն, իրանք կգտնեն՝ ով եք դուք, որովհետև դուք աշակերտների մոտ եք բերաններդ բացում, որովհետև դուք աշակերտների մոտ իրանց եք գովացել, որովհետև դուք աշակերտների մոտ թույլ եք տվել վրիպումներ, որ իրանք վռազ ֆիքսել են։ Վազելո՛վ ինձ գալի ասում են՝ ով պտի դեմ քվեարկի։ Ու էս ամբողջի մասին իրանք տեղյակ են, ես չեմ իրանց տեղյակ պահել, է, էն տականքն ա իրանց տեղյակ պահել, նույնիսկ հայտարարել է՝ ո՞վ է ուսուցիչներից իրա կողմից լինելու, դե գնացեք հիմա ու մտածեք․․․
Ով մտավ իմ կաբինետ ու կապիկություն արեց իմ դեմ, չարտահայտեց իրա իսկական տեսակետը, վախեցավ տեսակետն ասի, բայց չվախեցավ կողմ քվեարկի, էդ կապիկները, էդ կապիկները թող վախենան ինձանից։ Ես, եթե ազատվեցի պաշտոնից, ավելի վատ ա լինելու իրենց համար, ես որպես տնօրեն՝ շատ ավելի սահմանափակ եմ իմ գործողություններում։
Ուզում եմ ասել, որ մեկ ա, իրանք չհաղթեցին։ Ես գիտեի, որ էդ մարդը չի գալու էդ օրը, բայց չասեցի։ Առավոտ շուտ էդ մարդն արդեն տեղյակ էր պահել, բայց ես չասացի։ Կարաք էդ էլ էթաք խաբար տաք։ Գնացեք խաբար տվեք, որ իմացել է՝ չի գալու, բայց մրցույթը չեղյալ չի համարել։ Էդ էլ խաբար կտան, վստահ եմ, հես ա ձենը վաղը կլսեք։ Կարաք հիմա զապիս անեք, ժողովուրդ ջան, ձայնագրեք տարեք՝ ցույց տվեք․․․
Էն քվեարկությանն էլ չէր անցնելու ինքը, որովհետև Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պոռնիկ չի՛։ Եթե այս ընտանիքում մարդ կա, որ չի ընդունում սա՝ որպես ընտանիք, գնա՛, ախպեր, խի՞ ես մնացել։
Ես ձեր համար կապիկ չեմ, դա չեմ ներելու ձեզ, ես ձեր համար կապի՛կ, մայմուն չե՛մ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ես շատ լավ գիտեմ՝ որ մեկդ ինչ եք արել»։
168.am-ը կապ հաստատեց Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի տնօրեն Մարիամ Կիրակոսյանի հետ, նա հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին․
«Հիմա ես ձեզ ի՞նչ պատասխանեմ, ես ի՞նչ իմանամ՝ ով է մեղադրողը, որ մի հատ էլ բացատրեմ՝ ինչի համար է այդպես ասել։ Հարգելիս, եկեք այստեղ, ես ձեր հարցերին կպատասխանեմ, հեռախոսով չեմ պատասխանում այս որակի հարցերին, համեցեք իմ աշխատավայր, ես ի պաշտոնե կպատասխանեմ»։
168.am-ն առաջիկա օրերին կայցելի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց՝ լսելու տնօրեն Մարիամ Կիրակոսյանի պարզաբանումը։
168.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան բաժնի աշխատակցի հետ։ Թեմայի վերաբերյալ զարգացում լինելուն պես կհրապարակենք։
Ուսուցիչների տրամադրած ձայնագրության ամբողջական տարբերակը՝ առանց մեկնաբանության։