Բաժիններ՝

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում

Ազգերի լիգայի վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ և կարողացավ առաջ անցնել Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից և Էստոնիայից։ Նման հաջողությունները բերեցին B լիգայի ուղեգիր՝ երկրորդ ուժեղագույնն այս առաջնությունում։ Այս լիգայում շատ բարդ է լինելու, քանի որ հավաքականի մրցակիցները կարգով ավելի բարձր են, քան նախորդ խմբում էր։ Առաջիկայում հավաքականն այս խմբում մրցելու է Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ։

Կատարում աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Խոակին Կապարոսի սաները տասը տուրերում գրանցեցին երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, որոնք ի վերջո բերեցին 12 միավոր և մրցաշարային աղյուսակի միայն չորրորդ տեղը: Մարտին թիմն անցկացրել է երկու ստուգողական հանդիպում, որոնցում հաղթել է Մոնտենեգրոյին (1:0) և պարտվել Նորվեգիային (0:9):

«Երբ մենք C լիգայից բարձրացանք B լիգա, ֆուտբոլիստները մեծ վստահություն ձեռք բերեցին իրենց ուժերի նկատմամբ: Մենք գիտակցում ենք այն բարդությունը, որ կապված է այս խմբում հանդես գալու հետ: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, վստահությամբ ենք ներշնչված մեր ուժերի հանդեպ: Եվ, իհարկե, մեր երկրպագուների օգնությամբ կփորձենք լավ խաղ ցուցադրել առաջիկա հանդիպման ընթացքում: Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք և մրցակցում ենք ամենաբարձր մակարդակի վրա:

Թիմը շատ մոտիվացված է, դա երևում է մարզումների ժամանակ: Շատ հեշտ է այս թիմի խաղացողներին մոտիվացնել, որովհետև նրանք նվիրված են իրենց թիմին, իրենց երկրին: Այդ իսկ պատճառով մենք պետք է խաղից խաղ առաջ շարժվենք և շատ մեծ խանդավառությամբ ու սպասելիքներով մոտենանք այս խաղին՝ բնականաբար, ամենայն հարգանքով վերաբերվելով մրցակցին, որը շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունի:

Իռլանդիայի հավաքականը լավ հավաքական է: Ֆուտբոլիստները շատ բարձրակարգ թիմերում են հանդես գալիս, նրանց հարգում ենք, սակայն մենք էլ ունենք մեր ֆուտբոլային առաքինությունները: Նման թիմերի դեմ մենք պետք է գրագետ թիմային խաղ ցուցադրենք: Մեզ համար ճոխություն է հանդես գալ Ազգերի լիգայի B լիգայում: Պետք է հաճույք ստանալ այս ամեն ինչից: Մրցաշարը ցույց կտա, թե մինչև ուր կարող ենք հասնել: Ինչ վերաբերում է ցանկությանը, խանդավառությանը, այս հարցում մրցակիցները մեզ չեն գերազանցի: 10 օրվա ընթացքում 4 հանդիպում անցկացնելը պարզապես խելագարություն է:

Իհարկե, մրցաշարում առաջին հանդիպումը սեփական հարկի տակ խաղալը շատ կարևոր է: Բայց անկախ այս հանդիպման արդյունքից՝ մենք ևս դեռ 3 հանդիպում պետք է անցկացնենք: Մենք առաջ պետք է շարժվենք քայլ առ քայլ: Խաղալ առաջին խաղը 100 տոկոսանոց կենտրոնացվածությամբ և հետո արդեն մտածել հետագա հանդիպումների մասին»,- հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսի խոսքերն է մեջբերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, ով Նորվեգիայի հետ խաղից հետո բուժվում էր վնասվածքից, նշում է, որ  հայ ֆուտբոլիստները հավաքականի ամեն խաղին են մոտիվացված: Իհարկե, բոլորս ենք հիշում Իռլանդիայի դեմ հանդիպումը, ամեն հայ այդ հանդիպումը հիշում է: Բայց դա եղել է 2011 թվականին, ու շատ լավ հանդիպումներ ենք ունեցել դրանից հետո: 100 տոկոսով բոլորս մոտիվացված ենք, լուրջ վնասվածքներ չունենք: Լրիվ պատրաստ ենք հանդիպմանը:

Նախ կցանկանամ շնորհակալություն հայտնել իմ բժշկին, որը վիրահատել է ձեռքս, թիմի ֆիզիկական մարզչին, ով վերականգնողական փուլն է անցկացրել: Կասեմ, որ պատրաստ եմ, իհարկե, 100 տոկոսով չէ, որովհետև խաղ խաղալն ու պարապմունք անցկացնելը նույնը չէ: Բայց ես միշտ պատրաստ եմ իմ ազգի համար, իմ թիմի համար խաղալ: Հավաքականում խաղալը ուրիշ բան է հայ ֆուտբոլիստի համար: Ճիշտ է, պարապմունքները բարձր մակարդակի վրա են, կարող ես քեզ պատրաստել, բայց եթե խաղ չես խաղում, մի քիչ ուրիշ է: 3-4 խաղ չէի խաղացել, եկել եմ հավաքական, ձեռքս կոտրել եմ ու հետ գնացել: 2 ամիս չեմ խաղացել, բայց կասեմ, որ պատրաստ եմ վաղվա խաղին:

Ազգերի լիգայի մասին կասեմ, որ 1 աստիճան վերև բարձրացանք: Հիմա ավելի դժվար է լինելու, շատ դժվար: Մեզ համար հեշտ խաղ չկա, ես միշտ ասել եմ: Հիմա ավելի դժվար է լինելու: Ես թիմի անունից կարող եմ ասել, որովհետև բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ էլ երկար տարիներ ֆուտբոլ եմ խաղում, մենք ամեն խաղին տրվելու ենք 100 տոկոսով: Այստեղ խոսեցին Նորվեգիայի հետ խաղի մասին, մեզ համար լավ կլինի, որ իրենք Նորվեգիայի դեմ խաղը նայելով են պատրաստվել մեր խաղին, որովհետև դա մեզ համար օգտակար է: Մենք հավաքականի ցանկացած խաղին պատրաստվում ենք 100 տոկոսով, մոտիվացված ենք 100 տոկոսով ու տրվում ենք 100 տոկոսով: Կաշխատենք ամենաբարձր արդյունքների հասնել»,- նշում է Վարազդատ Հարոյանը:

Իռլանդիայի հավաքականն անցած մրցաշրջանում լավ ժամանակ անցկացրեց Ազգերի լիգայում, որտեղ թիմին հաջողվեց պահպանել դիրքը B խմբում: Անցած առաջնությունում «կանաչ բանակն» առաջ էր անցել այնպիսի բարդ մրցակիցներից, ինչպիսիք են Բուլղարիան, Ֆինլանդիան և Ուելսը: Թիմին չհաջողվեց դուրս գալ Եվրո 2020, ինչից հետո թիմը չհաղթահարեց Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլը։

Ողջ ընտրության ընթացքում իռլանդացիները գրանցեցին միայն երկու հաղթանակ և երեք ոչ-ոքի, որոնք ի վերջո բերեցին ինը միավոր և երրորդ տեղը մրցաշարային աղյուսակում: Վերջին ընկերական խաղում հյուրերը նվազագույն հաշվով հաղթեցին Լիտվայի հավաքականին (1:0):

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը (Ղազախստան)։

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս