«Արցախը բացառիկ անհրաժեշտություն է մեր նորմալ զարգացման և գոյության համար, այն մեր պատվարն է». Արթուր Իշխանյան

Հունիսի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական հայտարարությամբ իր մտահոգությունն էր հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։

Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից»,- նշված էր ԳԱԱ հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, գիտնականների մտահոգություններից, նկատեց՝ անշուշտ, գիտնականներն էլ անհանգստություն ապրում են, ինչպես ողջ հայ հասարակությունը։

«ԳԱԱ-ն հանդիսանալով Կառավարության խորհրդատուն, պետք է իր դիրքորոշումն արտահայտեր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինքս լիովին համաձայն եմ հայտարարարությունում տեղ գտած բոլոր կետերի հետ, ինքս չգիտեմ՝ այդ հայտարարարությունն ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ, ապագան ցույց կտա։ Մենք այսօր ապրում ենք բուռն փոփոխությունների տուրբուլենտ դարաշրջան»,- նշեց Արթուր Իշխանյանը։

Ըստ նրա, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր, իհարկե, տեսնում է, սակայն համարում է, որ այսօր բոլոր հարցերի համար պահանջվում է պրոֆեսիոնալ մոտեցում։ Հետևաբար, բոլոր պրոֆեսիոնալ հարցերին պետք է պատասխանեն պատկան մարմինները, որոնք իրականացնում են բանակցություններ հակառակորդի հետ և խոսում են միջազգային հարթակներում։

«Ինչ-որ տեղ չափազանցնելով հայոց վերաբերյալ, երբեմն ասում են, որ մենք «գեներալների» ազգ ենք այն առումով, որ բոլորն ամեն ինչ գիտեն։ Բոլորս պետք է գիտակցենք կախված վտանգները։ Մենք առավելագույնը մեր դիրքերում պետք է համախմբենք ուժերը։

Ակնհայտաբար, որպես արցախցի, հոգո խորը ցավ եմ ապրում՝ լսելով այդպիսի բաներ, թե Արցախը բեռ է։ Խորը ցավ եմ ապրում՝ որպես հայ մարդ, որովհետև երկրագնդի վրա յուրաքանչյուր անհատ, երբ ծնվում է, ծնվում է իր հատկություններով հանդերձ։ Մենք չենք ընտրում հայրենիք, ծնողներ, մենք ծնվում ենք այդպիսին, հիմա մենք հայ ենք ծնվել և ունենք ինքնություն, որն աշխարհի բազմազանության մաս է, աշխարհի բազմազանությունը աշխարհի, մշակույթների, մոտեցումների բազմազանության մեջ է։ Այնպես որ, ես խորը ցավ եմ ապրում այն առնչությամբ, որ ինչ-որ մարդիկ Արցախին վերաբերվում են՝ որպես բեռի, սա անընդունելի է»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե դուրս գա հուզական աշխարհից և խոսի քաղաքական կատեգորիաներով, ապա որևէ կասկած չկա, որ Արցախը հանդիսացել է հայ ժողովրդի արևելյան պատվարը։ Այն եղել է հայկական քաղաքակրթության անքակտելի մասը։

«Արցախի կորուստը գոյաբանական խնդիր է առաջացնում մեր պետության համար։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք պահպանել աշխարհի բազմազանությունը, պետք է պահպանենք հայի ինքնությունը, մեր ազգի, պետականության ինքնությունը։ Այս առումով Արցախը բացառիկ անհրաժեշտ բաղադրիչ է։ Մենք պետք է գիտակցենք դրա կարևորությունը մեր պետականաստեղծ գործում։ Առհասարակ չափազանցում չի լինի ասել, որ մեր երրորդ հանրապետությունը ստեղծվել է Արցախի հետ վերամիավորման օրակարգի հետ միասին։ Քաղաքական տեսակետից երկրագնդի վրա տեղի են ունեցել բազմաթիվ բացասական երևույթներ, ցավոք, բացասականի արտահայտություն է այն ցեղասպանության վտանգը, որն այսօր կախված է Արցախի ու արցախահայության վրա։ Կարծում եմ՝ զուտ հումանիստական, համամարդկային գաղափարներից ելնելով՝ պետք է պաշտպանենք ու պահպանենք Արցախը։ Արցախը բացառիկ անհրաժեշտություն է մեր նորմալ զարգացման և գոյության համար, այն մեր պատվարն է»,- եզրափակեց Արթուր Իշխանյանը։

Տեսանյութեր

Լրահոս