Մենք այսօր էլ ունենք չսպառված զինանոց դիվանագիտական առումով. Վահագն Մելիքյան

«Երբ գնում ես  բանակցության, անպայման պետք է սահմանես քո օրակարգը, որը խստորեն պետք է հիմնված լինի ազգային պետական շահերի վրա: Ես ամեն գնով խաղաղության դարաշրջանը բացելու և առաջ շարժվելու օրակարգի հետ որևէ ձևով համաձայն չեմ, որովհետև նախ՝ սա հայրենասիրության մրցավազք չէ՝ ով է ավելի հայրենասեր, և ով՝ ոչ, ոչ էլ պոպուլիզմի»,- «Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց Դեսպան, Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

Դիվանագետի համոզմամբ` այժմ անհրաժեշտ է շատ հստակ, սառը դատողականություն և հուզականություններից զերծ գործընթաց, որովհետև 44-օրյա պատերազմից հետո մենք հայտնվել ենք ծանրագույն իրավիճակում:

Վահագն Մելիքյանը շեշտեց՝ պետք է  հստակ կարողանալ թիրախային ֆիքսել հնարավոր ուղիները, պատուհանները, որոնց միջոցով կարող ես քո ազգային, պետական շահերը պաշտպանելով՝ առաջ շարժվել.

«Այո՛, ես համարում եմ, որ այսօր էլ մենք ունենք բավականին չսպառված զինանոց դիվանագիտական առումով, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ լռել են թնդանոթներ, և պետք է սկսվեր դիվանագիտական աշխատանքը, ցավալիորեն, որոշակի պահի  մենք շեղվել ենք այդ ճանաարհից, և մասնագիտական այն հսկայական պոտենցիալը, որ կար, և մասնագիտական մոտեցումները, որ կային, որոնք շատ հստակ ցուցադրում էին այն ճանապարհը, որով պետք է ՀՀ-ն  շարժվի, դրվեց մի կողմ և ընտրվեց ուրիշ ճանապարհ»:

Դեսպանը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը բաժանեց մի քանի փուլի՝  հարաբերությունների կարգավորման տեսանկյունից նախ հստակեցնել և համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, ապա՝ կողմերի կողմից հատկապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ստորագրված փաստաթղթերի ու ընդունված հայտարարությունների վերաբերյալ վերահաստատել իրենց պարտավորությունները:

«Միջազգային միակ մանդատը, այնուամենայնիվ,  շարունակում է մնալ ՄԽ ձևաչափը, և շտապողական ձևով այդ ձևաչափը փոխելու քայլերը ուղղակի հղի են ՀՀ հանդեպ սպառնալիքներով»,- հավելեց նա:

Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ Վահագն Մելիքյանը նկատեց՝ անհրաժեշտ է հստակ համաձայնեցնել, թե որն է ելակետը:

«Ըստ իս՝ ելակետը մինչև 2021 թ. մայիսի 12-ի ստատուս-քվոն է»,- հստակեցրեց դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս