Ռուսաստանը հող է նախապատրաստում հետխորհրդային տարածքում տեղակայված կենսալաբորատորիաները հանելու համար․ վերլուծաբան

Ռուսաստանը կրկին բարձրացնում է հետխորհրդային տարածքում կենսաբանական լաբորատորիաների վտանգավորության թեման Ռուսաստանի համար:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս խորհրդակցություններ պահանջել կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետությունների հետ՝ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների գործունեության առնչությամբ:

«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս գործի դնել այնպիսի մեխանիզմներ՝ Կոնվենցիայի V և VI հոդվածների համապատասխան, որոնք խորհրդակցություններ են ենթադրում կոմիտեի անդամ պետությունների միջև՝ կոնվենցիայի նպատակի կամ դրա դրույթների կատարման հետ կապված ցանկացած հարցերի լուծման համար, ինչպես նաև համագործակցություն՝ ԿԶԿ-ի պարտավորությունների հնարավոր խախտումների ցանկացած հետաքննության անցկացման հարցում»,- ասել է նա:

ՌԴ-ի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հարևան մի շարք երկրներում կենսաբանական լաբորատորիաների ցանց է ստեղծել, որոնցում Պենտագոնի հովանու ներքո վտանգավոր վիրուսների հետ աշխատանք է իրականացվում: Ամերիկյան կողմը պնդում է, որ լաբորատորիաները գործում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգության շահերից ելնելով, և մերժում է այդ հաստատություններում կենսաբանական զենքի ստեղծման վարկածը:

Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բացի Ուկրաինայից և Վրաստանից, ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում:

Նշենք նաև, որ մայիսի 16-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն էր դարձրել նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։ Սրան հաջորդել էր թեմային անդրադարձ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից, որը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ ՌԴ-ն շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Ըստ դեսպանատան՝ դրա ակտիվացմանը նպաստեց 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։ ՌԴ դեսպանատան գրառման մեջ նշվել էր, որ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում մի շարք հաջողված ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում ապահովվում է սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիտորինգ, տեղեկատվության փոխանակում, կարևոր գիտական ​​հետազոտություններ, Հայաստանի լաբորատոր ցանցի կատարելագործման գործում տեխնիկական և մեթոդական աջակցության տրամադրում և մասնագիտացված մասնագետների պատրաստում։

«ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Ռուսաստանի կողմից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ համատեղ աշխատանքը թույլ է տվել կանխել ժանտախտի և այլ վտանգավոր վարակների արտազատումը Հայաստանի տարածքում բնական օջախներից»,- ասված էր հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ դեսպանատնից նշել էին, որ կենսաանվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում դեռևս ունեն հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ՝ ռազմական գերատեսչությունների միջոցով։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նպատակաուղղված է Վրաստանում ֆինանսավորվող Լուգար կենտրոնին, որպեսզի ակտիվացնի մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ: Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Պենտագոնի շահերից ելնելով Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում ուկրաինական կենսանախագծերին մասնակցող կառույցների առկայությունը։

ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմաններին մոտ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված էր հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում հետխորհրդային տարածքում տեղակայված կենսալաբորատորիաները հանելուն ուղղված գործողությունների համար:

Նրա դիտարկմամբ, պատահական չէ, որ այդ մասին խոսեց Վլադիմիր Պուտինը, ու ՌԴ դիվանագիտական գերատեսչությունները ԱԳ նախարարության հովանու ներքո շարունակում են հասկացնել բոլորին, որ Ռուսաստանը հարցեր ունի դրանց կապակցությամբ:

Կախա Գոգոլաշվիլիի համոզմամբ, այս թեմայի շրջանառումն ու շահարկումը նպատակ ունեն ցույց տալ, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ազդեցության գոտում աշխատում է Ռուսաստանի դեմ լաբորատորիաների միջոցով: Սա էլ, ըստ նրա, նաև տեղեկատվական պատերազմի գործիք է:

«Բնականաբար, այստեղ խնդիրն ամենևին կենսաանվտանգությունը չէ, քանի որ, օրինակ, Վրաստանի դեպքում դա վրացական լաբորատորիա է, որն ունի առանցքային նշանակություն մեր երկրի համար, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ դա ևս երևի թե խանգարում է Ռուսաստանին:

Հայաստանն իր հերթին՝ հուշագիր է կնքել այդ հարցով ՌԴ-ի հետ, տրամադրել մուտք մասնագետների համար, վստահեցրել, որ դրանք գործում են ՀՀ կառավարման ներքո, սակայն դա ևս կարծես թե բավարար չէ Ռուսաստանի համար: Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին այս լաբորատորիաները վերածվել են աշխարհաքաղաքական պայքարի գործիքի, և Ռուսաստանը դա փորձում է օգտագործել: Այս դեպքում, բնականաբար, լաբորատորիաներ ունեցող երկրներից շատ բան է կախված, թե նրանք ինչպես կհիմնավորեն, կբացատրեն դիվանագիտորեն կամ ոչ դիվանագիտորեն, որ դրանք կարևոր են մեր երկրների անվտանգության համար»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, Ռուսաստանը ձգտելու է այս ոլորտում իրենց հայտարարություններում նշվող երկրների տարածքում մենաշնորհ սահմանել կենսաբանական անվտանգության ոլորտում:

«Դա է պատճառը նաև, որ Հայաստանի դեպքում դեսպանատան հայտարարության մեջ նշվել էր, թե ինչ հաջողություններ ունի Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունն այդ ոլորտում: Այնուամենայնիվ, հետևողական անդրադարձերը նշանակում են, որ կփորձեն ազդել լաբորատորիաների տեղակայման վրա հետխորհրդային երկրներում: Վրաստանի դեպքում ինչպե՞ս են դա անելու՝ դժվար է պատկերացնել, բայց այս շղթայում Վրաստանը Ռուսաստանի համար կարևոր հանգույց է, այդ պատճառով անընդհատ խոսում են Վրաստանի լաբորատորիայից, բայց այն հանելու հնարարավորություն ՌԴ-ն չունի: Թեև կրկնեմ, որ Ռուսաստանն այս հարցով գործողություններ է նախապատրաստում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս