Ալիևն է, թող հայտարարի, այն հայտնի անեկդոտի նման՝ վարպետ, դու էլ ասա. Արայիկ Հարությունյանը՝ «միջանցքի» մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովի ստեղծվելուց հետո Բրյուսելից ու Ադրբեջանից հնչող հայտարարություններին, նշեց, թե ցանկացած կողմ իր «PR»-ն ապահովելու համար շատ բաներ կարող է հայտարարել։
«Ամեն անգամ զարմանքս եմ ուզում արտահայտել, երբ Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարարը, պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասում են, որ որևէ «միջանցքային» տրամաբանության բան չի քննարկվում, և Ալիևի յուրաքանչյուր հայտարարությունից հետո մեզ մոտ չգիտես ինչ դողէրոցք է սկսվում, որ՝ այ, երկիրը ծախեցին, էքստերիտորիալ որոշումների են գնում, և այլն։ Ժողովուրդ ջան, եկեք մենք մեզ հարգենք, էլի, ուրիշին թուրք անվանելով, մենք դրանով մեր հարցերը չենք լուծում, մենք մեր թուլություններն ենք դրանով ցույց տալիս։ Անընդհատ եթե մեկին թուրք ես անվանում, նշանակում է, որ դու սարսափներ ունես, եթե նույնիսկ ունես, ապա դու պետք է գնաս դրա լուծման։ Ալիևն է, թող հայտարարի, այն հայտնի անեկդոտն է՝ ասում է, վարպետ, դու էլ ասա։ Գիտե՞ք՝ մեր խնդիրն ինչն է, որ Հայաստանի գործող իշխանությունը չափից ավելի ազնիվ է, ինչը շատ հաճախ չի օգնում, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ շարունակելու են լինել առավելագույնս ազնիվ և արդար թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
«Արտաքին քաղաքականության մեջ նման բան կա, չէ՞, որ ասում է՝ գնանք բանակցությունների առանց նախապայմանների, սա լավ գիծ է, բայց երբ որ մարդիկ գալիս են, տվյալ պարագայում, հայկական ու ադրբեջանական կողմը սեղանին դնում են իրենց պատկերացումները, դրանք ըստ էության յուրաքանչյուր կողմի նախապայմանն են։ Եվ բանակցությունները պետք են նրա համար, որ դրանց արդյունքում գնան զիջումների, փոխզիջումների և գտնեն օպտիմալ տարբերակ։ Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա։ Եթե դու գնում ես բանակցությունների և փոխզիջում մտքում չունես… մի գեներալ կար՝ Գլաբ, ասում էր՝ Արևելքում փոխզիջման գնալը պարտություն է, Արևմուտքում՝ հաղթանակ։ Կոնֆլիկտը կարող է լուծվել կամ հերթական նվաստացուցիչ պատերազմի, կամ շռնդալից հաղթանակի, կամ, եթե գնում են բանակցությունների, ապա ֆիքսել են, որ կարելի է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով»,- շեշտեց աշխատակազմի ղեկավարը։
Ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը՝ հարցին Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ այդ փոխզիջումները կախված են այն միջավայրից, բանակցությունների օրակարգից, որը կա։ Այսինքն՝ մարդը կարող է գնալ բանակցությունների՝ մտքում ունենալով, որ կարող է գնալ փոխզիջումների, սակայն գնա ու շատ բան զիջի։
«Հայտարարենք, որ գնալու ենք այս փոխզիջումների, ու գնանք բանակցությունների, ժողովուրդ ջան, դուք մեզանից ի՞նչ եք ուզում, ուզում եք գնանք ու թույլ դիրքերից բանակցենք։ Ընդհանուր շրջանակը ուրվագծված է, և Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել է, այդ ընդհանուր շրջանակների սահմաններում դու գնում ես բանակցությունների»,- նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարը։