Վահագն Խաչատուրյանը Վրաստանում խոսե՞լ է Վերին Լարսից. պարզաբանում են նախագահականից

Հայկական բեռնատարները շարունակում են մնալ Վրաստանի տարածքում` սպասելով վրաց-ռուսական սահմանը հատելու իրենց հերթին։ Եվ քանի որ շուտով մեկնարկելու է միրգ-բանջարեղենի արտահանման սեզոնը՝ արտահանողներն իշխանություններին հորդորում են իրավիճակի կարգավորմանն ուղղված հապճեպ քայլեր ձեռնարկել։

Հենց այս նպատակով, օրինակ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 11-ին պատրաստվում է մեկնել Վերին Լարս՝ հանդիպելու ռուս գործընկերներին, հասկանալու համար, թե անցակետի թողունակությունն արագացնելու ի՞նչ հնարավորություններ ունեն:

Ուշագրավ է, որ օրեր առաջ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վրաց գործընկերների հետ հանդիպումներում այդպես էլ չի հնչեցրել խնդրին առնչվող որևէ հրապարակային խոսք:

168.am-ը, այդուհանդերձ, նախագահ Խաչատուրյանից գրավոր հարցմամբ փորձեց տեղեկանալ՝ արդյոք Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում անդրադարձե՞լ է այնպիսի հրատապ խնդրի, ինչպիսին է Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը, արդյո՞ք եղել են կոնկրետ քննարկումներ, որոնք վերաբերել են «Վերին Լարս» անցակետի թողունակության խնդիրներին:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանում, պարզվեց, այս հարցադրումների պատասխանները չկան. հայտնել էին միայն, որ մայիսի 30-31-ը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել է հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Նաև վստահեցրել. «Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է Հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում»:

Նկատենք, որ Վահագն Խաչատուրյանը, որը, ի դեպ, իր տնտեսագիտական նախկին վերլուծություններում մեկ անգամ չէ անդրադարձել Լարսի խնդրին և բոլորից լավ է պատկերացնում խնդրի մասշտաբայնությունը, այս հարցի առնչությամբ իդիլիական հանգստություն է պահպանել իր այցի շրջանակներում, բավարարվել համընդհանուր թեմաների քննարկումներով:

Նախագահի այս ֆենոմենալ հանդարտության նմանօրինակ այլ դրվագներ ևս կան. օրինակ, երբ ընդդիմությունը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան պողոտայում, որպեսզի Լիտվայի նախագահին ցույց տա, որ գործող իշխանությունները լեգիտիմություն չունեն ու չեն կարող բանակցել Հայաստանի անունից, զուգահեռ իրականությունում՝ Վահագն Խաչատուրյանը Լիտվայի նախագահի պատվին դաշնամուր էր նվագում:

 

Տեսանյութեր

Լրահոս