Արայիկ Հարությունյանը խուսափեց հստակ պատասխանել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը կա՞ իշխանության ծրագրում, թե՞ ոչ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով ընդդիմության փողոցային պայքարի վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե ի՞նչ են քննարկում իշխանություններն այդ պայքարի վերաբերյալ փակ դռների հետևում, նախ դժգոհեց, որ լրագրողները շեղվում են բուն թեմայից և հարցեր չեն տալիս, օրինակ, 2021 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ, ապա հավելեց, որ իրողություններն ընդունում են ի գիտություն։
«Փակ դռների հետևում քննարկվում են առօրյա հարցեր, այնպես, ինչպես բաց դռների հետևում և ըստ էության կառավարությունը հրապարակային է իր գործողություներում ու հայտարարություններում՝ ԱԺ ամբիոնից, Կառավարության նիստերի ժամանակ, այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Հարցին՝ ընդդիմությունը բողոքի ակցիաներով գնում է տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ և պահանջում, որպեսզի Կառավարության անդամներն ասեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ իշխանությունը նման հայտարարություն չի անում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա, իսկ եթե ինչ-որ պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքականության սահմաններից դուրս է գալիս, ապա իշխանությունը, իհարկե, իր բարձրությունից պետք է դրան պատասխանի։
«Եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման, այս բառը լավն է, «իգնոռի» կենթարկվի։ Մի հատ տեսեք՝ այդ ընդդիմությունն իրեն ինչպես էր պահում՝ ներխուժելով ԱԳՆ շենք, ինչպես էր իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են նույն Արցախի խնդրի համար։ Ընդդիմությունը թեպետ ինքը թույլ ընդդիմություն է, և ազդեցությունն էլ թույլ է, բայց այդուամենայնիվ խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում տվյալ անձանց գործունեության հետ կապված։ Այս առումով այդ պահանջների, շուտասելուկների կամ հայտարարությունների վերաբերյալ ասեմ, որ կառավարությունն ինքը հայտարարություն է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է։ Գիտեք, որ կա բանակցային գործընթաց, և այդ գործընթացում որոշակի տակտիկա կա, և ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով ստիպի, որ կառավարությունը, իշխանությունը շեղվի ծրագրերից։ Եթե այստեղ լիներ «5-րդ ալիքը», ապա նրան կասեի, որ իրենց հեռուստաընկերության ստվերային սեփականատերը 1998-2008 թվականներին կամերաների առաջ կարող էր ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, բայց կարող էր գնալ Մեղրիի փոխանակման տարբերակներ քննարկեր։ Հիմա ավելի լավ է՝ գնաս բանակցություններում շատի հասնես ու քիչ խոսե՞ս, թե՞ շատ խոսես ու գնաս դավաճանական բաների։ Կարծում եմ՝ այս տարբերությունները շատ են»,- հավելեց Արայիկ Հարությունյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահաբար հայտարարեց, թե միանշանակ շատի հասնելու են, և ցանկանում է, որ այդ հարցում բոլորն օգնեն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն։
«Շատ կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից և մարտավարությունից»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքին, ապա, ըստ Արայիկ Հարությունյանի՝ Կառավարությունն իր ծրագրից չի շեղվում, ավելին՝ դաշտում կան տարբեր քննարկումներ։
«Մոռանում ենք, որ պատերազմից անցել է ընդամենը 1,5 տարի, և մենք ապրում ենք հետպատերազմյան շրջանում, բավականին տուրբուլենտ։ Եթե ընդհանրապես մենք պատմություն ուսումնասիրենք, ցավում եմ, որ շատերը չեն ուսումնասիրում, և դպրոցական գիտելիքները պակաս են, ապա կիմանան, որ հետպատերազմյան շրջանում պատերազմին մասնակից երկրներում շատ լուրջ խնդիրներ են առաջանում։ Եվ այդ տուրբուլենտ ժամանակահատվածում հնչում են շատ տարբեր գաղափարներ, բայց Հայաստանի գործող կառավարությունը ձևավորած ՔՊ-ի և Կառավարության ծրագրում գրված է այն, ինչ գրված է»,- նշեց Արայիկ Հարությունյանը, այդպես էլ չպատասխանելով հարցին՝ Կառավարության ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքը կա՞, թե՞ ոչ։