Բնականաբար, ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա. Արմեն Գրիգորյան

«Օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը շարունակեն քննարկել, թե ինչպես ենք մենք առաջ գնալու այս գործընթացում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքային խմբի սպասվող հանդիպմանը, նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ հանդիպման oրվա ու ժամի մասին լրացուցիչ տեղեկության դեպքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից կլինի հայտարարություն:

Դիտարկմանը, թե՝ մեր հանձնաժողովի կազմը երկու անգամ պակաս է ադրբեջանական կողմի կազմից, մեր հանձնաժողովի կազմում ներկայացված չեն մասնագետներ, որոնք տեղյակ են պատմությունից, քարտեզներից և որոնք պատրաստ են ոչ թե միանգամից համաձայնելու, այլ կբանավիճեն՝ առարկայական փաստարկներ ներկայացնելով, ԱԽ քարտուղարը արձագանքեց.

«Թվաքանակը աշխատանքային խմբի տեսանկյունից որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ՝ աշխատանքային խումբը միշտ էլ պատրաստություն է անցնում»:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ 2019 թվականի նոյեմբերից սկսած՝ բազմիցս տարբեր մասնագետների հետ տարբեր ձևաչափերում քննարկումներ են ունեցել:

Հարցադրմանը, թե ինչո՞ւ չի առաջարկվել ընդդիմադիրներին՝ մասնագետներ ներգրավել, նա պատասխանեց. «Իշխանության մասով՝ ընդդիմադիրներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է. հենց որ գործադիրում ներկայացված լինեն, այլևս ընդդիմություն չեն լինի։

Այս պահին մեր թիմը մոտ 66 տոկոսով ներկայացված է ԱԺ-ում և նաև՝ մանդատ ունի քաղաքացիներից, որը համապատասխանում է դրան»:

Անդրադառնալով բրյուսելյան վերջին հանդիպմանը հաջորդած Շառլ Միշելի խոսնակի պարզաբանումներին և, մասնավորապես, լրագրողի հարցադրմանը՝ արդյո՞ք հայկական կողմից է եղել նման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով այն, որ հանդիպմանը հաջորդած հայտարարությունը տարաձայնությունների տեղիք է տվել՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ մայիսի 22-ի հանդիպումից հետո շարունակաբար աշխատել են Բրյուսելի հետ՝ մանրամասնելով.

«Բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում, մենք մեր գործընկերների հետ այս հարցի և հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում և բարձրացնում ենք այս հարցերը»:

Խոսելով առհասարակ վերջին հանդիպումից հետո Երևանի ու Բաքվի միջև տարաձայնություների մասին, սահմանային միջադեպերից և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա չի խանգարում հանձնաժողովի աշխատանքներին՝ Արմեն Գրիգորյանը նկատեց. «Բնականաբար, ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, և դա է նաև պատճառը եղել, որ մենք, դեռևս ահմանագծման և սահմանազատման գործընթացները սկսելուց առաջ, առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի:

Ի դեպ, սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում. մենք կքննարկենք, և հույս ունենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմաններին լարումներ չլինեն»:

ԱԽ քարտուղարը վստահեցրեց՝ հայկական կողմը հանրության համար հնարավորին թափանցիկ է աշխատում. հնչող հայտարարությունները ամբողջովին համապատասխանում են գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս