Հայաստան-Ադրբեջան կարգավորման բրյուսելյան հարթակը՝ բազմակողմ քննադատությունների թիրախ. ինչո՞ւ է անհանգիստ Բրյուսելը
Մայիսի 22-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած եռակողմ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո Բրյուսելին ուղղված քննադատությունների տարափն անհանգստացրել է Բրյուսելին: Մայիսի 23-ին Միշելի տարածած հաղորդագրությունից, հունիսի 1-ին ԵԽ նախագահի խոսնակի անունից տարածված պարզաբանող հայտարարությունից հետո օրերս տարածաշրջան ժամանեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Ռուբեն Ռուբինյանի և Արարատ Միրզոյանի հետ:
Ավելի վաղ՝ եռակողմ բանակցությունների արդյունքներով Միշելի տարածած հայտարարությունն ու արած շեշտադրումները քննադատելու փորձ կատարեց Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մայիսի 25-ին, նշելով, թե քննարկումների արդյունքում կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն չի եղել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է հայտարարություն անել, որը հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: «Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»,- ասել էր նա:
Այսպիսով՝ հայաստանյան ընդդիմադիր շրջանակների բարձրացրած բողոքի ալիքն այս գործընթացի նկատմամբ ԵՄ-ին ստիպեց տեղում պարզաբանել իրավիճակը բրյուսելյան գործընթացը չտապալելու նպատակով, հատկապես, երբ դրա նկատմամբ ժամանակ առ ժամանակ անվստահություն է հայտնում նաև ռուսական դիվանագիտությունը: Ուստի Տոյվո Կլաարը Երևանում ունեցավ հանդիպումներ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ և հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին, փորձելով մեկնաբանել հայկական կողմի մտահոգության հիմնական թեման, որն առնչվում է Ղարաբաղի ապագա կարգավիճակին, Ղարաբաղի մասնակցությանն այդ կարգավիճակի հստակեցման գործընթացին, սակայն ըստ էության չփարատելով որևէ մտահոգություն:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությո՞ւնն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, նա պատասխանել է, որ Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա:
«Եվ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու»,- նշել է նա։
Դիտարկմանը, թե Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, Տոյվո Կլաարն արձագանքել է՝ ասելով, թե, ի վերջո, հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։
«Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»,- նշել է Կլաարը, նաև ընդգծելով, որ դրական արձագանքներ են ստացել բրյուսելյան գործընթացի վերաբերյալ Բաքվից:
Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ էլ Տոյվո Կլաարն ասել է՝ հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով դիտարկմանը, թե մինչ Երևանը խոսում է Մինսկի խմբի մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել: Հատկապես ուշագրավ էր, որ Տոյվո Կլաարը որևէ կերպ չխոսեց Ղարաբաղի կարգավիճակի թեմայից, այլ խոսեց միայն գործընթացն առաջ մղելուց և Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու կարևորությունից:
Բացի այն, որ Միշելի մայիսի 23-ի հայտարարությունը խորը մտահոգությունների պատճառ դարձավ Երևանում և Ստեփանակերտում, որոնք մինչ այսօր չեն փարատվում, բրյուսելյան գործընթացին անդրադառնում է նաև ռուսական դիվանագիտությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրյուսելյան բանակցություններից հետո ասել էր, որ ՌԴ-ն տեսնում է ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի գործընթացին միջամտելու համառ փորձեր: «Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ուզում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել էր նա։
Ի դեպ, օրերս իր տված հարցազրույցում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն ասել էր, թե Եվրոպական խորհուրդն այն ձևաչափը չէ, որտեղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը պետք է քննարկվեն: «Եվրոպական խորհուրդն այդ ներուժը չունի ու այդ շահերը՝ հակամարտության վերջնական ու համապարփակ կարգավորման մեջ լրջագույն դերակատարություն ունենալու հարցում»,- նկատել էր նա:
Հայկական համացանցն այսօր էլ քննարկում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի հարցազրույցը, որում նա քննադատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքի դերը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը ձեռնտու էր Արևմուտքին: «Այս հակամարտությունը հասունացել է վաղուց՝ դեռ խորհրդային ժամանակներից։ Եվ այն շատ ձեռնտու էր Վաշինգտոնին, որը շահագրգռված էր բորբոքել հակամարտություններ, որոնք վնասում են հարևան պետությունների կայուն կյանքին։ Ոչ ոք, բացի Ռուսաստանից, շահագրգռված չէր այս խնդրի կարգավորմամբ։ Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիների ու մահացածների մարմինները։ Բացի այդ, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման հաջող միջնորդությունից հետո Մոսկվան ուժեղացրեց իր խաղաղապահ ներկայությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանն այսօր ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։ Ստացվում է, որ կարգավորման բրյուսելյան գործընթացը դարձել է դժգոհությունների ու քննադատությունների առարկա, դրանք հնչում են Երևանից, Ստեփանակերտից, Մոսկվայից:
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում փորձեց կանխատեսել բրյուսելյան հարթակի ճակատագիրը:
Ըստ նրա, ԵՄ-ի տեսանկյունից իսկապես բարդ է զբաղվել մի հակամարտության կարգավորման գործընթացով, որին նա չի առնչվել տևական ժամանակահատված, ծանոթ չէ դրան խորապես և ըստ էության հակամարտության գոտում չունի այն ազդեցությունը, ինչ ՌԴ-ն, քանի որ դա որոշիչ գործոն է:
«Ամենապարզ իրավիճակը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են, Ղարաբաղի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, որից բխում են մարդկանց աշխարհաքաղաքական տրամադրվածությունները Ղարաբաղում: Մյուս կողմից՝ հակամարտությունն այնքան բարդ է, որ երկու, այս դեպքում՝ երեք կողմին գոհացնող հայտարարություններ անելը չափազանց բարդ է: Շառլ Միշելի հայտարարությունն անփորձ էր, այդ պատճառով արժանացավ նման բողոքների: Հակամարտությամբ մշտապես զբաղվել են ԵԱՀԿ ՄԽ-ն և Ռուսաստանը, Ռուսաստանի համար չափազանց հեշտ է: Եթե տարածաշրջանում փոխվի աշխարհաքաղաքական բալանս, այդ բողոքի ալիքը ավելի պակաս կլինի: Այնուամենայնիվ, ելքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի վերականգնումն է, որին կողմ են Մոսկվան, Երևանը, ԵԱՀԿ-ն, Վաշինգտոնը»,- նշեց նա: