Կողմերը, որոնք ներգրավված են, գործընթացի հետ կապված՝ ունեն իրարից տարբերվող մեկնաբանություններ. Տաթևիկ Հայրապետյան

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին և ԼՂ հիմնախնդրին, վստահեցրել է՝ սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի ԼՂ խնդրի հետ:

Հիշեցնենք, որ հարցազրուցավարի հարցին՝ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես պատասխանել է. «Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև, ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ, սակայն, վարչապետի այս հայտարարությունը հակասում է նախորդիվ նրա կողմից հնչեցված շատ հայտարարությունների:

Ադրբեջանագետը նշում է՝ մինչև պատերազմը, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԼՂ բանակցային գործընթացի մասին, մշտապես կարևորում էր հանգամանքը, որ կողմերը փաստաթղթերում արտացոլված դրույթները միևնույն ձևով մեկնաբանեն՝ մինչդեռ այս պահին կողմերն ունեն տարընկալումներ:

«Ադրբեջանական կողմը բազմիցս՝ և՛ Ալիևի մակարդակով, և՛ իրենց ԱԳՆ տեքստերում հստակ ցույց է տալիս, որ իրենց համար սահմանազատման գործընթացը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու և դրանով վերջնականապես այդ հարցը փակելու գործընթաց է: Եվ ամբողջ մտահոգությունները, անհանգստությունները, որոնք դրա շուրջ արտահայտված են, հենց դրանով էին պայմանավորված:

Հիմա ակնհայտ է, որ մենք մտել ենք բավականին վտանգավոր մի գործընթացի մեջ՝ այն առումով, որ նաև ՀՀ սուվերեն տարածքում են ադրբեջանական զորքերը: Ի դեպ, այդ հարցում ևս ՀՀ կառավարությունը հետ կանգնեց իր նախկին այն դիրքորոշումից, որով ասում էին՝ մինչև զորքերը դուրս չգան, չենք գնա սահմանազատման:

Այժմ մտանք այդ գործընթացի մեջ, և երկու կողմերը, որոնք ներգրավված են, գործընթացի հետ կապված՝ ունեն իրարից տարբերվող մեկնաբանություններ: Եթե հիշեք՝ նաև ռուսական կողմն է մի քանի անգամ շեշտել, որ իրենք տարբեր են տեսնում Ղարաբաղյան կարգավորման հարցը, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի հարցը, բայց ադրբեջանական կողմի մոտ ակնհայտ դիրքորոշման տարբերություն կա, ուստի այս գործընթացն ինքնին խնդրահարույց է»,- մանրամասնեց Տաթևիկ Հայրապետյանը:

Իշխանական նախկին պատգամավորը շեշտեց, որ ի սկզբանե ընդունելի չի համարել հայկական կողմի ներգրավումն այս գործընթացում, երբ ադրբեջանական զորքերը դեռևս ՀՀ սուվերեն տարածքում են:

«Դրա մասին շատ քիչ է խոսվում. միայն վերջերս ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Փաշինյանը հիշեց այդ հանգամանքը, բայց ընդհանուր առմամբ՝ Փաշինյանի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԱԳՆ կողմից շեշտվել էր՝ իրենք չեն գնալու այս գործընթացին, մինչև զորքերը դուրս չբերվեն:

Զորքերը մնացին, ամրաշինական աշխատանքները շարունակվեցին, դեռ տարածքներն էլ, տարբեր հրապարակումների համաձայն, ավելի են ընդլայնվել, սակայն իրենք շարունակում են գնալ այդ գործընթացին և փորձում են դա ներկայացնել, թե իրենք սահմանային կայունություն են ապահովում: Մի հանգամանք, սակայն, ցավով հիշեցնեմ, որ հենց Բրյուսելից ընդամենը 4 օր անց մենք զոհ ունեցանք սահմանին: Այսինքն, երբ փորձում են ներկայացնել, թե դրանով սահմանային կայունություն են ապահովում, դա էլ իրականությանը, ցավոք, չի համապատասխանում. երանի՝ գոնե, այդ ամբողջով պայմանավորված՝ զոհեր չունենայինք»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Տեսանյութեր

Լրահոս