«Եթե շարժումը ձախողեց, պայքարը չի՛ մարելու, քաոս է սկսվելու՝ իր հետևանքներով». Արթուր Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր շարժումը և՛ դրսում, և՛ ներսում շատ ուժերի ստիպում է որոշակի հարցերում գոնե առժամանակ ձեռնպահ մնալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից:

«Անգամ այն հատվածը, որը շարժմանը չի աջակցում, տեղեկատվական դաշտի մանիպուլյացիաների ազդեցության տակ է, երբ նրանք ճիշտ ինֆորմացիային տիրապետեն, կհեռանան իշխանություններից: Ինչ վերաբերում է շարժմանը, շատերը կարծում են՝ սա քաղաքական գործընթաց է, իհարկե, խորքային առումով ցանկացած բան քաղաքական է, բայց սա քաղաքական պայքար չէ: Մենք տեսնում ենք 180 աստիճան տարբեր տեսակետներ ունեցող ուժերի, որոնք միավորված են մի նպատակի շուրջ: Այս պայքարը չի կարող մարել. Դրա մարելը կնշանակի՝ Հայաստանի չգոյություն: Սա ազգային ազատագրական պայքար է, երկիր ունենալ-չունենալու պայքար է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արթուր Եղիազարյանի դիտարկմամբ՝ շատերն են ցանկանում, որ շարժումը ժամ առաջ հաջողի. «Երբ դու երկրիդ շահերից ելնելով ես պայքարում, պետք է ամեն քայլդ կշռադատված լինի: Քաղաքացին պետք է հասկանա՝ ինչքան շատ լինեն փողոցում, այդքան մոտենում է իշխանափոխությունը: Մարդկանց ոչ մարտունակ տեսակ կա, որոնք մտքով քո հետ են, բայց իրենց չեն պատկերացնում շարժման մեջ, մարդ կա՝ չի կարևորում իր մասնակցությունը, ասում է՝ դե լավ, որ ես չգնամ՝ ի՞նչ պետք է լինի, և լայվով է նախընտրում նայել: Ինքը չի մտածում, որ իր պես մտածում են տասնյակ և հարյուր-հազարավոր մարդիկ, և եթե իրենք մի օր որոշեն, որ Ֆրանսիայի հրապարակից պետք է նայեն, շատ արագ ամեն ինչ կարող է փոխվել: Շարժումը հենց վաղն էլ կարող է հասնել նպատակին, բայց կարող է նաև մի քանի ամիս տևել, սա նաև նյարդերի պայքար է: Այստեղ իշխանության վրա նստած քաղաքական ուժի հաշվարկն այն է, որ ժամկետը երկարի՝ կմաշեն, կհոգնեն, կգնան, մենք էլ ասում ենք՝ չէ, գիտակցում ենք, որ երկիր ենք կորցնում, պետք է կարողանանք սրան դիմակայել, մինչև հարմար պահը կգա»:

Նրա գնահատմամբ՝ միայն մարդկանց թվաքանակով էլ հարց չի լուծվում. «Սա շարժում է, շարժումը ամեն պահի կարող է տրանսֆորմացվել, կարող են շարժման մեջ ուժեր լինել, որոնք հարթակին չհարեն: Ես Աստված եմ կանչում, որ այս ճանապարհով խնդիրը լուծվի, որովհետև անկեղծ խոսեմ՝ եթե, օրինակ, շարժումը ձախողեց, ի՞նչ է լինելու, մարելո՞ւ է, չի՛ մարելու, քաոս է սկսվելու: Ես բազմաթիվ անձանց, կազմակերպությունների գիտեմ, որոնք համբերատար սպասում են, որ քաղաքական լուծում լինի, և ովքեր մեղավոր են՝ պատասխան տան: Երբ իրենք մի օր գիտակցեն, որ այս ճանապարհով չի լուծվելու, սկսելու են այլ գործընթացներ:

Չեմ ուզում վատը ասել, բայց ուզում եմ հասկանալ՝ ո՞նց են պատկերացնում այսօրվա պատգամավորները իրենց հանգիստ սրճելը սրճարաններում: Լավ, շարժումը էլ չկա, բայց մարդը կարող է այսօր համբերատար սպասել, վաղը ուղղակի մտածի, որ դու ես մեղավոր եղել իր երեխու զոհվելու, թուրքերի ներկայության համար, և որոշի հաշվեհարդար տեսնել: Էն, որ Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ դալաններում են ծեծելու, սա իրականում վատ բան է, սա նշանակում է՝ պարտիզանական պայքար: Եթե մարդիկ ուզում են, որ ուժեղ ձևով դուրս գանք, պետք է այս շարժումը այս հարթակում, այս ճանապարհով հաջողի: Բոլորը մի կողմ դնեն իրենց անձնական էմոցիաները, սուբեյկտիվ դիրքորոշումները. Ինձ երբեք չի հետաքրքրում՝ հարթակում ով է կանգնած, ես գիտեմ՝ ինչի համար եմ այնտեղ՝ երկիր չկորցնելու համար եմ այնտեղ: Այս գիտակցումը երբ հաղթեց, այս ճանապարհով հաջողեցինք, կարծում եմ՝ նորմալ ապագա կունենանք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս