«Ունեցեք ձեր անձնական լույսը». 12-ամյա երաժիշտ Ալեքս Գևորգյանը «Լուս Ա» դեբյուտային ալբոմով ու համերգով ներկայացավ հանդիսատեսին
Հունիսի 10-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ դաշնակահար, երաժիշտ Ալեքս Գևորգյանի դեբյուտային՝ «Լուս Ա» ալբոմի շնորհանդես-համերգը։
Լեփ-լեցուն դահլիճում 12-ամյա Ալեքսը ներկայացրեց «Լուս Ա» ձայնասկավառակում ընդգրկված Կոմիտասի յոթ ստեղծագործությունների իր մշակումները: Ստեղծագործություններից յուրաքանչյուրի մշակման ընթացքն ունեցել է իր յուրօրինակ պատմությունը, որն Ալեքսը համերգի ընթացքում բեմից պատմեց նաև հանդիսատեսին։
Համերգին շատ երկար են պատրաստվել: Հանդիսատեսի նման, Ալեքսն էլ կուլիսներում անհամբեր սպասում էր, թե ինչ է տեղի ունենալու բեմում, և շատ կարևոր էր՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը, իսկ հանդիսատեսի արձագանքը յուրաքանչյուր կատարումից հետո բուռն ծափահարություններն էին և «բրավո»-ները։
«Այս ամենի մասին շատ եմ երազել և այժմ փորձում եմ այն համադրել իրականության հետ։ Իսկապես շատ պարտավորեցնող, հպարտության առիթ տվող երևույթ և պատասխանատու ելույթ է ինձ համար։ Վստահ եմ, որ այսօր բացարձակ նոր երաժշտություն կհնչի՝ ամբողջությամբ կենդանի կատարմամբ։ Նոր երաժշտություն ենք բերել՝ պարզապես լսեք»,- ելույթից առաջ նշեց Ալեքս Գևորգյանը` ներկայացնելով երաժիշտ ընկերներին:
«Լուս Ա»-ն ինքնատիպ նախագիծ է ոչ միայն մտահղացմամբ, ստեղծագործական յուրահատկությամբ, այլ նաև բեմում գտնվող երիտասարդ երաժիշտների թիմով՝ Արտյոմ Մանուկյան (թավջութակ), Սերգեյ Բալաշով և Արմեն Շահվերդյան (հարվածային գործիքներ), Արսեն Ժամագործյան (բաս կիթառ, կոնտրաբաս), Հեկտոր Լտակիրոտ (Hector Cardoso Ltacirot, էլեկտրիկ կիթառ), «Տիեզերք» բենդ:
Համերգի ընթացքում «Լուս Ա» ալբոմում ձայնագրված ոչ բոլոր երաժիշտներն էին հանդես գալիս։ Ինչպես համերգի ընթացքում նշեց Ալեքս Գևորգյանը, հանկարծակի առողջական լուրջ խնդիրների՝ բարդ վիրահատության պատճառով, համերգին չէր մասնակցում Արտո Թունջբոյաջյանը։ Արտոյի ներկայությունը համերգին, այդուհանդերձ, ապահովված էր։ «Սոնա յար» ստեղծագործության կատարման ժամանակ Ալեքսի դաշնամուրին զուգահեռ՝ դահլիճի էկրանին ցուցադրվում էին ալբոմի ձայնագրության ժամանակ կատարված կադրերը․ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու Արտո Թունջբոյաջյանին և Ալեքսին ստեղծագործական գործընթացում։
Վերջին պահին ի հայտ եկած հանգամանքների պատճառով համերգին չէր մասնակցում նաև Միքայել Ոսկանյանը, ում կատարումը նույնպես ներկայացվեց տեսագրության և ալբոմի ստեղծագործական ընթացքի մասին պատմող տեսանյութերի միջոցով։
Իսկ «Գարուն ա» ստեղծագործությունն ամերիկահայ Սամ Բաբայանի փոխարեն՝ Ալեքսի հետ կատարում էր տաղանդավոր երգչուհի Մանե Մինասյանը։
Ալեքս Գևորգյանի խոսքով՝ համերգի և ձայնասկավառակի կյանքի կոչելու գործում շատերն են ներգրավված եղել, բոլորն են օգնել ու ոգևորել իրեն, սակայն ամենամեծ աշխատանքն արել են երաժիշտները, ընտանիքը, ընկերները։
Ալեքսը նաև պատմեց, թե ինչու է ձայնասկավառակն անվանել «Լուս Ա»։
««Լուս Ա»-ն իմ այս չորս տարիների հոգեվիճակն էր, որը, գիտեմ, դեռ չի ավարտվելու իմ մեջ: «Լուս Ա»-ին ստեղծելիս՝ ես չեմ մտածել, որ ինքը կլինի: Նա ինձ համար մի անհայտ կերպար է, հոգեվիճակ, որը բավականին բարդ է: Կամ միգուցե մեկն է, ում նույնիսկ ես դեռ չեմ ճանաչում: Նա ինչ-որ մեկն է: Ով պտտվում է իմ գլխի շուրջը: Իմ հոգում է անընդհատ: Ու իմ մտքում է անվերջ: Նա մի յուրահատուկ ու չկրկնվող կերպար է: Նրա ընկալումը շատ անհատական է: Ու նա շատ բացառիկ երևույթ է ինձ համար, բայց չափազանց բարդ, իրոք: Ես նրան չեմ կարող անդրադառնալ ամեն ժամ, ամեն օր: Նա պետք է իմ մեջ լինի: Ես պետք է կարոտեմ իրեն: Ու ես վստահ եմ, որ նա շարունակություն ունի: Այսպես: Բոլորիդ մեջ այս «Լուս Ա»-ից եմ ուզում մի քիչ: Կարծում եմ՝ նա այսօր տարածվեց այստեղ, ու արդեն այն ձեր մեջ է: Ունեցեք ձեր անձնական լույսը: Շնորհակալ եմ: Ուզում եմ կատարել իմ այսօրվա վերջին ստեղծագործությունը: Նրա ընկալումն էլ շատ ինդիվիդուալ է: Սա ինձ համար նման է մենախոսության: Սա դաշնամուրի մենախոսությունն է առ երկինք: Ու այսքան խոսելուց հետո, ուզում եմ նվագել այն: Մնացեք լույսով…»,- պատմեց Ալեքս Գևորգյանը: Ի դեպ, ալբոմն Ալեքսը նվիրել է իր տատիկին՝ Զինա Բաղդասարյանին:
«Լուս Ա» ալբոմում «Սոնա յար»-ը Ալեքսի ու Արտո Թունջբոյաջյանի համատեղ կատարումն է, «Քելե Քելե»-ում նա նվագում է Արտյոմ Մանուկյանի հետ, «Ես սիրեցի»-ում հնչում է Միքայել Ոսկանյանի թառը, «Երկինքն ամպել ա»-ում նա հանդես է գալիս «Տիեզերք» բենդի հետ, իսկ «Գարուն ա» ստեղծագործության մեջ երգում է ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգիչ Սեմ Բաբայանը (The Dirty Diamond խմբից):
Ալբոմում տեղ են գտել Ալեքսի երկու սոլո կատարումները՝ «Մոկաց Միրզան», որն ամբողջությամբ էլեկտրոնային երաժշտություն է, իսկ «Սարեն կուգայի»-ն էլետրոնային և դասական երաժշտության զուգակցում է։
«Հիմա իմ ամենասիրելի գործն ենք կատարում՝ «Մոկաց Միրզա»-ն: Սիրում եմ, որովհետև միմիայն էլեկտրոնային գործիքներով ենք կատարում: Տարօրինակ, բայց հետաքրքիր ստեղծման պատմություն ունի: Գրել եմ տանը՝ քովիդի ժամանակ, ամբողջությամբ իմ էլեկտրոնային մտահղացումներն են»,- նշեց երաժիշտը:
Ձայնասկավառակում հանդես են եկել նաև հայտնի երաժիշտներ Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (թմբուկ) և Վարդան Առաքելյանը (բաս կիթառ)։
«Սա իմ առաջին պրոյեկտն է, որտեղ ներկայացված են Կոմիտասի ստեղծագործությունների իմ 7 մշակումները: Բավականին բարդ ու շատ պատասխանատու աշխատանք էր ինձ համար. նախ՝ մեկտեղել մեկ պրոյեկտում այս հրաշալի երաժիշտներին, ու նրանց հետ Կոմիտաս ներկայացնել. անշուշտ, մինչև մշակումները, ես բավականին երկար ուսումնասիրեցի Կոմիտասին, փորձեցի նրան հասկանալ տարբեր տեսանկյուններից, մոտեցա իր էությանը, ու հենց Կոմիտասը ինձ տարբեր փուլերում օգնեց մոտենալ ինքս ինձ: Ալբոլմում ներկայացված մի քանի ստեղծագործություններ Կոմիտասի այն մեղեդիներն են, որոնք նա հավաքագրել է` իր բանահավաքչական տարիներին, ու մեզ են հասել հենց կոմիտասյան տարբերակները: Բայց ալբոմում կան նաև հենց իր՝ Կոմիտասի գրած ստեղծագործությունները:
Այս ընթացքում ես ծանոթացա Կոմիտասի պատարագին, որը հաճախ փորձում եմ լսել, ու անգամ որոշ մասեր նվագել ինձ համար: Միտք կա պատարագը կատարել երգչախմբի հետ, որովհետև որոշակի կտորներ ունեմ` ինքս մշակած, որոնք դաշնամուրի ու երգչախմբի համար են: Հպարտ ու շնորհակալ եմ, որ ուսանում եմ իմ դաշնամուրի ուսուցչի՝ Հասմիկ Անչարակյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի մոտ:
Դասական երաժշտությունը ես բացահայտում եմ հենց նրանց մեծագույն օգնությամբ։ Իսկ ջազն ինձ հետաքրքրեց դեռ մի քանի տարի առաջ, ու ջազի տարբեր ենթամասեր՝ հատկապես bebop-ը ուսումնասիրելուց հետո, ինձ առավել քան հետաքրքրեց ազգային երաժշտությունը: Իմ կարծիքով, պետք է անընդհատ, ամենուր խոսել հայկական ազգային երաժշտության մասին, պետք է կատարել այն ու տարածել այն ու պրոպագանդել այն»,- մեզ հետ զրույցում պատմեց 12-ամյա Ալեքս Գևորգյանը, ով ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:
«Շուտով կհանդիպենք»,- հանդիստատեսի ծափողջույնների ներքո հրաժեշտ տալիս ասաց Ալեքսը:
Լուսանկարները՝ Թինա Գևորգյանի և Հայկ Ոսկանյանի