Փաշինյանը մոռացե՞լ է Գյանջիրով Հովհանյանի գործը և 2016թ. հիստերիայի հասնող իր բոցաշունչ ելույթը

168.am-ն օրերս տեղեկացրել էր՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Արարատի մարզում էր. Արարատ քաղաքում նա ծանոթացել էր սուբվենցիոն ծրագրով վերակառուցված զբոսայգու պայմաններին: Մինչ Փաշինյանը կհասներ Արարատ քաղաք, քաղաքապետարանի մոտից բերման էին ենթարկվել մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ Գայանե Գյանջիրով Հովհանյանը:

Այս միջադեպը կմնար միայն միջադեպ, եթե դրան չնախորդեր մի հին ու առեղծվածային պատմություն, որին ԱԺ ամբիոնից անդրադարձել էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

2016թ. սեպտեմբեր. Խորհրդարանում շարունակվում է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ելույթով, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ անդրադառնում է նաև Արարատի մարզի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի ինքնասպանությանը:

«…Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը նման կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է, մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013 թվականին գտել են կախված վիճակով:

Նախորդ օրերին իր գործատուներն էս մարդուն բացահայտ կերպով ծեծել են, նվաստացրել են, հաջորդ օրը էդ մարդուն գտել են կախված, ու մինչև հիմա ոչ մի մարդ այս գործով քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած էդ քրեական գործի նյութերում քննիչը գրում է՝ ծեծեցին, էս արին, հետևից ընկան, փախավ, պախկվեց…, ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ:

Հիմա, եթե այս մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ՞: Եթե նույնիսկ համարենք, որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել՝ ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնել. ինչքա՞ն կարող են»,- 2016թ. իր ելույթում նշում է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ հիմա, ամենաուշագրավը, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր արարքների մեջ մեղադրվող «գործատուները» ոչ ավել, ոչ պակաս՝ 2021թ.-ին հենց նրա ձեռամբ Արարատի համայնքապետի պաշտոնը ստանձնած Ասլան Ավետիսյանն ու նրա որդիներն են:

Գյանջիրով Հովհանյանի գործը

2013-ի հուլիսի 25-ին Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել, հետագայում նրա դին գտնվել էր Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։

Գ. Հովհանյանը աշխատել էր քարի արտադրությամբ զբաղվող «Ջի-ընդ էյ» ընկերությունում, որը պատկանում է Ասլան Ավետիսյանին ու նրա ընտանիքին։ «Հետք»-ը տարիներ առաջ ներկայացրել էր Հովհանյանի «ինքնասպանության» պատմությունը. ըստ նրա կնոջ ու դստեր՝ Գայանե Հովհանյանի, քարի արտադրամասում աշխատելիս Հովհանյանը տեսել էր, որ քարհատման ժամանակ ջարդոններ են ավելանում, խնդրել էր պետի տեղակալին թույլ տալ իրեն ջարդոնները վերցնել ու սեփական բակը կարգի բերել։ Ստանալով թույլտվություն՝ Գ. Հովհանյանը գնում է արտադրամաս՝ դրանք տուն բերելու համար, բայց հենց արտադրամասի դիմաց նրան սպասելիս են եղել Ասլան Ավետիսյանի երկու որդիները, որոնք դաժան ծեծի են ենթարկում Հովհանյանին ու նրա հետ քարի ջարդոններ տուն բերելու գնացած մնացած անձանց։

Սա դեռ ամենը չէ. ըստ «Հետք»-ի՝ Ավետիսյանի որդիները «ջիպով» գալիս են Գյանջիրովի տուն՝ փնտրելով նրան։ Գյանջիրովը թաքնվում է հարևանի տանը՝ խոտերի մեջ, իսկ Ասլան Ավետիսյանի որդիները խոստանում են բոլոր դեպքերում գտնել Գյանջիրովին։ Հաջորդ առավոտյան Գյանջիրովի հարևան տաքսիստը նրան խորհուրդ է տալիս գնալ Ասլանի որդիներին տեսնելու, որից հետո Գյանջիրովը դուրս է գալիս տնից, իսկ հետո հայտնաբերվում է նրա դին՝ ծառից կախված վիճակում։

Հետագայում նախաքննական մարմինը և դատախազությունը հայտնում են՝ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել։

2020 թվականի դեկտեմբեր. Ասլան Ավետիսյանի որդին՝ Հովհաննես Ավետիսյանը, նշանակվում է Արարատի մարզպետի օգնական:

2021թ. մարտ. Հովհաննես Ավետիսյանն արդեն մարզպետի խորհրդական է:

2021թ. հոկտեմբեր. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրում Ասլան Ավետիսյանին Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

2021թ. դեկտեմբեր. Արարատ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի օրակարգի առաջին հարցը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, որը տեղի ունեցավ բաց քվեարկությամբ: «Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել Վահե Հարությունյանը, «Իմ հզոր համայնք» խմբակցությունից՝ Հայկ Հայկյանը, որը նախկին համայնքապետն էր, և ՔՊ-ից Ասլան Ավետիսյանը: «Իմ հզոր համայնք» խմբակցությունից հայտարարեցին, որ անօրինական բաներ են անում նիստում, ուստի բոյկոտեցին նիստն ու հեռացան: Ավագանու մյուս անդամները մասնակցեցին քվեարկությանը. Ասլան Ավետիսյանը՝ 14 ձայնով՝ դարձավ Արարատ համայնքի ղեկավար:

Փաստորեն, 2016 թ. ընդդիմադիր Փաշինյանի բոցաշունչ ելույթը իշխանությունը վերցնելուց հետո արդեն մոռացվեց՝ ինչպես և շատուշատ նման հայտարարություններ. Փաստորեն, 2018 թ. «հեղափոխությունը», որ գալիս էր մաքրելու արատավոր բարքերը, առաջին հերթին մաքրեց Նիկոլ Փաշինյանի հիշողությունը:

Գյանջիրով Հովհանյանի սպանության գործի ոդիսականը, 9 տարի է, շարունակվում է. ստացվում է՝ Փաշինյանի՝ «Հիմա, եթե այդ մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ» հայտարարությունը արդիականությունը չի կորցրել:

Իսկ հեղափոխություն կոչվածից հետո «նոր Հայաստանում» «այդ մարդու հարազատները», պարզվում է, ոչ միայն չեն մտնում այս ու այն պատկան մարմիններ, այլև անգամ բերման են ենթարկվում:

2022թ. հունիս. Փաշինյանն այցելում է Արարատի մարզ, ամենատարբեր պատճառներով բերման են ենթարկվում քաղաքացիներ: Արարատի համայնքապետարանի շենքի մոտից բերման ենթարկվածների թվում է նաև Գայանե Գյանջիրովի Հովհանյանը, որը ենթադրում է՝ իրեն բերման են ենթարկել, քանի որ ցանկանում էր Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղել Ասլան Ավետիսյանի մասին:

Գայանե Հովհանյանն այսօր արդեն մեզ հետ զրույցում մանրամասնում է.

«Որևէ արձանագրություն չի կազմվել, որևէ բացատրություն չի տրվել, թե ինչո՞ւ են ինձ բերման ենթարկել. պարզապես մեզ թղթեր են փոխանցել և ասել՝ խնդրում ենք գրել, որ մեզ բերման են ենթարկել ապօրինի: Ես ասում եմ՝ պետք է ունենաք կոնկրետ փաստ, ապացույց, կասկած՝ ինչի հիման վրա եք մեզ բերման ենթարկել 30-40 մարդու ներկայությամբ (առանձնապես սպասող չուներ Փաշինյան կոչեցյալը): Գուցե իրենք մեզ ասեին՝ գիտեք, քաղաքապետը վախենում է ձեզնից, կամ գուցե՝ ամոթ է արթնացել այդ ստահակի մեջ. մեզ խնդրեին-համոզեին, ասեին՝ գիտե՞ք ինչ կա՝ Արարատում պետք չէ, Արտաշատ է գնալու, Վեդի է գնալու, գնացեք էնտեղ հանդիպեք»:

Իր հոր սպանության գործին անդրադառնալով՝ նա հիշեցնում է, որ գործի մի մասը, չնայած փաստերին, փորձագետի հիմնավորված եզրակացություններին, կասեցվել է:

«Բազմամիլիոն բողոքներին ընթացք չեն տալիս, որովհետև վարչապետն իրենց թիկունքում է,- գործի կասեցված մասին անդրադառնալով՝ նշում է մեր զրուցակիցը, ապա շարունակում,- Միևնույն ժամանակ՝ մի մասը քննվում է Արարատի մարզի Արտաշատի դատարանում. հաջորդ նիստը նշանակված է այս ամսի 29-ին, 13:30-ին, մյուս մասը քննվում է Երևանի Կենտրոնի դատարանում:

Այս մարդիկ՝ ինքը, իր տղաները (նկատի ունի Ասլան Ավետիսյանին և նրա որդիներին.- Ա.Վ.), սպանության գործով անցնում են մի մասը՝ 112-րդ հոդվածով, մյուս մասը՝ 104 հոդվածով. որևէ սպառիչ պատասխան չկա: Ամեն կերպ շեղում են երկու տղաների վրա: Երկու տղաներից մեկին էլ արանքից չոր են հանել, մնացել է մեկը, որն այս պահին ստորագրությամբ բաց է թողնված»:

«Լավ, գոնե օրենքի տառը պահեին, թողնեին, որ քրեական գործերն իրենց հանգուցալուծումը ստանար, նոր պաշտոնների նշանակեին. ո՞վ է տեսել՝ քրեական գործով անցնող մարդիկ անօրինական նշանակվեն պաշտոնների: Գործերը չփակված՝ իրավունք չունեն պաշտոնների նշանակվել»,- հիշելով Նիկոլ Փաշինյանի 2016 թ. ելույթը՝ նշում է Գայանե Հովհանյանը:

Ի դեպ, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանի անունը տարիներ շարունակ շրջանառվում էր մեկ այլ դրվագում ևս. ԵԿՄ անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը «Մարտի 1»-ի գործով անցնող անձանցից էր:

2021 թ. մայիս. Վճռաբեկ դատարանի կողմից կայացված 2-րդ որոշմամբ «Մարտի 1»-ի գործով անցնող Ասլան Ավետիսյանը վերջնականորեն արդարացվել էր: Վճռաբեկ դատարանը որոշել էր՝ Ասլան Հովհաննեսի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս