Ես ունեմ խորքային համոզմունք, որ գործող վարչապետը ունի խորը փիլիսոփայական մտածողություն, որ Արցախից պետք է ազատվել. Ստեփան Դանիելյան
«Հարավային Կովկասը բուֆերային գոտի է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջև։ Եթե բուֆերում ուժերի դիսբալանս է տեղի ունենում, առաջանում է կոնֆլիկտ այս պետությունների միջև»,- «Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկմանը նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Քաղաքագետը նկատեց՝ այս փուլում մեկնարկում է նոր պրոցես, և պետք է մոռանալ Կարսի պայմանագրի մասին, ապա շեշտեց՝ կա 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ: Անդրադառնալով նոր՝ 3+3 ձևաչափին՝ Ստեփան Դանիելյանը համոզում հայտնեց, որ այս կերպ փորձ է արվում Արևմուտքին դուրս մղել Հարավային Կովկասից։
«Խնդիրը կոմունիկացիաներն են:
Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են այդ կոմունիկացիաների առումով իրենց շահերը ներադաշնակել՝ Արևելք-Արևմուտք, Հարավ-Հյուսիս ճանապարհը: Ռուսաստանը դուրս է մղվել Եվրոպայից, փորձում է Պարսից ծոց-Սև Ծովից իր բեռանափոխադրման խնդիրներն առաջ քաշել։ Դիսբալանսը բալանսավորելու գործընթաց է տեղի ունենում, որտեղ Հայաստանը, որպես այդպիսին, գործող իշխանություն չկա: Դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող դերակատարություն ունենալ։ Իհարկե, ՀՀ-ն կարող է դերակատարություն ունենալ՝ և՛ բացասական, որը կբերի մեծ տարածաշրջանային պատերազմի, և կա՛մ ճիշտ դիրքորոշում ունենալ՝ քիչ կորցնելու համար կամ ինչ-որ բաներ շահելու համար, ինչը հնարավոր է»,- մանրամասնեց նա:
Ըստ բանախոսի՝ Ուկրաինայից հետո այս տարածաշրջանը կարող է լինել խոշոր պատերազմի հաջորդ օջախը, կան երկրներ, որոնք ուզում են, որ այդ պատերազմը լինի՝ իրենց խնդիրները լուծելու համար:
Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ ՀՀ գործող իշխանությունները ունեին հնարավորություն պատերազմը թույլ չտալու, բերեց մի իրավիճակի, որ տեղի ունենա պատերազմ:
«Ես ունեմ խորքային համոզմունք, որ գործող վարչապետը ունի խորը փիլիսոփայական մտածողություն, որ Արցախից պետք է ազատվել, և ինքը տեսնում է, որ դա շատ լավ բան է, Հայաստանի համար է։ Ինքն այդ միջավայրում է դաստիարակվել, ինքն այդ գաղափարները կրելով է եկել, և գուցե դրա համար են նրան աճացրել՝ բերելու:
Այս պահին այս մարդը Հայաստանի անվտանգության խնդիրներով չի զբաղվում. ինքը զբաղվում է անձնական անվտանգության հարցերով։ Գուցե մի օր կբացվեն որոշ տվյալներ. միջազգային լուրջ ղեկավարների հետ խոսելիս, ինքը խնդրում է անձնական ապահովություն միջոցներ, այն մարդկանց հետ, որոնց հետ կարող էր խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Կարծում եմ՝ կգա ժամանակը, և այդ փաստերը ջրի երես դուրս կգան։
Այս մարդն էքզիստենցիալ անձնական խնդիր է լուծում. ինքը վախ ունի, և քաղաքականությունը շատ դեպքերում ինքը կառուցում է՝ դրանից ելնելով»,- նկատեց բանախոսը:
Քաղաքագետն անդրադառնալով ընդդիմության գործողություններին, չբացառեց, որ գուցե ընդդիմությունն էլ միջազգային վիճակը չի հասկանում ու «կրակի մեջ փայտ է գցում». «Իրենք լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, իրենք չեն փորձում հասկանալ, թե մեկ-երկու տարի հետո ինչ պրոցես է գնալու. ինչ կարող ենք շահել, ինչ կարող ենք կորցնել։ Մենք կարող ենք կորցնել ոչ թե Արցախը, այլ Հայաստանը։ Կարող ենք և ահագին հաջողություններ ունենալ՝ հասկանալով ու ճիշտ քաղաքականություն վարելով։
Խնդիրը հետևյալն է՝ այս իշխանությունը պետք է գնա, այդ մարդը վտանգ է, բայց մյուս կողմից՝ եկեք մյուսներին սուրբ չսարքենք՝ այդ ընդդիմությանը»: