Ինչո՞ւ է քանդվել մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը. ԱԺ-ում պատճառները փորձել է ներկայացնել նախարարը
«Ամիսներ առաջ ամբողջությամբ վերակառուցվել է Կապան-Տաթև ճանապարհահատվածը, բայց մի քանի ամիս առաջ Տաթև-Աղվանի ճանապարհածածկը գրեթե ամբողջությամբ քանդվել է, և տվյալ հատվածը դարձել է դժվար երթևեկելի»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Պատգամավորը Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց ուղղեց՝ ինչո՞ւ է հիմնանորոգված ճանապարհը դարձել ոչ երթևեկելի, և ի՞նչ միջոցներ են ձեռնարկում ճանապարհի տվյալ հատվածի վերականգնման ուղղությամբ։
«Ես չգիտեմ՝ ինչու է տպավորություն, որ այս երկրում ամենաքիչը Տարածքային կառավարման նախարարությունն ու շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն։ Անընդհատ այդպիսի տպավորություն կա, ամենևին դա այդպես չէ, էս երկրում ճանապարհի գլխավոր 2 պատասխանատու կա, մեկը պատվիրատուն է՝ ի դեմս պետության, ի դեմս մեր նախարարության, մյուսը շինարարներն են։
Տաթև-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, մեկն այդ տարածքի կառուցվածքն է։ Երկրորդը՝ 3 կտորներից մեկն ավելի վաղ է նախատեսված եղել, և սկսվել է շինարարություն, նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, նախատեսված է եղել երկու շերտ, ոչ թե երեք շերտ, և այսպես շարունակ։
Մյուս 2 կտորը կառուցվել է բավական արագ, կառուցվել է տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ․․․ Այդ ամբողջը հասկանալով՝ աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել, այսինքն՝ վերջին շերտը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել․․․ Բարդ ձորակ է, կավային շերտ է, 2 մետր ամբողջ շերտը հանելու խնդիր կա․․․ Հիմա թերություները վերացնելով՝ գնում են, 2 ընկերության հատվածը միասին մոտ 1 կլիոմետր է մնացել, որ ամբողջությամբ ավարտեն և երրորդ շերտն ասֆալտապատեն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում